Ժողովրդի թիկունքում տեղի են ունենում հանցավոր պայմանավորվածություններ, առաջիկայում նորից զիջումներ են անելու
11 Հունիս 2024
«Ճղճիմները կարծում են, որ սպառնալով մարդկանց թույլ չեն տա իրացնել Սահմանադրությամբ իրենց վերապահված բողոք ու անհնազանդություն իրականացնելու իրենց իրավունքը»,-հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, երբ երթի մասնակիցները Պռոշյան փողոցում էին՝ կառավարական տների հարևանությամբ։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը նշեց՝ այս իշխանությունները չեն բավարարվել մարդկանց տնից ու տեղից զրկելով, սոցիալական ծրագրերով այն չնչին գումարները, որ տրամադրում են արցախցիներին, դրանցից են ուզում զրկել։
«Այդքան անպատկառ են ու անամոթ։ Այդքան անհայրենիք են։ Այս ամենն ուղեկցվում է ադրբեջանցիների հրճվանքով։ Ադրբեջանական մամուլը կարդալիս տեսնում ես, թե ինչքան են հրճված այս իշխանությունների քաղաքականությամբ։ Այս մարդիկ իրավունք չունեն երկիր և պետություն ղեկավարել, քանի որ նրանց համար արժեքներ գոյություն չունեն, նրանց համար ընդամենը կա մի բան՝ աթոռ, պաշտոն, սեփական աթոռին կպնել միչև վերջ, սեփական կենսամակարդակն ավելացնել՝ թողնելով հայրենակիցներն անպաշտպան, անտուն»,-ասաց Դանիելյանը։
Նա հորդորեց կառավարական առանաձնատան մոտ հերթապահություն իրականացնողներին հեռանալ, քանի որ Փաշինյանի նստավայրը պաշտպանված է ծառերով։
Ի վերջո երթը հասավ Բաղրամյան պողոտա, մինչ այդ կանգ առան նախագահի նստավայրի դիմաց՝ հայտարարելով, որ պայքարին այլընտրանք չկա, քանի որ հայն ու Հայաստանը պետք է ապրեն։
«Ամոթ ձեզ, դա նաև մեր ամոթն է, որ մինչև հիմա դուք զբաղեցնում եք այդ պաշտոնը։ Այս շենքում միշտ կարևոր որոշումներ են կայացվել, սա եղել է մեզ համար կարևոր խորհուրդ ունեցող կառույց, այս շենքի կողքով անցնելիս զգացել ենք, որ մեր երկիրը հզոր է, ուժեղ է, բայց վերջին տարիներին ականատեսն ենք անդեմ, անողնաշար քաղաքականության, որը մեզ բերել, հասցրել է այս վիճակին։ Դուք չեք սպասարկում հայ ժողովրդի շահերը, սպասարկում եք թուրք-ադրբեջանական շահերը, Ալիևի ու ձեր բառամթերքի մեջ մենք տարբերութուն չենք տեսնում»,-ասաց նա՝ հեռակա դիմելով Վահագն Խաչատուրյանին։
Նշենք, որ նախքան երթը սկսելը Դանիելյանը հայտարարել էր՝ այս օրերին ՀՀ իշխանությունը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ՀՀ ինքնիշխան տարածքները հանձնել է թշնամուն․ «Այդ հայրենազրկման գործընթացը փորձում են շարունակել նորանոր զիջումներով եւ նորանոր գյուղեր, բնակավայրեր հանձնելով թշնամուն։ Այս պահին, երբ մենք երթ ենք իրականացնում, նորից տեղի են ունենում հայ ժողովրդի թիկունքում հանցավոր պայմանավորվածություններ, առաջիկայում նորից զիջումներ են անելու, որը կենսական նշանակություն ունի մեր հայրենիքի համար»։
Դանիելյանը շեշտեց՝ պետք է կասեցնել իշխանության՝ հայ ժողովրդին նվաստացնող գործողությունները։