Տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ ՀՅԴ դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով
18 Հունիս 2024
Այսօր՝ հունիսի 18-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ՀՅԴ դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով:
Ասուլիսին մասնակցել են ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Վահե Եփրիկյանը:
«Հերթական հակաօրինական ու անբարոյական արշավն է սկսվել գործող իշխանությունների կողմից բոլոր հնարավոր և անհնարին լծակներով ընդդեմ այն պայքարող մարդկանց ու ուժերի դեմ, ովքեր հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը ի պաշտպանության Հայաստանի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքների, Արցախի Հանրապետության պաշտպանության»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց նաև, որ տևական ժամանակ է նիկոլական իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ վրա, ընդ որում՝ տարբեր ժամանակահատվածներում օգտագործելով ամենատարբեր մեթոդները, բայց ձեռագիրը նույնն է՝ կեղծիքի, ստի, քաղաքական հալածանքների միջոցով, այսպես կոչված օրինականության շղարշի քողի տակ, փորձել ներկայացնել մեղադրանքներ։
«Դուք տեղյակ եք, թե ինչպես է նիկոլական իշխանությունն արգելում ՀՅԴ-ականների եւ այլ գործիչների մուտքը Հայաստան: տեղեկացնեմ, որ անձամբ ինձ հետ էլ է պատահել: Այս մարդիկ չխորշելով համագործակցում են նաեւ այլ երկրների կառույցների հետ, որպեսզի հնարավորինս խոչընդոտվի ՀՅԴ-ականների այցերը տարբեր երկրներ, հայ համայնքների հետ հանդիպման Հայ դատի աշխատանքների ներգրավման շրջանակներում:
Բայց նաեւ ՀՀ-ում բոլոր հնարավոր մեթոդները կիրառում են, որ արհեստական կեղծ քրեական գործեր հարուցեն, հարձակում են կազմակերպում ՀՅԴ գրասենյակի նկատմամբ:
Տեղյակ եք, որ իրականացվել են մասշտաբային խուզարկություններ, ձերբակալություններ, այս պահի դրությամբ նաեւ նիկոլական քննչական համակարգի եւ իրենց վերահսկողության տակ գտնվող դատավորների կողմից կայացվել է 5 կալանքի որոշում: Բոլոր որոշումները տեսակցության սահմանափակմամբ է: Այս պահին ունենք 5 կալանավորված անձ, որոնցից 4-ը երկու ամսով, մեկը՝ 1 ամսով: Ունենք 3 տնային կալանք 2 ամսով, ունենք 1 գրավով եւ 1 բացակայելու արգելքով փախանման միջոց կիրառված անձինք: Այստեղ խոսքը միայն Վայոց Ձորի մասին է, խոսքը չի գնում շարժման շրջանակներում ձերբակալված, ապա կալանավորված կամ քրեական հետապնդման մեջ գտնվող մեր ընկերների մասին»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
«Երկու- երեք օրը այս տեմպը հիշեցնում էր բոլշևիկյան ժամանակաշրջանի առաջին շրջանը, ավիսնուրիջանյանական, աթարբեկյանական մոտեցումները, թե ինչպես էին փորձում ուղղակի ձերբակալման եւ տարատեսակ ճնշումների միջոցով փորձել կորզել ինչ-որ բաներ, որոնք իրականում չէին էլ կարող, որովհետեւ չկար: Այն հրապարակային մեղադրանքը, որ հնչեցնում են եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է ԱԺ-ից ներկայացնել, հիմա քննչական մարմինները ամբողջ ծվալով լծված է դրանք ապացուցելու կամ այդ ուղղությամբ փաստեր հավաքելու գործին:
Հիշեցնենք դրանցից մի քանիսը: Առաջինը թշնամանք սերմանելու նպատակով արցախցիների նկատմամբ կեղծ ու ստոր տեղեկություններ էին հրապարակվում, իբր նրանք հանրահավաքներին մասնակցում են փողի համար, կամ պարտադրում են հավաքներին մասնակցել որոշակի գումարի դիմաց: Երկրորդը, իբր փողեր են բաժանվում նյութական շահագրգռություն առաջացնելու համար, որ մարդիկ հավաքներին մասնակցեն: Էլ չասած այն այլանդակությունները, որ թշնամանք սերմանելուն զուգահեռ ողջ համակարգը լծված է այս շարժումը վարկաբեկելուն»,-ասաց Մինասյանը։
Փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՅԴ դեմ սկիզբ առած բռնաճնշումների՝ ասաց. Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ՝ ամբողջությամբ ապօրինի եղանակով:
«Ի սկզբանե պարզ էր, որ ձերբակալությունները և հետագայում կալանքի տանելու միջնորդությունները պայմանավորված են եղել կոնկրետ անձանց կոնկրետ կուսակցական լինելու հանգամանքով, կուսակցությունում նրանց զբաղեցրած դիրքով, կապերով։
Կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, կողքը՝ թե ինչ կարգավիճակ ունի ՀՅԴ գրասենյակում, և ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը»,-ասաց Բաբայանը։
Փաստաբանն ասաց, թե դատարաններում ցանկացել են ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ։
«Դա հետևյալն էր, որ որևէ մեկը հայտարարի, թե իսկապես գումար է բաժանվել։ Ոստիկանության մարզային վարչության բարձր ղեկավարության կողմից մի քանի անձի նկատմամբ կոնկրետ փորձ է արվել, ոստիկանության բաժիններում առաջարկել են տալ այդպիսի ցուցմունքներ և ասել, թե այդ դեպքում անմիջապես ազատ կարձակվեք։ Ում այդպիսի առաջարկ է արվել, բոլորը հիմա կալանավորված են. դա նշանակում է, որ չեն համաձայնել այդպիսի ցուցմունքներ տալ, որովհետև չի էլ եղել այդպիսի հանգամանք»,-հայտարարեց Արսեն Բաբայանը։
Ըստ փաստաբան Վահե Եփրիկյանի՝ այսօր կալանքների կամ տնային կալանքների մեծ մասը կիրառվում է երկու դեպքում՝ կամ ՀՅԴ-ական են, կամ արցախցի են։ Այս մարդիկ պրոբլեմ ունեն արցախցիների, դաշնակացականների հետ:
Նա նշեց, որ «գործ կարել էլ չգիտեն, ինչը փնթիության ամենավերջին ստադիան է». «Սկզբում տանում են բաժին ու ասում՝ ձեր նկատմամբ իրականացվում է վարչական ձերբակալություն, մեկուկես ժամ հետո քրեականի պետին ցուցում է գալիս՝ վարչարարություն չէ, փոխեք քրեական։ Չեն կողմնորոշվում խուլիգանություն կարե՞ն, ավազակային հարձակո՞ւմ, թե՞ զանգվածային անկարգություն»։
Վահե Եփրիկյանը նաեւ նշեց, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին քարտ-բլանշ է տալիս. «Ասում է՝ եթե իմ աթոռի համար եք ջարդում, փշրում, սպանում, ինչ ուզում եք արեք»։
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/sefuLbjYBvc