Շահրամանյանի մեքենայի առեւանգումն ուղերձ է Ադրբեջանին
21 Հունիս 2024
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենայի առեւանգումն ուղերձ է Բաքվին. այսօր՝ հունիսի 21-ին, Արցախի ներկայացուցչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սա բացառապես քաղաքական ուղերձ է ուղղված Ադրբեջանին, որ տեսնում եք, ձեր բոլոր հրամանները հլու հնազանդ կատարում ենք։ Ուղերձ է նաև արցախցիներին, որ արցախցիները որևէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հանրային գործընթացներին»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ այդ գործընթացը ձախողվելու է։
Հարցին՝ արդյո՞ք այս քայլն արվել է նաև այն պատճառով, որ Շահրամանյանը վերջերս լրագրողներին տված ճեպազրույցում ասել էր, թե հրապարակային անդրադառնալու է Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, Խաչատրյանն ասաց. «Այդ ամեն ինչը չեմ բացառում, սա իհարկե նաև լռեցնելու նպատակ էր հետապնդում։ Իշխանությունները 44-օրյա պատերազմի ծագման և պատճառների մասին այնքան ստեր են պատմել, որ նրանք ամենևին չեն ցանկանա, որ այդ ստերը մերկացվեն»։
Պատգամավորի խոսքով՝ արցախցիներին իշխանությունը փորձում է թողնել առանց ղեկավարի. «Իսկ առանց առաջնորդության մնացած ժողովուրդը չի կարող կազմակերպվել, և, ցավոք, հակված կլինի լքելու Հայաստանը»։
Նշենք, որ այսօր, Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրել են Արցախի ներկայացուցչության դարպասները և առգրավել նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։ Ներկայացուցչությունից հայտնել են, որ ծառայողական մեքենայի բռնագրավման վերաբերյալ դատարանի որոշում իրենց չի ներկայացվել։