Վահան Հովհաննիսյանը եւ իր վեպը
28 Դեկտեմբեր 2017 Արտաշես Շահբազյան 2007 թվականին, «3 միլիոն» խորագրով ամսագրին, տված հարցազրույցում Վահան Հովհաննիսյանն ասում է.« Հիմնական հոբբիս հիմա կարդալն է, այսինքն՝ միշտ է դա եղել: Ի դեպ, ես կարդում եմ երկու տիպի գրականություն՝ գիտական գրականություն եւ դեդեկտիվներ: Վերջինները ավելի շատ կարդում եմ, որ անգլերենը չմոռանամ: Լուրջ գեղարվեստական գրականություն հիմա քիչ եմ կարդում: Ինչ որ պետք է, ես ժամանակին կարդացել եմ»:Վահան Հովհաննիսյանի հետ զրուցելիս, հատկապես երբ կար ազատ ժամանակ եւ հակվածություն հոգեշահ զրույցների համար, կարելի էր համոզվել, որ ընթերցած գրականության շնորհիվ նա կուտակել էր գիտելիքների հսկայական պաշար: Հիշելով պատառիկներ իր բանավոր ելույթներից, հրապարակախոսական գրություններից եւ իհարկե ստեղծագործած ցավոք միակ վեպից, կարելի է հասկանալ, որ կուտակած այդ գիտելիքները բազմազան էին, ընդգրկում էին համաշխարհային պատմությունը, մշակույթը եւ այլ ոլորտներ: Հայ, ռուս, եվրոպական եւ այլ ժողովուրդների պատմությունը, մշակույթը, կենցաղը, եւ ժողովրդագրական առանձնահատկությունները գիտեր մասնագիտական խորությամբ:

Այլ հարց, որ նա մտավորականի իր կերպարը ի ցույց դնելու հավակնություններից հեռու էր եւ մյուս կողմից գիտելիքները դրսեւորելու ասպարեզից էր հեռացել՝ մի օր կենսագրության կտրուկ շրջադարձ կատարելով դեպի ազգային ազատագրական պայքար, Հայաստանի անկախության շարժում եւ կուսակցական, քաղաքական ու պետական գործունեություն:
Սա իր կյանքի աներկբա ընտրությունն էր, թեեւ առիթների դեպքում ափսոսանքով էր հիշում գիտական գործունեության տարիները եւ երբեմն էլ իրեն հատուկ հումորով ասում էր.«Հաջողություն ձեր աշխատանքներին, ես վերադառնում եմ հնագիտություն»:
Իր նախկին գործընկերներից լսել եմ, որ Վահանը լավ հնագետ էր եւ քաղաքականության հաշվին պատմագիտության այս ասպարեզը կորցրեց հմուտ ու հեռանկարային գիտնականի:
Մասնագիտության ընտրության եւ մասնագիտական աշխատանքի մասին պատկերացում կազմելու համար ավելի տպավորիչ կլինի, եթե դարձյալ լսենք իրեն, մեջբերում կատարելով վերը նշված հարցազրույցից:
«Ես մանկության տարիներից էլ ուզեցել եմ պատմաբան դառնալ: Ինձ սկզբում ավելի շատ հետաքրքրում էր միջնադարը: Երբ ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձա Հայաստան (Մոսկվայում եմ ավարտել) ցանկացա աշխատել եւ զբաղվել միջնադարյան Հայաստանի, հատկապես՝ Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանով: Ի դեպ՝ երբ ավելի վաղ ես Հայաստանում փորձեցի պատմության ֆակուլտետ ընդունվել, «ամենավերեւից» պահանջ եկավ, որ պատմության մեջ չմտնեմ, քանի որ դիսիդենտի որդի եմ: Ես ստիպված ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ, բայց, որպեսզի հետո անեմ այն, ինչ ուզում եմ, տեղափոխվեցի Մոսկվա: Երբ վերադարձա, միջնադարի ուսումնասիրությունն էլ առջեւս փակեցին, ասացին, որ այնպիսի բան ընտրեմ, որը հեռու լիներ մեր ժամանակներից, որպեսզի
«Դասակարգային պայքար չլիներ: Ես ընտրեցի հնագիտությունը՝ բրոնզե դարը: Ոտք ու ձեռքով մտա դրա մեջ եւ հասկացա, որ դա աշխարհի ամենալավ մասնագիտությունն է»:
«Ես տարբեր տեղեր եմ պեղումներ արել՝ Հարավային Հայաստանում, հատկապես՝ Վայքում, Դիլիջանի շրջակայքում, Սեւանի ավազանում: Սակայն ամենակարեւոր հուշարձանը, որի պեղումները ղեկավարել եմ, եղել է հայտնի Քարաշամբի դամբարանադաշտը՝ Երեւանից 30 կմ հյուսիս՝ Հրազդան գետի հունով: Այդ դամբարանադաշտի նյութերը մինչեւ հիմա դեռ ամբողջությամբ հրապարակված չեն: Այնպիսի ֆանտաստիկ հուշարձան էր, որ պետությունը որոշեց դրա մի մասը դարձնել արգելոց եւ դեռ չպեղել, հետագայում ավելի նոր ու կատարելագործված տեխնիկաների միջոցով շարունակել: Եւ հիմա այդպես էլ մնում է: Դամբարանադաշտի տարածքը կառուցապատման տակ էր: Մենք շինարարների հետ կոնֆլիկտներով կարողացանք դադարեցնել շինարարությունը: Ես նույնիսկ ստիպված եղա Ավանի դպրոցի աշակերտներին պառկեցնել դանբարանաթմբի վրա, որ տրակտորները կանգնեն: Դրանից հետո մենք ստացանք պեղումների թույլտվություն, արգելեցինք շինարարությունը եւ սկսեցինք աշխատանքները, որոնք այնպիսի արդյունքներ տվեցին, որ 1940-ականներից սկսած ամբողջ Հարավային Կովկասում չեն եղել: Հայտնաբերված գանձերը ներկայումս պահպանվում են պատմության թանգարանում: Ես դրանք հրապարակել եւ դրանց հիման վրա պաշտպանել եմ թեկնածուական թեզ»:
1980 թվականից Վ. Հովհաննիսյանը աշխատում է «Էրեբունի» թանգարանում սկզբում` որպես գիտաշխատող, հետո` գիտահետազոտական բաժնի վարիչ, իսկ 1989 թվականից տեղափոխվում է Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Տարբեր հնագիտական արշավախմբերի կազմում պեղումների է մասնակցում Հայաստանի տարածքով մեկ. այդ պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզի և վաղ երկաթի դարի շատ արժեքավոր նյութեր:
Բայց ամենից աչքի ընկնող գտածոները, ինչպես եւ ինքն է նշում հարցազրույցում, պեղվել են Քարաշամբում, ուր աշխատում էր Վահան Հովհաննիսյանի ղեկավարած արշավախումբը: Քրիստոսի թվականությունից առաջ XXIII դարի դամբարանում հայտնաբերվել են անգնահատելի գիտական և նյութական արժեք ներկայացնող գտածոներ: Դրանց թվում է հռչակավոր արծաթե գավաթը, որի վրա պատկերված դիցաբանական սյուժեն մշակութաբանորեն կապում է գավաթի ստեղծողներին մեր երկրի հնագույն հնդեվրոպական բնակչության` հայերի նախնիների հետ: Հրաշալի պահպանված գավաթը, վկայում է, որ այդ շրջանում արդեն Հայաստանը բավական զարգացած արտադրական ու մշակութային կենտրոն է եղել: Այս եւ մյուս ցուցանմուշներն այսօր Հայաստանի պատմության թանգարանի հպարտությունն են եւ որպես այցեքարտ ցուցադրվում են Հայաստանում ու արտերկրում:
Գտածոներն ու հետազոտությունները հիմք են հանդիսացել Վահան Հովհաննիսյանի մի քանի տասնյակ գիտական գործերի և թեկնածուական թեզի համար:
Ռուսաստանում եղած տարիներին Վահանը աշխատել է նաեւ, այսպես ասած, ռուսական Լուվրում «Էրմիտաժում», եւ Լենինգրադի Արեւելագիտության ու հնագիտության ինստիտուտներում:
Մեջբերվող հարցազրույցում անդրադառնալով հայտնի ռուս գիտնական Պիոտրովսկու կողմից ասված այն մտքին, թե ափսոսում է, որ Վահանը հեռացել է հնագիտությունից եւ դարձել է քաղաքական գործիչ Վահանն ասում է. «Ինձ հայտնի չէ, որ նման բան է ասել: Բայց եթե որեւէ մեկն ասել է, ապա ես համաձայն եմ: Ես էլ եմ ափսոսում: Բայց ճակատագիրն է ստիպել: Երբ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի դարձավ, ես շատ երիտասարդ չէի, բայց մինչ այդ սովետական բանակում չինական սահմանի վրա հատուկ ջոկատներում էի ծառայել: Զենքին եւ պատերազմի արվեստին տիրապետում էի: Եթե գիտելիքներ ունես, որոնք, քո ժողովրդին այդ պահին պետք են, ուրեմն ընտրության առջեւ ես՝ «եթե ոչ՝ ես, ապա ո՞վ»:
Հարցազրույցից բերված այս ընդարձակ մեջբերումների նպատակը ոչ միայն գիտնական Վահան Հովհաննիսյանի կենսագրական փաստերը ներկայացնելն էր, այլեւ կարծում եմ դրանով որոշ պատկերացում է ստեղծում եւ իր մարդկային կերպարի մասին:
Քաղաքական գործիչ Վահանը մեզ հայտնի էր իր տրամաբանված, կրակոտ ու սուր բանավոր ելույթներով, իսկ պատգամավորության վերջին տարիներին նա սկսեց նաեւ հոդվածներ գրել:
Վահանի համար այս աշխատանքը ձեռնարկելու մղիչ ուժը խոր մտահոգությունն էր Հայաստանի ապագայի վերաբերյալ: Հաճախ եմ լսել իրենից այն միտքը, թե երկրի ժողովրդագրական եւ մյուս կորուստները խորանալով կարող են մի սահմանի հասցնել, որտեղից վերադարձ այլեւս հնարավոր չի լինի: Այս մասին է վկայում նաեւ yerkir.am կայքէջում հրապարակված եւ Հարություն Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր արդեն գրքի վերածված հոդվածաշարի խորագիրը. «Մայրամուտ, որը պետք է կասեցնել»:
Հոդվածաշարի նախաբանում Վահանը գրում է. «Ամենասարսափելին այն է, որ մենք հաշտվում ենք պարտության հետ, որին ինքներս ենք մեզ դատապարտում օրեցօր: Կա՛մ զարթոնքի թարմ քամի եւ քայլ դեպ ապագա, կա՛մ մակաբուծություն սեփական պատմության վրա, ահա սա է այն ընտրության իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է»:
Ընտրելով հրապարակախոսության լեզուն իրարահաջորդ հոդվածներում դրանց հեղինակը անդրադառնում է մեր պատմությանը, փորձում է բացահայտել հայ մարդու խառվածքի այն առանձնահատկությունները, որոնք որոշակի դեր են խաղացել նրա պատմական ճակատագրում, եւ կանխորոշել են այսօրվա իրականությունը: Հետաքրքրական ու խորը վերլուծության են ենթարկվում Հայաստանի անկախության նոր շրջանի գործընթացները, ախտորոշելու նպատակով առկա իրականության պատճառահետեւանքային կապերը: Իսկ հետապնդվող հիմնական նպատակն իհարկե ստեղծված իրականությունը հաղթահարելու ելքերի որոնումն էր: Իր վերլուծությունները Վահանը կատարում է պատմական ընդգրկուն հայելու վրա, համեմատությունների ճանապարհով ընդհանրություններն ու օրինաչափությունները հայտնաբերելու մտասեւեռմամբ:
Հոդվածաշարը արժեքավոր է, քանի- որ քննվում են մեր ընդհանուր ճակատագրի հարցերը, եւ մյուս կողմից, որպես քաղաքական-վերլուծական նյութ հետաքրքրությամբ էր ընթերցվելու, եթե անգամ մեզ չվերաբերեր:
Ինչպես հիշյալ եւ մյուս հոդվածների պարագայում, նույնպիսի անակնկալ էր ընկեր Վահանի վեպի լույս աշխարհ գալը: Ինչն էր «ստիպել» կուսակցական-քաղաքական, պետական աշխատանքներով բազմազբաղ մարդուն ձեռք զարկելու ստեղծագործական մի աշխատատար գործի: Համենայնդեպս հազիվ թե գրողի համբավ ձեռք բերելու հավակնությունը: Ծանոթանալով այն ուղերձների հետ, որոնք հղում է վեպն ընթերցողին ինչպես եւ գրքի վերաբերյալՎահանի որոշ արտահայտություններին կարելի է հիշել քսաներորդ դարի երկրորդ կեսի լատինամերիկյան մեծ գրականությունը ստեղծած հեղինակների հետեւյալ արտահայտությունը.«Ես գրում եմ, որպեսզի օգնեմ լատինամերիկյան հեղափոխությանը»: Կարծեմ, որ այսպիսի մի քաղաքական-գաղափարական պատվեր է իր առջեւ դրել կամ, այլ կերպ ասած, հանձնառություն է ստանձնել նաեւ Վահանը, ձեռնամուխ լինելով իր համար նոր, ստեղծագործական աշխատանքի: Ենթադրությունս է հաստատում նաեւ այն բացատրությունը, թե.«Վեպը ռուսերեն եմ գրել, որպեսզի ավելի լայն լսարան ունենա»: Այս նույն նկատառումով էլ սեփական կյանքի մայրամուտին նա անհամբեր էր, որ տեսնի հայերենի կողքին անգլերեն թարգմանությունը: Վահանը հավատում էր իր ուղերձների կարեւորությանը այսօրվա համաշխարհային տագնապալի զարգացումների խորապատկերի վրա եւ վեպն ընթերցողն էլ համոզվում է գրքի ասելիքի կարեւորության մեջ:
Ի՞նչ վեպ է գրել Վահանը: Այն կարելի է դասել իր սիրելի դեդեկտիվի ժանրին: Ավելի ստույգ քաղաքական դեդեկտիվի ժանրին: Մյուս կողմից դեդեկտիվ գրականությանը բնորոշ է նորավեպի նմանությամբ կոնկրետ ժամանակահատվածի մեջ կոնկրետ իրադարձությունների զարգացումն ու հանգուցալուծումը՝ առանց նախապատմությունների: Այնինչ «Մանդիլիոնը» նման է երկու հազարամյակ ընդգրկող իրադարձություններով եւ սերունդների խճճված կենսագրություններով պատմավեպի: Սակայն ժանրային այս բնորոշումը եւս կաշկանդիչ է թվում ներկա ժամանակում ապրող մարդկանց ճակատագրերի եւ հարաբերությունների համապատկերի առումով եւ պետք է պարզապես ընդունել, որ ինչպես ամեն մի լավ ստեղծագործություն «Մանդիլիոնը» եւս չի տեղավորվում իզմերի ու ժանրերի կաղապարների մեջ:
Մեկհատորյակի ծավալի մեջ հաջողվել է ընդգրկել երկու հազարամյա ժամանակահատված ամփոփող իրադարձություններ, սկսած Եդեսիայի Աբգար թագավորի նամակագրությունից Հիսուս Քրիստոսի հետ եւ տիրոջ գործունեության ու ձերբակալության նկարագրությունները, Կոստանդնապոլսի կործանումից, մինչեւ հայոց ջարդերը, առաջին աշխարհամարտը, կամավորական շարժումն ու ինքնապաշտպանական կռիվները, Սարդարապատը, Առաջին Հանրապետության անկումն ու Փետրվարյան ապստամբությունը, Հայաստանի խորհրդային տարիներից մինչեւ նոր վերազարթոնք՝ Ղարաբաղյան պայքար ու Հայաստանի անկախացում: Եւ ի վերջո ներկա իրականությունը՝ կրոնական ծայրահեղականությունը եւ միջազգային ահաբեկչությունը:
Ժամանակային մեկ կտավի վրա միախառնելով ու շաղկապելով պատմական իրադարձությունները, Վահան Հովհաննիսյանը փաստում է, որ չկան իրարից կտրված անցյալ ու ներկա, այլ կա իրադարձությունների մեկ շղթա: Անցյալը շարունակում է ուղղորդել ներկան եւ ներկան կարող է ներգործել անցյալի վրա: Իր ստեղծագործության հերոս Ռալֆ Կոտերյանի բերանով նա մեջբերում է Ջորջ Օրուելի հետեւյալ արտահայտությունը. «Ով կառավարում է անցյալը՝ նա կառավարում է ապագան, ով կառավարում է ներկան՝ նա կառավարում է անցյալը»:
Կարծես, թե այս ճշմարտությամբ առաջնորդվելով է, որ իրար հետ կենաց-մահու մրցակցության մեջ են մտնում «Մանդիլիոնի» հակառակորդ կողմերի հերոսները, որոնց մեկ մասը ձգտում է գտնել եւ փրկել Քրիստոսի ձեռամբ արարված նրա դիմապատկերը, իսկ մյուս կողմը ձգտում է գտնել եւ ոչնչացնել այն:
Վեպը սկսվում է հենց գլխավոր հերոսուհու տարօրինակ երազով: Երազի մեջ մանրամասնորեն պատկերվում է զինված մարդկանց ընդհարում, որը հետագա էջերում հիշեցնում է եւ Քրիստոսին փրկելու ժամանակ տեղի ունեցած բախումը եւ նման է Կոստանդնապոլսի կործանման ժամանակ տեղի ունեցող կռիվներին եւ կարող է հիշեցնել առհասարակ միջնադարյան ժամանակները:
Հերոսուհու մտածումների եւ գործունեության հետ որեւէ առնչություն չունեցող այս երազը եւ դրան նախորդող նման երազները կարծես խորհրդանշում ու հաստատում են վերն ասված միտքը, թե անցյալն ապրում է մարդկանց հետ: Անի Մորանը ինչ որ նախախնամությամբ տեսնում է երազում իրադարձություններ, դեպի ուր կյանքը նրան քայլ առ քայլ պետք է տանի արդեն գալիք օրերում:
Պապի անակնկալ մահվանից հետո նա կամա թե ակամա ներգրավվում է Քրիստոսի իսկ ձեռամբ ստեղծված փրկչի դիմապատկերի կամ Դաստարակի որոնմանը: Իսկ այդ որոնումը արդյունք կունենա, եթե հաջողվի գտնել ու վերծանել աշխարհով սփռված Դաստարակի պահապանների մոտ եղած ու սերնդե սերունդ փոխանցված վկայությունները եւ այլ փաստաթղթերը:
Եւ այս ճանապարհին, առանց պատկերացնելու դրա հնարավորությունն ու վտանգը տեղի է ունենում ճանապարհների խաչաձեւումը իսլամական ծայրահեղական շարժման ներկայացուցիչների հետ:
Անդրադառնալով ներկայիս աշխարհը ալեկոծող երեւույթներից մեկին Վահան Հովհաննիսյանը ընթերցողին է հղում գլխավոր ուղերձներից մեկը: Քրիստոսի դիմապատկերով Դաստարակը կամ հունարեն լեզվով հայտնի՝ Մանդիլիոնը իրապես էլ լինելով քրիստոնյա աշխարհի գլխավոր սրբություններից մեկը, ըստ վեպի, տարիներ եւ նույնիսկ դարեր շարունակ լինելով կրոնամոլ իսլամիստների հետաքրքրության առարկան ներկայում դարձել է վերջինների հետեւորդ «Գայլերի ոհմակ» ծայրահեղական շարժման անդամների փնտրած թիրախը: Մոլեռանդ այդ ուժերը համարում են, որ քրիստոնյա հավատը հետեւաբար եւ նրա հետեւորդներին կարելի է թուլացնել ու հաղթել՝ նրանց գլխավոր սրբություններին տիրանալու ու ոչնչացնելու ճանապարհով: Ֆիզիկական հաղթանակից առավել կարեւոր է նկատվում հոգեւոր կռվանների թուլացումն ու ոչնչացումը: Մյուս կողմից, նույն այդ մարդիկ բացատրում են, որ իրենք փորձում են նույն նպատակին հասնել շատ ավելի նրբորեն: Ամբողջ աշխարհում նրանք ֆինանսավորում են մարդկանց, ովքեր գրքեր կգրեն, ըստ որոնց կասկածի տակ կդրվեն Քրիստոսի կյանքի ու գործի մանրամասները, քննարկման ու նորովի մեկնաբանությունների նյութ կդարձվեն քրիստոնեական դոգմաները: Այս ճանապարհով փորձ է արվում կասկածի ենթարկել քրիստոնեական ճշմարտությունները, ձեւախեղել ու վարկաբեկել դրանք: Վահան Հովհաննիսյանի այս ասելիքը ինչպես տեսնում ենք արդիական էր երեկ, խիստ արդիական է այսօր եւ հավանաբար այդպիսին կլինի դեռ երկար ժամանակ: Իսկապես էլ արդյո՞ք հոգեւորի անվան տակ նույն այդ նեղկրոնական մոլեռանդության բորբոքած հրդեհի մեջ չէ աշխարհը: Մյուս կողմից, բացահայտ ռազմական գործողությունների ու ավերների կողքին ականատես չե՞նք այն երեւույթին, երբ հենց քրիստոնյա հզոր երկրներում հրապարակվում են գրքեր, նկարահանվում են ֆիլմեր, որոնց միջոցով շատ նրբորեն, հաճախ նույնիսկ քրիստոնեության արժեքների պաշտպանության անվան տակ, իրականացվում է կասկած սերմանելու, հոգեւոր արժեքներն ու սրբությունները վարկաբեկելու գործընթաց: Պատահականությո՞ւն է այս բոլորը՝ Վահան Հովհաննիսյանը ասում է ոչ: Այս ամենի մեջ, որպես կրոնամոլության հրդեհի բորբոքման հարցում դերակատար ուժի նա մատնացույց է անում թուրքերին: «Գայլերի ոհմակի» թուրք ղեկավարներից մեկը բացատրում է, որ իրենք ունեցել են իրենց արժանի նախորդները, ի դեմս երիտթուրքերի: Այլ խոսքով ներկայումս դրսեւորվող իսլամական ծայրահեղականության ոչ միայն թիկունքում, այլեւ ակունքներում մատնանշվում է Թուրքիան, որի ավերիչ ու զավթողական էությունը հիմքն է դեռեւս քրիստոնեության պատվար Բյուզանդական կայսրության օրերից եւ դրանից էլ առաջ սկսված ու այսօր էլ շարունակվող, լայն առումով, ավերները ժողովուրդների կոտորածներն ու ցեղասպանությունները եւ չդադարող ահաբեկչությունները:
«Մանդիլիոն> վեպի երկրորդ գլխավոր ուղերձը հետեւյալն է:
Եդեսիայի Հայ Աբգար թագավորը, փաստելով քրիստոնեական ուսմունքի նկատմամբ իր հավատը, (նա հետագայում նաեւ դառնում է քրիստոնեություն ընդունած առաջին տիրակալը), արժանանում է Փրկչի բարեհաճությանը եւ նրանից ստանում է իր դեմքի հետ կտավի շփումից առաջացած դիմապատկերը: Այս գլխավոր սրբությունը տրվում է հավերժորեն ի պահ հայ ժողովրդին, որպեսզի վերջինս ամուր ու անկեղծ հավատի ուժով պահպանի այն եւ միաժամանակ Դաստարակը պետք է պաշտպանի ու պահպանի հայ ժողովրդին: Դաստարակն ունի նաեւ շատ ավելի լայն ու խորհրդանշական արժեք՝ այն օժտված է պաշտպանելու քրիստոնյա ժողովուրդներին: Վահան Հովհաննիսյանն իր վեպում ասում է, որ հայ ժողովուրդը անուրանալի նվիրվածությամբ ամենաանկեղծ եւ նվիրյալ հավատավորն է քրիստոնեության եւ այս առումով նա ունի շատ կարեւոր առաքելություն: Քրիստոսը Աբգար թագավորի պատվիրակին տալով դաստարակը ասում է.«Այն ինչ ստացար ինձանից, հատկապես պահպանիր, դրանում քո ամբողջ ժողովրդին ուղղված հավիտենական օրհնանք է: Միայն թե երբեք չմոռանաք՝ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում»:
Շոշափելով վերը հիշատակված հակադրության եւ բախումի պատկերը միաժամանակ Վահան վիպասանը շեշտում է մեկ շատ կարեւոր միտք. իրականում սա քրիստոնյա ու իսլամ հավատների եւ աշխարհների բախում չէ, այլ կույր մոլեռանդների հրահրած անհանդուրժողություն՝ նեղ շահերին կրոնի գործոնի ծառայեցումը, սեփական դավանանքի միտումնավոր նեղ մեկնաբանությունն ու այդպիսի զենքով աշխարհին պատերազմ հայտարարելը: Վահանի հերոսներն ասում են, որ եւ քրիստոնյաները եւ մահմեդականները պատմության ընթացքում միմյանց նկատմամբ սխալներ գործել են, սակայն կրոնական բախումներն անցյալում են:
Քաղցարվենիք վաճառող սիրիացի իմաստուն ծերունին մեջբերում է Մուհամեդ Մարգարեի հետեւյալ խոսքը.«Մեզանից չէ նա, ով անհանդուրժողականության է կոչում, ով կռվում է անհանդուրժողականությունից ելնելով եւ նա, ով մեռնում է իր անհանդուրժողականությունից»: Ծայրահեղականններին իրական հավատից ու հավատացյալներից զատելու այլ օրինակներ եւս ներկայացվում են վեպում:
Իսկապես տպավորություն է, որ Վահան Հովհաննիսյանը ձգտել է կարեւոր գաղափարներ տարածել իր վեպի միջոցով եւ այդ գաղափարների շրջագիծը գծել լայն կարկինով: Օրինակ ներկայացնել հայության պայքարը, որ լայն առումով պայքար է վասն հայրենյաց եւ վասն հավատո:
Հավատի խորհրդանշական առարկայի որոնումը միավորում է սփյուռքում ապրող ինչպես եւ հայաստանցի հերոսներին: Խոսվում է ղարաբաղյան պայքարում սփյուռքահայերի ներդրման մասին: Վահան Հովհաննիսյանի համար հայությունը մեկ ամբողջություն է եւ որպես իր գաղափարի խորհրդանշական հանգուցալուծում ամերիկացու կյանքով ապրող նրա հերոսուհին սիրահարվում է հայաստանցի տղայի եւ վճռում է բնակություն հաստատել Հայրենիքում:
Վեպում տեղ է գտել նաեւ Դաշնակցության թեման, որ թռուցիկ պատառիկների ձեւով հայտնվում է տարբեր դրվագներում: Վահանը նպատակ չի դրել մերկապարանոց գովաբանությամբ զբաղվել, բայց զուսպ նկարագրություններով Դաշնակցությունը ներկայացվում է որպես ազգային պայքարը կրող ուժ, որի արժեքը հրաշալի գիտեն նաեւ հայության հակառակորդները: Իսկ Կուսակցության պատմական դերակատարությունը վեպում ներկայացվում է Վիլյամ Սարոյանի հարաշալի եւ դիպուկ բնորոշումներով:
Եւ վերջին կարեւոր ասելիքը վեպի հետ կապված:
«Մանդիլյոնն» իհարկե գեղարվեստական հորինվածք է, բայց իր հեղինակի հետապնդած գաղափարաքաղաքական նպատակին ծառայելու համար ունի պատմական առումով փաստական ամուր հիմք: Խորենացու եւ ժամանակի նշանավոր օտարազգի պատմիչների կողմից ներկայացված փաստերով հիմնավորված է եւ Եդեսիայի Աբգար թագավորի նամակը Քրիստոսին եւ Քրիստոսի պատասխան նամակը: Դաստարակը նույնպես գեղարվեստական երեւակայության արգասիք չէ, այն իրապես քրիստոնյա աշխարհի գլխավոր սրբություններից մեկն է, դարերի ընթացքում, հետապնդվելով, տեղից տեղ է տեղափոխվել եւ այսօր գտնվում է Ջենովայի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցում: Ինչպես ծանոթագրությունների բաժնում հեղինակը գրում է. մանրամասն ուսումնասիրվել եւ փաստական Ճշգրտությամբ են ներկայացված, թե Երուսաղեմը՝ Քրիստոսի վերջին օրերին, թե Կոստանդնուպոլսի անկման շրջանի ընդհանուր պատկերը, թե հայոց եւ Դաշնակցության պատմության տարբեր դրվագները: Այս ամենը ամուր ատաղձ են ծառայում վեպի պատմական խորապատկերի համար:
«Մանդիլիոնը> առաջին իսկ տողերից քաշում ներսուզում է իր մեջ ընթերցողին եւ լարվածությունը չթուլացնելով, մեկ շնչով տանում է մինչեւ վերջ: Ընթերցողը հաճույք է ստանում վառ նկարագրություններից, աչքերի առջեւ ուրվագծվող պատմական կարեւորագույն իրադարձությունների հավաստի պատկերից: Գիրքն ունի սահուն թեթեւ լեզու, ինչը երկարաշունչ, հագեցած ասելիքով պատումը փրկում է ծանրաշունչ եւ ծանրամարս լինելուց:
Մեր օրերում, երբ ընթերցանությունը առաջվա պես գրավիչ չէ.<Մանդիլիոնը> հետաքրքրություն շարժեց եւ ինչ որ ժամանակ դարձավ ամենավաճառվող գրքերից մեկը:
Այս ամենից հետո մնում է կրկնակի ափսոսանք հայտնել, որ Վահան Հովհաննսիյանի ընդհատված կյանքը մեզանից խլեց նաեւ իր ծրագրած նոր ստեղծագործությունները ընթերցելու հաճույքից: «Մանդիլիոնը» եղավ եւ կմնա Վահանի ապրող հուշարձանը: