Արդար խաղաղություն նշանակում է արցախցիների կոլեկտիվ վերադարձի իրավունքի ճանաչում
11 Հուլիս 2024
Հայտարարությունները, որ կողմերը շատ մոտ են, այ մնացել է մի քանի սկզբունք, այ մինչեւ տարվա վերջ կստորագրվի, երեւի 15 տարուց ավելի այս հայտարարություններն արվում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Վաշօնգտոնում նախօրեին Միրզոյան-Բայրամով- Բլինքեն հանդիպման եւ դրան հաջորդած հայտարարություններին:
«Բայց այդ հայտարարությունն ինձ մոտ նաև այլ մտավախություն է առաջացնում: Դա նշանակում է, որ Փաշինյանը հակված է ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները, որովհետեւ Հայաստանն ինչ խնդրանք ներկայացնում է, Ադրբեջանը ճմրթում, գցում է մի կողմ: Փոխարենը Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայանացնում: Երեկ էլ նշվեց, որ Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել՝ մտացածին հանցագործությունների ընդունումը: Այսինքն Ադրբեջանն անընդհատ պահանջներ է ներկայացնում, Փաշինյանն էլ ընդունում է: Հիմա հավանբար Ադրբեջանն ամբողջ փաթեթն է ներկայացրել, Փաշինյանն էլ ասել է՝ հա, համաձայն եմ, որովհետեւ ինքը եկել է խաղաղություն կնքելու խոստումով: Իրական խաղաղությունը շատ հեռու է, որովհետեւ դա պետք է արդարության վրա կնքված լինի, եւ կողմերի գոնե նվազագույն պահանջները պետք է բավարարվեն»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում ընտրություններ են եւ իրենք պետք է իրենց ժողովրդին ներկայացնեն, որ տեսեք, ջախջախեցինք Հայաստանին, որը նաեւ թղթով են ամրագրել. «Նաեւ ԱՄՆ-ում են ընտրություններ, այսինքն երեք կողմերին էլ պետք է ցույց տալ, որ ինչ-որ առաջընթաց կա, կամ էլ Ադրբեջանի բլոր պարտադրանքները Հայաստանը գլուխը կախ ընդունել է»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը:
Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության վրա. արդար խաղաղություն նշանակում է արցախցիների կոլեկտիվ վերադարձի իրավունքի ճանաչում:
«Արցախցիների վերադարձ միջազգային անվտանգային երաշխիքների ներքո, Հայաստանի եւ Արցախի միջեւ կայուն ցամաքային կապ եւ Արցախի քաղաքական կարգավիճակի քննարկում եւ լուծում հայտնի երեք սկբունքների հիման վրա: Ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձ, Ադրբեջանի օկուպացիոն ուժերի անվերապահ դուրս բերում Հայաստանի տարածքներից, Հայաստանի շրջափակման վերացում: Առանց այդ ամեն ինչի խոսել արդար խաղաղության մասին, հնարավոր չէ: Դա լինելու է կապիտուլյացիոն փաստաթուղթ:
Ալիեւը մեզ հմար գերեզմանային խաղաղություն է ուզում, իսկ Փաշինյանը ոչ բվում է, ոչ գվում է, նույնիսկ խոսակցություններ կան Ադրբեջանի դեմ հայցերը հետ քաշելու մասին: Այսինքն իրենք խաղաղություն ասելով պարտադրում են կապիտուլյացիա»,-ասաց պատգամավորը:
«Խոսքերն իհարկե, գեղեցիկ են, բայց գործնականում Արեւմուտքի կողմից որեւէ աջակցություն անվտանգային ու տնտեսական առումով չենք տեսնում»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Արեւմուտքի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելուն:
«Ես չեմ լսել Արեւմուտքի կողմից որեւէ հայտարարություն, որ եթե Ադրբեջանը հանկարծ համարձակվի Հայաստանի դեմ ինչ-որ բան անի, մենք պատրաստ կլինենք Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերել: Նրանք ասում են՝ ձեր հարցերը ձեր ձեւով լուծեք: Ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը եւս խայտառակ ձախողում էր: Փաշինյանն ասաց՝ պատրաստ ենք այնքան մոտ լինել ԵՄ-ին, որքան ԵՄ-ն ցանկանա, իսկ ԵՄ-ն ասաց, որ CEPA-ի համաձայնագիրն է այն մոտիկությունը, որը մենք պատրաստ ենք այսօր Հայաստանին թույլ տալ: Իսկ այդ փաստաթուղթը ստորագրվել է հեռավոր 2016-ին, երբ Նիկոլ Փաշինյանը անհույս ընդդիմադիր էր»,- ընդգծեց ընդդիմադիր պտգամավորը: