Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանում հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ
24 Հուլիս 2024
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 23-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։
Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ հանդիպումների ընթացքում Իշխան Սաղաթելյանը խորհրդարանականներին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրների վերաբերյալ տարիներ շարունակ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար:
Ընդգծելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականության անընդունելի լինելու հանգամանքը` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ներկայացրել է տարածաշրջանի համար նման քաղաքականության ապակայունացնող ազդեցությունները:
Հանդիպումների ժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին` այդ հարցում կարևորելով Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը:
Քննարկվել են Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին միջազգային պատվիրակությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ամբողջական կիրառման անհրաժեշտությանը: