Հայաստանի փոփոխությունների բանալին Հայաստանում է
28 Օգոստոս 2024
Տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի շուրջ, տեղի են ունենում բուռն իրադարձություններ, հանդիպումներ են անցկացվում տարբեր երկրների համապատասխան պաշտոնյաների միջև, որոնցում քննարկվում է Հայաստանի հարցը։ Եվ այս պայմաններում Հայաստանի իշխանությունները հեծանվային շոու են անցկացնում՝ զվարճացնելով հանրությանը. NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա կարծիքով՝ պատերազմից հետո իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե իբր ամեն ինչ կարգին է, և փորձում են մոռացության մատնել իրենց գործունեության արդյունքում ՀՀ-ին պատճառած բոլոր կորուստները։
Սաղաթելյանի համոզմամբ՝ Արևմուտքը սատարում է Հայաստանի իշխանություններին և աչք է փակում նրանց անօրինականությունների վրա՝ նման կերպ Փաշինյանին բռնապետի վերածելով։
Պատգամավորը նշել է, որ Հայաստանի ապագայի հարցում այս կամ այն արտաքին քաղաքական վեկտորի վրա հույս դնելը կործանարար գործելաոճ է։
«Սա նաև իշխանությունների գործունեության արդյունքն է, որոնք փորձում են մեզ համոզել, թե Հայաստանը չի կարող գործոն լինել տարածաշրջանում։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի փոփոխությունների բանալին Հայաստանում է։ Եթե երկրի ղեկին լինեն հայրենասեր ու պրոֆեսիոնալ ուժեր, Հայաստանը կունենա և՛ դաշնակիցներ, և՛ արտաքին գործընկերներ»,- նշել է Սաղաթելյանը։ Նա կեղծ հայտարարություններ է անվանել, թե Ռուսաստանը Հայաստանի ընդդիմության հետ զօր ու գիշեր մտածում է Հայաստանում իշխանափոխություն անելու մասին։
«Թուրքիային և Ադրբեջանին ապավինող Հայաստանի իշխանությունները խոսում են ընդդիմության գործակալների մասին»,- եզրափակել է Իշխան սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում