Ադրբեջանն այդ գործարքից հրաժարվել է կամ ավելի բարձր գին է պահանջել
10 Սեպտեմբեր 2024
Նիկոլ Փաշինյանը Բաքվին պարզ գործարք էր առաջարկել. Իրեն պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղության պայմանագիր», անկախ նրանից, թե ինչ է դրա բովանդակությունը, որ այդ թուղթը թափահարի Չեմբերլանի նման եւ ասի՝ ես խաղաղություն եմ բերել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանն առաջարկել է «խաղաղության պայմանագրի» նախագծի համաձայնեցված 13 հոդվածները ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, հետո շարունակել մյուս չհամաձայնեցված 4 հոդվածների քննարկումը:
«Ադրբեջանն այդ գործարքից հրաժարվել է կամ ավելի բարձր գին է պահանջել: Նիկոլ Փաշինյանի հաշվարկը պարզ էր, մինչեւ COP29-ը մի բան անի, Ադրբեջանն էլ պետք է համաձայնի, Ադրբեջանը չի համաձայնել: Ադրբեջանը այնքան ժամանակ թուղթ չի ստորագրի, քանի դեռ ՀՀ իշխանություններին ինչ ասում է, գլխիկոր համաձայնում է»,-ասաց նա:
Արթուր Խաչատրյանը պնդեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային պրոցես չի եղել. «Եղել է Ադրբեջանի կողմից միակողմանի հրահանգավորում, եւ եղել է ՀՀ իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ: Որոշ զիջումներ փաստաթղթավորված է, որոշ զիջումներ էլ, երբ ասում ես՝ տակը թուղթ, բարաթ կա՞, չեն ներկայացնում: Մասնավորապես, ինչի՞ հիման վրա Արցախից Հայաստանը դուրս բերեց իր ստորաբաժանումները: Նոյեմբերի 9ի փաստաթղթով նման բան չի եղել»:
Միջնորդը չի կարող բանակցող կողմերից մեկի շահերը պաշտպանել. Որեւէ միջնորդ չի կարող ՀՀ-ի շահերը պաշտպանել, եթե ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերը չեն պաշտպանում. նշեց Արթուր Խաչատրյանը:
«Ուրիշ խնդիր, որ եթե ձեռք է բերվում համաձայնություն, այդ դեպքում միջնորդը դառնում է ձեռքբերված համաձայնության երաշխավորը: Ճիշտ կլինի, որ լինի միջնորդ, բայց բազմակողմանի միջնորդ, որ մի երկիր չլինի: Լավագույն ֆորմատը Մինսկի խմբի համանախագահությունն էր, որովհետեւ այդ միջնորդները նաեւ կփորձեն բալանսը պահել եւ ինչ-որ չափով հանդես կգան նաեւ որպես ձեռքբերված համաձայնության երաշխավոր»,-ասաց նա:
Արթուր Խաչտրյանը համոզմունք հայտնեց, որ արցախցիների Արցախ վերադարձի հարցը պետք է լինի օրակարգային. «Քանի որ տարածաշրջանում չի կարող լինել հարատեւ խաղաղություն, եթե հակամարտող կողմերի օրինական, կենսական շահերը չեն բավարարվում: Հայրենադարձության իրավունքը սկզբնաքարն է, դա պետք է ֆիքսել, հետո պետք է նայել, թե ինչպես պետք է այդ մարդիկ իրականացնեն իրենց այդ իրավունքը: Այո, անհրաժեշտ են անվտանգության միջազգային կայուն երաշխիքներ, այո, անհրաժեշտ է Հայաստանի հետ կայուն անվտանգ, ապահով ցամաքային սահման»:
Հայաստանը պետք է սերտացնի իր հարաբերությունները ԲՐԻԿՍ-ի հետ. նշեց նա:
«Երանի ՀՀ իշխանությունները դա ավելի շուտ հասկացած լինեին, մինչեւ Ադրբեջանի կողմից ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելը»,-ասաց նա:
Անդրադառնալով եվրոպական ինտեգրացիային, Խաչատրյանն ասաց. «Այս իշխանությունները հայտարարում են, որ գնում են դեպի Եվրոպա, Եվրոպայի հետ հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, բայց երբեք Հայաստանի առեւտուրը Եվրոպայի հետ այսքան խղճուկ, քստմնելի մակարդակի չի եղել, ինչքան այս իշխանությունների օրոք: Արտահանումները Հայաստանից կազմել են ընդհանուր արտահանումների ընդամենը 3.5 տոկոսը»:
Ոչ մի գործ անհույս չի, ոչ մի արած գործ անհետեւանք չի մնա. Նույնիսկ եթե ասում ես՝ պատին ինչքան պետք է խփես, որ քանդվի, ամեն հարվածից այդ պատին մի ճեղք է առաջանում ասաց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին:
«Հիմա ասում են՝ կրկին փորձիր: Այո, պետք է կրկին փորձես, մինչեւ հասնես հաջողության: Ուղղակի ամեն հաջորդ փորձը պետք է հաշվի առնի նախորդների արձանագրած ոչ բավարար արդյունքները:
Հիմա նույնիսկ եթե մենք մանդատները դնենք, մեկ է՝ մինչեւ ընտրություններ նոր խորհրդարանական ընդդիմություն չի ձեւավորվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տեսակետին, որ մարդիկ տեսնելով իրենց մտածում են, որ նախկիններն են ու չեն աջակցում, Արթուր Խաչատրյանն ասաց. «Կյանքը ցույց է տալիս, որ նման բան չկա: Նրանք, ովքեր ասում են՝ թողեք, գնացեք, մենք նոր ենք, մենք հեսա կգանք, էդ մարդիկ չեն կարողանում հավաքել 5 հոգի եւ մեկ փողոցային կատու»:
Ճշտող հարցին՝ ինչո՞ւ չեն կարողանում իշխանությանը փոխել, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Փորձում ենք, պատճառները բազմազան են, ոչ այնքան աջակցություն ունենք: Այս իշխանություններն ունեն շատ մեծ քարոզչական լծակ, նույնիսկ բանականությունից դուրս մեղադրանքներ և հեքիաթներ հորինում են, եւ պատահական չէ, որ ընդդիմադիր հեռուստաալիքները եթերից զրկվել են: Ոստիկանական համակարգ, ճնշումներ, նույնիսկ դասախոսների են համալսարանից հանում: Դա է խնդիրը»:
Մանրամասները՝ տեսանյութում