Արթուր Մկրտչյանն այս օրն էր, որ ընտրվեց ԼՂՀ ԳԽ նախագահ
09 Հունվար 2019
«Արցախն աղքատ բարերար չէ, որին պետք է օգնել, Արցախը պետք է նվաճել, Արցախը պետք է գրավել, Արցախը պետք է մերը դարձնել». ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյան:
1991 թվականի դեկտեմբերի 28-ին` ժողովրդի 99 ամբողջ 89 տոկոս կողմ ձայներով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեից 18 օր անց, Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին առաջին գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները և հունվարի 9-ին Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։
Երբ ուրվագծվում էր անկախ Արցախի տեսիլքը միայն, դաշնակցական Արթուր Մկրտչյանի գործը ժողովրդին ազգային-ազատագրական պայքարին պատրաստելն էր:
«Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական իմ ունեցածի համար, իսկ հիմա եկել է փոխհատուցման պահ: Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով էդ հողի վրա ապրում է եւ պաշտպանում է այդ հողը:
Պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար»,- ասում էր Արթուր Մկրտչյանը։
Մինչև մահվան օրը` 1992 ապրիլի 14-ը, Արթուր Մկրտչյանը հերոսամարտի առաջին շարքերում էր: Նա, զինյալ պայքարից բացի, այլ ելք չէր տեսնում:
Արթուր Մկրտչյանի դաշնակցական լինելը պատճառ էր դարձել նրա` Հայասատանի իշխանությունների թշնամական վերաբերմունքին արժանանալու համար, ինչը դրսևորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ դառնալու առաջին իսկ օրից…
Կարեւորում էր եւ ճիշտ դիվանագիտությունը, որպեսզի շեշտադրվի ոչ միայն հանրապետության ճանաչումը միջազգային հանրության կողմից, այլ հակամարտության ճիշտ ընկալումը. ոչ թե ազգամիջյան պատերազմ, այլ՝ ազգային ազատագրական:
Ազատագրության համար մարտնչող եւ Արցախին ազատություն բերած ղեկավարը մերժվում է մայր հայրենիքի կողմից։ Անկախ Հայաստանի նախկին իշխանությունների կոկորդում նա ոսկորի նման էր. ոմանք չէին հանդուրժում դաշնակցական, մյուսներն էլ` սկզբունքային լինելու համար:
Արցախի առաջնորդի կյանքն ընդհատվեց 33 տարեկանում: Ընդամենը մի քանի ամիս նա ղեկավարեց Հանրապետության Գերագույն մարմինը, սակայն այդքանն էլ բավական էր, որ Ղարաբաղի նորանկախ հանրապետության առաջին ղեկավարը հետք թողնի Արցախի նորագույն պատմության մեջ: Յուրաքանչյուր տարի Արթուր Մկրտչյանի ծննդյան մահվան, ինչպես նաեւ Արցախի համար հիշարժան օրերին նրա շիրիմին են այցելում նվիրյալ արցախցիները` հիշելու մեծ հային: Նրա շիրիմին կատարվում են երդման արարողություններ, գրվում են հատորներ հերոսի մասին: Անդավաճան երդմանն՝ Արթուր Մկրտչյանը դարձավ Արցախի պետականության խորհրդանիշը: