Պետք է պայքարել բոլոր այն իրողությունների դեմ, որոնք տկարացնում են Հայաստանը, հայ ազգը
21 Սեպտեմբեր 2024
Հայաստանը չպետք է հարաժարվի Սփյուռքի եւ Արցախի գաղափարից. այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Եւ արցախցիները, սփյուռքահայերը եւ Հայաստանի ժողովուրդը պետք է իսկապես միանան Հայաստանի անկախության հզորացման գաղափարի շուրջ», – ընդգծեց Մուրադ Փափազյանը։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 21-ը շատ կարեւոր օր է, եւ մենք պետք է զորավիգ կանգնենք անկախության գաղափարին։
Ինչպես ընդգծեց Մուրադ Փափազյանը, անկախությունը պետք է բոլորին հավաքի, համահայկական գաղափար դառնա եւ Սփյուռքը, Արցախը ու Հայաստանը վերամիանան իբրեւ իրականություն, իբրեւ գաղափար եւ իբրեւ ապագայի սկզբունք։
«Մենք պետք է համոզենք Հայաստանի ժողովրդին, որ միայն ազգի գաղափարը կարող է փրկել երկիրը եւ կարող է հզորացնել Հայաստանը ու հայրենիքը», – ասաց նա։
Մուրադ Փափազյանի խոսքով, պետք է պայքարել բոլոր այն իրողությունների դեմ, որոնք տկարացնում են Հայաստանը, հայ ազգը։