Տեղի է ունեցել քննարկում՝ «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով
18 Հոկտեմբեր 2024
ՀՀ Ազգային Ժողովում այսօր տեղի են ունեցել «Հայաստան» խմբակցության կազմակերպած «Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով լսումներ, որին մասնակցել են Արցախի խորհդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, մշակույթի ներկայացուցիչներ, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից:
Արցախի բռնազավթման հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հայ բնակչության ինքնությունը բնորոշող նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը կազմում է մոտ 5000 հուշարձան. քննարկմանն ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունն է՝ հայկական մշակութային ժառանգության յուրացում, աղվանականացում։
Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանցիներն այսօր եկեղեցիների, խաչքարերի վրայից ոչնչացնում են հայերեն արձանագրությունները. «Դա Ալիևի հրամանով է. երբ Ալիևն այցելել է Հադրութ, հայտարարել է՝ եկեղեցիների արձանագրությունները հետագայում են ավելացվել հայերի կողմից ու ենթակա են ոչնչացման»։
2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունը կորցրել է 18 թանգարանային հավաքածու, նաև թանգարանների կատալոգները. 6 թանգարան՝ Շուշի քաղաքում, 8 արվեստի գործերի հավաքածու՝ ևս Շուշիում, 4 թանգարանային հավաքածու՝ Հադրութի շրջանում. ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Նա հայտնեց, որ 2023թ. բռնի տեղահանության հետևանքով Արցախում կորուսյալ թանգարանների թիվը առնվազն 14-ն է՝ Ստեփանակերտում մասնակիորեն 3 թանգարանային հավաքածու, 3 արվեստի գործերի հավաքածու, Մարտակերտում՝ 2, Ասկերանում՝ 2 ու Մարտունու շրջանում՝ 3 թանգարանային հավաքածուներ։ Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ իրեք չեն հավաքագրել մասնավոր հավաքածուները։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում բախվել են մի խնդրի. «Ընդհանուր արտաքին քաղաքականությունն իր ազդեցությունն է թողել մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող պետական մարմինների վերաբերմունքի վրա։ Ցավոք, այսօր այստեղ չեն ԿԳՄՍ նախարարության ներկայուցիչները, որ իրենց ասեմ հետևյալը. վաղը կարող է պետական քաղաքականությունը փոխվի, պետական մարմիններն իրենց տրամադրության տակ չեն ունենալու անհրաժեշտ նյութեր, որովհետև «տնային աշխատանքը» չեն կատարել։ Կգա պահ, երբ մեզ անհրաժեշտ կլինեն փաստական տվյալներ, և այդ տվյալները մենք չենք ունենալու»։