Գործ ունենք անկանխատեսելի, անհավասարակշիռ անձի հետ
19 Նոյեմբեր 2024
Կիրակի օրը երեկոյան մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Վահե Ղազարյանին ազատել՝ ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի, Ռուստամ Բադասյանին՝ ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանին էլ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։
Ընդ որում, «Հրապարակը» գրել էր, որ նշված պաշտոնյաներին Փաշինյանն իր որոշման մասին հայտնել է WhatsApp-ի միջոցով՝ հաղորդագրություն ուղարկելով: Իսկ ավելի ուշ նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները, և, որ նման խնդրանքով դիմելու պատճառներն անձնավորված չեն, այլ համակարգային: Միաժամանակ Փաշինյանն անուրանալի էր համարել նշված պաշտոնյաների ներդրումն իրենց ոլորտներում: Իրենց հրաժեշտի կամ ազատման դիմում գրելու որոշման մասին հայտարարություններում ևս, ըստ էության, նշված պաշտոնյաները ևս ձեռքբերումներ են արձանագրել: Այսինքն, հերթական անգամ մենք հասցեական չենք իմանում, թե այս կամ այն պաշտոնյան կոնկրետ ինչ պատճառով է ազատվում իր զբաղեցրած պաշտոնից: Օրինակ, ինչու Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնից ազատեց Արգիշտի Քյարամյանին, ում ԱԱԾ տնօրենի պաշտոնից էլ ազատել էր պատերազմի օրերին՝ 2020 հոկտեմբերի 8-ին, դարձյալ որևէ բացատրություն չի եղել:
168.am-ն ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ վերջին պաշտոնանկությունները նախընտրակա՞ն, քաղաքակա՞ն, անձնակա՞ն, թե՞ համակարգային տրամաբանության մեջ են: Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորն ուժային և իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ ԱԺ լսումների ժամանակ զգուշացրել էր նրանց՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացածին պատրաստ է զոհաբերել, «պռոբկի նման թռցնելու է»:
«Մեկ ամիս առաջ ԱԺ-ում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ լսումների ժամանակ հստակ կանխատեսել էի այս իրավիճակը: Ձևակերպումը մի քիչ կոպիտ կարող էր հնչել այդ պահին, բայց ճիշտ իրավիճակի գնահատումն էր: Անցնող բոլոր տարիներին Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը եղել է ամբողջությամբ գաղտնի՝ մեկ անձի կամակորությամբ, մեկ անձի որոշումով, հանրությանը որևէ բացատրություն չտալով: Եվ հարափոփոխ փոփոխություններն ուժային կառույցներում բերել են անդառնալի բացասական հետևանքների՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ երկրի անվտանգային համակարգում ընդհանրապես: Եվ, ինչպես վերևում հիշատակեցի, ԱԺ լսումների ժամանակ ձևակերպել էի, որ նրանց «պռոբկի նման» Փաշինյանը հանելու է՝ հանուն սեփական իշխանության:
Իրականում շատ դժվար է քաղաքագիտական բացատրություն տալ, որովհետև մենք գործ ունենք անկանխատեսելի, անհավասարակշիռ անձի հետ: Եվ այս որոշման հիմքում տեղավորվում է և՛ նախընտրականը, և՛ Փաշինյանի այն գժական քաղաքականությունը, որը ձևակերպվում է հետևյալ բանաձևով, և որը շատ հաճախ ԱԺ–ում ենք հնչեցրել՝ «խեղճ հարիֆն ի՞նչ անի, կողքինները չեն աշխատում»: Դժվար է ասել, թե այս ուժային և քննչական կառույցների ղեկավարները, նաև՝ Գնել Սանոսյանն ուր կտեղափոխվեն: Չի բացառվում, որ կարճ ժամանակ հետո մեկ ուրիշ տաքուկ պաշտոն գտնեն, ինչպես եղավ ՊՊԾ ղեկավար, գեներալ Սարգիս Հովհաննիսյանի դեպքում, ինչպես եղավ ԱԱԾ նախկին տնօրենի դեպքում, որոնց հերթով տեղավորեցին էներգաբլոկին վերաբերող ձեռնարկություններում՝ որպես երևի տաղանդավոր «էներգետիկներ»: Քյարամյանի դեպքում հեշտ է, նա կարող է ամեն պաշտոնում էլ լինել, ինչպես անցնող տարիներին զբաղեցրել է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գեղամ Մանուկյանը և հիշեցրեց Կառավարության այն նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն համարել էր «քյասիբի ռադիո»:
«Ինքն իրեն խայտառակ գնահատական տվեց՝ համարելով «քյասիբի ռադիոյի» նման խոսող: Սա ամբողջությամբ արտահայտում է պետական կառավարման համակարգի մերկությունը և չգոյությունը: Այդ ջղաձգումների պատճառ կարող են լինել բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմության փաստարկված այն բոլոր ձևակերպումները և հիմնավորումները, որոնք ներկայացնում էինք, որ իրականում պետական համակարգ գոյություն չունի, իրականում ամբողջ այդ գործունեությունը տապալված է»,- եզրափակեց Մանուկյանը: