Ադրբեջանը ոչ մի ժամանակ չի բավարարվելու
19 Դեկտեմբեր 2024
«Մենք ամբողջական պատկերացում չունենք այն մասին, թե ինչ է կատարվում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Մեր միակ տեղեկատվական աղբյուրն ադրբեջանցիների կողմից սոցիալական ցանցերում պարբերաբար հրապարակվող նյութերն են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար, Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Ավելի վաղ Ս.Շահվերադյանն ահազանգել էր, որ Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդում։
«Մենք կարող ենք փաստացի, հիմնավորված ձևով ասել, որ ամբողջությամբ քանդվել է, հողին հավասարեցվել Ստեփանակարետի կենտրոնում 6 պատմական թաղամասեր, պետական համալսարանի շրջակայքի բոլոր բնակելի թաղամասերը՝ շուրջ 13 հեկտար, այլ վայրերում նույնպես քանդել են շենքեր»,- ասաց նա։
Ս.Շահվերդյանի ներկայացմամբ, այս գործընթացն առաջին անգամ նկատել են այս տարվա գարնանը, երբ ադրբեջանցիները սկսել են քանդել Ստեփանակերտի հրապարակի շուրջ գտնվող խորհրդանշական շենքերը՝ Ազգային ժողովի, Ազատամարտիկների միության շենքերը։ Դրան էլ հետևել են ամբողջական բնակելի թաղամասերի քանդումը։
«Ընդգծենք, որ Ստեփանակերտի կենտրոնում անհետացած թաղամասերը քաղաքի պատմական թաղամասերն են, Ստեփանակերտի սիրտը, որտեղից ծնվեց Ստեփանակերտը։ Այդ շինությունների մեծ մասը պատմամշակութային հուշարձանների պետական ցանկում ընդգրկված շենքեր էին որպես քաղաքացիական ճարտարապետության օբյեկտներ»,- ասաց Ս. Շահվերդյանը։
Այս ամենը, նրա խոսքով, Ադրբեջանի այն քաղաքականության շարունակությունն է, ըստ որի՝ Արցախում հայ չի ապրել. «Բնականաբար, իրենք շարունակում են գաղափարական թեզը՝ գետնի վրա ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը, հայկական ինքնությունը խորհրդանշող շինությունները։
Զարմանալու բան չկա, որ դա իրականացվում է, քանի որ թե Հայաստանի իշխանությունների կողմից չենք տեսնում համարժեք արձագանք, եթե կա էլ, չենք տեսնում հանրային հարթակներում, թե միջազգային հանրությունը, հետևելով Հայաստանի իշխանությունների այդ դիրքորոշմանը, լռություն է պահպանում այդ ամեն վայրագությունների նկատմամբ»։
Նրա կարծիքով, ադրբեջանցիները Ստեփանակերտում բնակելի թաղամասերը նաև ոչնչացումն են՝ նվազեցնելու բնակելի ֆոնդը, որպեսզի կարողանան իրականացել քաղաքի վերաբնակեցումն ադրբեջանցիներով։
«Հակառակ տարբեր հարթակներում հրապարակվող ադրբեջանական քարոզչանյութերի, այդ գործընթացում Ադրբեջանը հաջողություն չի արձանագրում, վերաբնակեցումը ոչ միայն Ստեփանակերտում, ամբողջ Արցախի տարածքում մեծ դժվարություններով է ընթանում, ինչը մենք կարող ենք եզրակացնել հրապարակվող տարբեր նյութերից»,- ասաց Ս. Շահվերդյանը։
Նա վստահ է, որ Ադրբեջանը բնակելի թաղամասերը, պատմական հուշարձանները վերացնելու քաղաքականությունը կշարունակի. «Ցավոք, մինչև հիմա չենք հասկացել, որ Ադրբեջանը ոչ մի ժամանակ չի բավարարվելու արածով, անընդհատ փորձում է ամրագրել իր դիրքերը՝ շարունակելով իր քաղաքականությունը։ Դա տեսնում ենք քաղաքական իրավիճակներում, օրինակ՝ նոր պահանջներ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, տեսել ենք 70 տարվա ընթացքում, երբ Ադրբեջանը խորհրդային միության կազմում էր, ավերում էին հայկական ժառանգությունը, նույն գործընթացը շարունակվեց անկախության տարիներին այն տարածքներում, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ էին։
Որևէ հիմք չունենք մտածելու, որ Ադրբեջանն ինչ-որ պատճառ ունի կանգ առնելու իր գործընթացում, իհարկե, եթե Հայաստանի իշխանությունը չսկսի վճռականորեն պայքարել այդ երևույթների դեմ»։