CCAF-ի ամենամյա ընթրիքին մասնակցել են Ֆրանսիայի վարչապետը եւ բարձրաստիճան պաշտոնյաներ
12 Մարտ 2025
Մարտի 11-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքը՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ CCAF ընթրիքը կայացավ մարտի 11-ին՝ Փարիզի Collectionneur հյուրանոցում։ Ընթրիքին մասնակցել է 450 մարդ։
Ներկա են եղել Ֆրանսիայի վարչապետը, պաշտպանության նախարարը, ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական եւ մշակութային գործիչներ, ֆրանսահայ համայնքի երեւելիներ։
Ներկա են եղել նաեւ քրդական, ասորական, կիպրական, ասորա-քաղդեական եւ Ֆրանսիայում գործող այլ հարանվանությունների եւ համայնքների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում նշվել է, որ միջոցառումը հերթական առիթն է փաստելու այն խոր կապերի եւ արժեքների մասին, որոնք միավորում են Հայաստանին եւ Ֆրանսիային։ Երեկույթը, ըստ այդմ, ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն, քանի որ արդեն մեկուկես տարի է անցել Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումից, իսկ Բաքվում դեռ շարունակվում է քսաներեք հայ գերիների դատավարությունը՝ ի հեճուկս միջազգային չափանիշների։ Այդ իրադրությունը հիշեցնում է, որ անհրաժեշտ է լինել միասնական եւ մեկտեղել ջանքերը, ունենալ ամուր միջազգային համախոհություն Հայ ժողովրդի հետ։
Երեկոն խորհրդանշում է ինչպես գործողությունների կոչ, այնպես էլ հարգանք բոլոր նրանց հանդեպ, ովքեր անխոնջ կերպով աշխատում են հանուն հայության։ Հավաքվածները նաեւ կոչ են հղել միջազգային հանրությանը ստանձնել վճռական հանձնառություն` արդարացի խաղաղության ապահովման համար։
Բացման խոսքից հետո ներկայացվել է տեսահոլովակ այն մասին, թե ինչպես է Ադրբեջանում տարածվում եւ գեներացվում հայատյացությունը եւ ինչպիսի կտտանքների են ենթարկվում հայերը ադրբեջանական բանտերում։
Ելույթներով հանդես են եկել Արա Թորանյանը, Մուրադ Փափազյանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրյունո Ռիթայոն եւ այլք։
Ֆրանսիայի ՆԳ Նախարարն, անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված անձանց ազատ արձակման հարցին՝ ընդգծել է. «Իմ մտքերը 23 անձանց՝ ներառյալ Ռուբենի հետ են այս երեկո, ով վտանգի տակ է դնում իր առողջությունն ու կյանքը այն արժեքների համար, որոնց նա հավատում է։ Ես մտածում եմ նրանց մասին և հուսով եմ, որ այսօրվա իմ խոսքերը կհասնեն Ադրբեջանի սահմաններին, որպեսզի գերիները ազատ արձակվեն»։