Ռուբեն Սևակ -140. Գրական ցերեկույթ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ դարձած գրողների
02 Մայիս 2025
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավգրական ցերեկույթ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ դարձած գրողների։
Քանի որ այս տարի լրանում է եղեռնազոհ բանաստեղծ Ռուբեն Սևակի ծննդյան 140-ամյակը, ապա միջոցառումն ամբողջությամբ նվիրված էր նրա գրական վաստակին, կյանքին ու գործունեությանը։
Միջոցառումը բացվեց Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանի ողջույնի խոսքով` կարևորելով Ռուբեն Սևակ գրողի ստեղծագործական հունձքը հայոց գրականության անդաստանում։
Գրողի ստեղծագործական կյանքին անդրադարձան գրականագետներ Քնարիկ Աբրահամյանը և Նաիրա Սարգսյանը, ինչպես նաև` Գյումրու Կենաց ծառ ՀԿ նախագահ Լուսինե Գինոսյանը։
Գրական միջոցառումը գեղեցկացրին Երևանի Ռուբեն Սևակի անվան դպրոցի սաները` երգերով ու թատերական դրվագներով։
Հնչեցին նաև հայ մեծ երգահան Կոմիտաս Վարդապետի երգերից` երգչուհի Մարիա Խաչատրյանի և դաշնակահար Ռուզաննա Գրիգորյանի կատարմամբ։
Միջոցառումը վարեց ու գրողի ստեղծագործություններից ասմունքեց Գայանե Սամվելյանը։
Գրական ցերեկույթը ամփոփվեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքով։ Ռ. Առաքելյանը ոչ միայն անդրադարձավ Ռուբեն Սևակ գրողի ստեղծագործական ուղուն, այլև հատկանշեց, որ նա այն մտավորականներից էր, ով իր գործունեությամբ երբեք անմասն չմնաց ազգի ճակատագրից` մշտապես մնալով ազգային արժեքներով ապրող և ազգային գաղափարախոսության սերմնացաններից մեկը։