Գառնիկ Դանիելյանը Շվեդիայում բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը
02 Մայիս 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանն այս օրերին գտնվում էր Շվեդիայում՝ հանդիսանալով հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ: Հանդիպումների ժամանակ նա բարձրաձայնել է մեր երկրի համար կարեւոր օրակարգային հարցեր՝ միջազգային հանրության կողմից Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը համարժեք գնահատականներ տալու խիստ անհրաժեշտության, արցախահայության վերադարձի և այլ իրավունքների վերականգնման հարցում միջազգային աջակցության կարևորության մասին։ Նա ընդգծել է նաև Արցախում տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտելու եւ համապատասխան բանաձևեր ընդունելու անհրաժեշտությունը։
Շվեդիա այցելության մասին Գառնիկ Դանիելյանը գրել է.
2023 թվականին Շվեդիան ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Արցախի բնակչության հումանիտար կարիքների համար։ Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ օր օրի վատթարացող սոցիալական դրությունը, խնդրեցի չդադարեցնել այս տեսակ աջակցությունները։
Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել եմ Ադրբեջանում պահվող մեր գերիների՝ ապօրինաբար պահվող ռազմաքաղաքական և քաղաքացիական անձանց հարցը՝ ակնկալելով, որ գործուն քայլեր կձեռնարկվեն վերջիններիս ազատ արձակելու ուղղությամբ։
Խոսել եմ նաև Շվեդիայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կարևորության մասին։ Նշեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև առայժմ ընդունել է միայն Ռիկսդագը (Շվեդիայի խորհրդարանը)։
Պատիվ եմ ունեցել նիստերից մեկը անձամբ վարելու՝ ներկայացնելով ՀՀ-ում պառլամենտական ընդդիմության համար ստեղծվող արհեստական խոչընդոտները, օրենսդրական նախաձեռնություններ բերելու և ընդունելու դժվարությունները, Դոնթի բանաձևի՝ համամասնական ընտրակարգի մանդատների բաշխման խախտման դեպքերը, մասնավորապես՝ ընդդիմությանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունը չհանձնելու ապօրինի քաղաքականությունը։
Տեղեկանալով այցիս մասին՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնեցին շվեդահայերը, որոնք իրենց պատրաստակամությունը հայտնեցին ցանկացած հայանպաստ գործունեության մեջ ներգրավվելու հարցում։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շվեդական կողմին՝ արժանացրած ջերմ ընդունելության և փորձի փոխանակման հնարավորության համար»։