Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
15 Հունիս 2025
Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում են, սակայն խուճապ չկա, ճգնաժամ էլ չկա։ Կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի, սննդի պակաս ևս չկա։ Հայ համայնքի ներկայացուցիչները բոլոր քաղաքներում՝ Իրանի մյուս քաղաքացիների նման, ապրում են առօրյա կյանքով։ Տուժածներ կամ զոհեր չունենք։ Մենք հանգիստ քնում ու հանգիստ արթնանում ենք, — այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Իրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթի խմբագիր, վերլուծաբան Արամ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ երկիրը նախկինում նմանատիպ խնդիր չի ունեցել, և ապաստարաններ որպես այդպիսին չկան, սակայն նաև չկա այնպիսի խնդիր, որ կարիք լինի, որպեսզի քաղաքացիներն ապաստարաններում պաշտպանվեն։ Երկու երկրներն էլ խստորեն թիրախային հարվածներ են հասցնում՝ որոշակի նպատակներ, թիրախներ ճշգրտելով։ Չկա իրավիճակ, երբ հարվածները լինեն կույր։ Այո՛, Իսրայելի գործողությունների արդյունքում ավիրվել են նաև բնակելի շենքեր, որտեղ զոհվել են քաղաքացիներ, բայց հարվածները մասշտաբային չեն, որ անհրաժեշտ դառնա ապաստարաններում պաշտպանվելը։ Բացի այդ, Իրանի դեպքում ՀՕՊ-ը ամբողջ հզորությամբ աշխատում է և հիմնականում կարողանում է հետ մղել հարվածները։ Միայն մեկ-երկու հարված է հասնում շենք-շինությունների, և, ցավոք, հենց այդպիսի դեպքերում են եղել քաղաքացիական զոհեր։
Բացի այդ, կա նաև արևմտյան մամուլի կողմից իրականացվող քարոզչություն, թե իբր Իրանում ճգնաժամ է, երկիրը շուտով կազմաքանդվելու է, հասարակությունը փլուզվելու է։ Սակայն նման բան բացարձակ գոյություն չունի,— ասաց Շահնազարյանը։
«Փաստինֆո»-ի հարցին՝ կա արդյոք վտանգ, որ հարևան երկրները կարողանան Իրանի ներսում առաջացնել անջատողական քաղաքացիական ընդվզումներ, Շահնազարյանն արձագանքեց, որ կան նման տարրեր։ Տարածվել է նաև տեղեկատվություն, որ պրոիսրայելական քարոզչություն է իրականացվել, ինչի համար եղել են ձերբակալություններ։ Գոյություն ունեն գործակալական ցանցեր, որոնց չեզոքացման ուղղությամբ Իրանի անվտանգության ուժերն ակտիվորեն աշխատում են։ Կան նաև պրոթուրքական անջատողական տարրեր, որոնք նկրտումներ ունեն՝ հատկապես թրքախոս նահանգներում փորձելով քաղաքացիական պատերազմ հրահրել, սակայն դա չի հաջողվում։ Ժողովուրդը չի արձագանքում այդ փորձերին, ընդհակառակը՝ նրա ճնշող մեծամասնությունը առավել կենտրոնացած է երկրի պաշտպանության, թշնամուն հակահարված տալու և հաղթանակի գաղափարների շուրջ։
«Փաստինֆո»-ի հարցին՝ տեսնու՞մ են արդյոք Իրանում վտանգ Ադրբեջանից, վերլուծաբանը պատասխանեց, որ փորձագետներն արձանագրում են նման վտանգի մասին։ Եթե պատերազմը շարունակվի և ընդլայնվի, ապա տեսականորեն մեծ հավանականություն կա, որ Իսրայելը և ԱՄՆ-ը փորձեն Ադրբեջանից երկրորդ ճակատ բացել Իրանի դեմ։ Այդ վտանգը, ըստ Շահնազարյանի, իրենք նկատում են։
Նշենք, որ քիչ առաջ Իսրայելի զինված ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով պայթյուն է տեղի ունեցել հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությանը մոտ։ Պայթյունի ալիքը տարածվել և վնասել է հարակից շինությունների պատուհանները։ Փշրվել են նաև «Ալիք» օրաթերթի խմբագրության ապակիները։
Թերթի խմբագրությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ որոշ ժամանակ թերթը տպագիր տարբերակով լույս չի տեսնելու։ Գործելու է միայն օնլայն տարբերակը՝ մինչև խմբագրության շենքը վերականգնվի։
Թերթի խմբագիր Արամ Շահնազարյանի փոխանցմամբ՝ հարվածը եղել է խմբագրության շենքից մի քանի շենք այն կողմ։ Ավիրվել են երկու քաղաքացիական շենքեր, կա նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություն։
«Այս պահին խմբագրակազմը զբաղված է տարածքի կարգի բերելու աշխատանքներով, որպեսզի հետագայում կարողանանք վերականգնել նաև թերթի տպագրությունը», — նշեց Շահնազարյանը։