Միջազգային փաստաթղթով ոտնահարվում է միջազգային իրավունքը․ դա նոնսենս է
05 Սեպտեմբեր 2025
Սեպտեմբերի 4-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը: Նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համապատկերին արցախահայության իրավունքների իրացման ուղղությամբ ՀՅԴ գործադրած ջանքերին և մասնավորապես Երևանում տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովին, որտեղ ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Արցախի հիմնախնդիրը տակավին լուծված չէ և կան հնարավորություններ ու ճանապարհներ խնդրի իրավական կարգավորման համար: Ըստ Գևորգ Ղուկասյանի՝ հայաստանյան ազգային ուժերի, համահայկական կառույցների, սփյուռքյան կրթամշակութային հաստատությունների, Արցախի ու Հայաստանի օտարազգի բարեկամների համախմբան և միջազգային հեղինակավոր կառույցների հետ անդուլ աշխատանքի դեպքում, դա միանգամայն իրատեսական է: Որպես այս ուղղությամբ ձեռք բերված նշանակալի հաջողություն՝ Գևորգ Ղուկասյանն առանձնացրել է գարնանը Շվեյցարիայի խորհրդարանի զույգ պալատների ընդունած բանաձևը արցախահայության իրավունքների պաշտպանության և հայրենի օջախներ նրանց անվտանգ վերադարձի հետ կապված, որն, ըստ այդ երկրի օրենքների, պարտադիր ուժ ունի նաև գործադիր իշխանության համար:
Խոսելով ժամանակակից աշխարհում հակամարտությունների կարգավորման տարբեր գործընթացների մասին՝ Գևորգ Ղուկասյանը կարևորել է արդարության վերականգնման գործում ուժի և միջազգային իրավունքի համամասնությունը: Ըստ նրա՝ Արցախի հարցի, այսպես կոչված, լուծման մեջ գերակայել է բիրտ ուժը, ինչի արդյունքում էլ խախտվել է միջազգային իրավունքը: Սա կարող է նախադեպ դառնալ աշխարհի շատ այլ հակամարտությունների կարգավորման համար և ամբողջական տարածաշրջաններ դարձնել պատերազմի թատերաբեմ:
Հարցին՝ ի՞նչու են ՀՀ իշխանությունները քամահրանքով վերաբերվում Արցախի և արցախահայության միջազգային իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերին և ինչո՞ւ են Արցախի հարցը վերջնականապես լուծված համարում, Գևորգ Ղուկասյանը միանշանակ պատասխանել է, որ դա իրենց պարտվողական քաղաքականությունը քողարկելու հստակ միտում է՝ պայմանավորված վերարտադրվելու մեծ ցանկությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում