Թրամփեան խաղաղութեան թաւշեայ պատրանքը…
04 Սեպտեմբեր 2025
Հայաստանում ոչ այնքան անյայտ քաղաքական վերլուծաբան օրերս յայտարարում էր, որ Իսրայէլի գաղտնի ծառայութիւն՝ Մոսադը գերակտիւութիւն է ցուցաբերում Հարաւային Կովկասում, ընդդէմ Իրանի ու Հայաստանի։ Նա միաժամանակ յուշում էր այն հանգամանքը, որ նոյն Մոսադն ու հրէական կառոյցներն են Իրանից հայերի ու նոյնինքն հրեաների ( հայի անւան ներքոյ!) արտագաղթ կազմակերպել դէպի արեւմուտք ու հիմնականում՝ ԱՄՆ։
Տողերիս գրողի յիշողութեամբ, սակայն, տւեալ երեւոյթը, որպէս քաղաքական փաստ , բազմիցս է արծարծւել ինչպէս իրանահայ, այնպէս էլ՝ արտերկրի հայ վերլուծաբանների կողմից, դեռեւս աւելի քան չորս տասնամեակ առաջ՝ արդէն 95-ամեակի սեմին կանգնած «ԱԼԻՔ»-ի էջերում։
Այո, հայրենի երկրի յարգարժան վերլուծաբան, դեռ այն ժամանակ էր յստակ, որ նպատակադրւել էր հայութեանը պարպել Միջին ու Մերձաւոր արեւելքի կազմակերպ ու հայաշատ գաղթօջախներից, թուլացնել-տկարացնելու Հայ Դատի համար մղւող համազգային պայքարը։ Ի դէպ՝ նոյն Մոսադի դաւադիր գործողութիւնների արդիւնքում էլ մահացու տեռորի ենթարկւեցին Լիբանանում՝ հայազգի ՀՅԴ-ական ականաւոր դէմքեր ու գործիչներ…։
Այնպէս որ՝ գէթ սփիւռքահայ քաղաքական մտքի համար վաղուց է պարզ ու մեկին՝ հրէական սիոնիզմի ու նրա հին ու նոր մեղսակիցներ՝ թուրք-ադրբեջանական եւ առհասարակ անգլոսաքսոնական հակահայկականութիւնը…։
Ու մինչ նախորդ դարի 80-ականների սկզբին սիոնա-թուրքական գաղտնի ծառայութիւնների կողմից դաւադիր գործողութիւնները նպատակ էին հետապնդում նսեմացնել Հայոց Պահանջատիրական սլացիկ ու ներգործուն պայքարը, բայց եւ այնպէս՝ նոյն 80-ականների վերջում հայրենի մեր ժողովուրդը նոր ու հրաշալի ուժականութիւն հաղորդեց աշխարհասփիւռ հայութեան արդարացի ու հերոսական պայքարին՝ ԱՐՑԱԽԵԱՆ փրկարար ազատամարտով, որն էլ ի վերջոյ հայ ժողովրդի ոտնահարւած, բայց վերականգնւած իրաւունքները շաղկապեց Հայոց անկախ պետականութեան նւիրականացմանը…։
Պետականութիւն, որի կայացման ու յարատեւութեան գրաւականներն հանդիսացան գլխաւորաբար՝ Արցախի ազատագրումն ու դրա թիկունքում ամրակուռ կանգնած Հայոց մարտունակ ու օրէօր հզօրացող բանակը…։
Անկախութեան անցած եռեսնամեակում երեք նախագահների ու գործող իշխանութիւնների օրօք էլ, ինչ խօսք՝ եղել են սոցիալ-տնտեսական անարդարութիւններ, կոռուպցիա, հովանաւորչական տարատեսակ երեւոյթներ, ինչպէս դրանք «օրինաչափօրէն» եղել են նոյնպէս ու դեռ աւելիով՝ տարածաշրջանի եւ առհասարակ յետխորհրդային հանրապետութիւններում…։
Այդ պախարակելի եւ խիստ բացասական երեւոյթների կողքին, սակայն, հայաշխարհը յուսալիօրէն էր վերաբերւում հետեւեալ իրողութիւններին.
– Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան օրէօր ամրապնդմանը,
– Հայոց համազգային Պահանջատիրութեան զօրեղացմանը՝ համաշխարհային մակարդակով,
– Հայոց յաղթական բանակի զգալի առաջընթացին ու մարտունակութեան բարձրացմանը՝ միջազգային ռազմական-զինւորական հեղինակաւոր կենտրոնների խոստովանութեամբ իսկ,
– Եւ որ կարեւոր էր՝ Արցախեան բանակցային գործընթացում՝ հայկական դիւանագիտութեան ներուժ ու ներգործուն յաջողութիւններին՝ ընդդէմ թուրք-ադրբեջանական ու ընդհանրապէս՝ անգլոսաքսոնական դարաւոր դաւադրութիւնները դիմագրաւելու տեսակէտից։
Հայաշխարհը, սակայն, ապագայի հաշւին , յանուն երկրի հասարակա-տնտեսական զարգացման ու յատկապէս արդար հասարակարգի ձեւաւորման՝ նպատակադրւած ունէր էւոլիւցիոն – բարեշրջական փոփոխութիւնների անխուսափելի գործընթացի շարունակականութիւնը, որը սակայն, հակասութեան մէջ էր ինչպէս աշխարհագրա-քաղաքական նորամուտ խաղացողների, այնպէս էլ սրանց ներքին, դարանակալ կամակատարների քմահաճոյքներին…։
Ահաւասիկ՝ 2018-ի յեղաշրջում՝ նոյն իսրայէլական Մոսադի, թուրքական ՄԻԹ-ի, անգլոսաքսոնական աւանդական հակահայկականութեան ու սորոսական ուժային-գրանտային կենտրոնների համահեղինակութեամբ։
Հիմնական թիրախներ դարձան՝
– Արցախը,
– Հայոց Բանակը,
– Ազգային գաղափարախօսութիւնը եւ ազգային ուժերն ու կազմակերպութիւնները,
– Միասնական Սփիւռքը,
– Հայոց Առ. Եկեղեցին,
– Անհատական, ընտանեկան, հասարակական ու դեռ հոգեւոր-ազգային արժէքներն ու արժանապատւութիւնը…
Եւ դրա համար էլ այսօր բանտային ու կալանքային խուցերում են վերոգրեալ թիրախների ներկայացուցիչ-դերակատարները…
…Անտարբե՜ր, յուսահա՜տ, միամի՜տ, ոգի ի բռին ինքնախարազան ու Նժդեհեան բնութագրմամբ՝ ապերախտ տարրերն, այժմ՝ յուսավա՜ռ՝ «Խաղաղութեա՜ն» 99-ամեայ գրաւն են դրել «թրամփեան» կամրջով «անվտանգ» երթեւեկելու եւ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ «ազատ, անկաշկանդ ու շահաւէ՜տ» առեւտուր անելու վրայ…։
Դերենիկ Մելիքեան
«Ալիք»