Ինչպէս պատերազմում՝ այնպէս էլ ֆուտբոլում… ՔՊ-ական «Յաղթելու ենք»-ի պերճանքն ու թշւառութիւնը
17 Նոյեմբեր 2025
2026 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի վերջին տուրում, Հայաստանի հաւաքականը երէկ՝ նոյեմբերի 16-ին, խոշոր՝ 9:1 հաշւով ջախջախիչ պարտութիւն կրեց Պորտուգալիայի ընտրանու դէմ խաղում: Այս խայտառակ արդիւնքը եկաւ համալերելու սեփական դարպասը 9 գոլ ընդունելու Հայաստանի հաւաքականի տխուր աւանդոյթը, որն ի դէպ ձեւաւորւել է 2018 թւականից յետոյ, այսինքն այն ժամանակ, երբ Փաշինեանն ու իր թիմակիցները եկան իշխանութեան: Յիշեցման կարգով՝ անցեալ երկուսը. Նորւեգիա-Հայաստան՝ 9:0 (ընկերական հանդիպում-2022թ. մարտի 29), Իտալիա-Հայաստան՝ 9:1 (Եւրոպայի առաջնութեան ընտրական փուլ-2019 թ. նոյեմբերի 15):
Մի կողմ թողնելով՝ «դեռ նոր ենք սկսել ճանապարհը», «երիտասարդ թիմ ենք», «առայժմ պատրաստ չենք մրցակցել առաջատար թիմերի հետ»… Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզչիչ՝ Եղիշէ Մելիքեանի ոչինչ չասող յայտարարութիւնները, որոնք ոչ այլ ինչ են, քան արդարացման սնամէջ փորձեր, պէտք է նշենք, որ ամէն մի նման պարտութիւն, ամէն մի նման խայտառակ հաշիւ բացի հոգեբանական ընկճախտից եւ սպորտային խորը բացասական ազդեցութիւնից, ահազանգում է ՀՀ գործող իշխանութիւնների կառավարման ու կազմակերպման անգրագիտութեան եւ անճարակութեան մասին՝ նաեւ սպաորտի բնագաւառում: Չեմ կարծում, որ ֆուտբոլասէրները մոռացել են, թէ ֆուտբոլում ինչպիսի ժառանգութիւն էին ստացել Հայաստանի գործող իշխանութիւններն իրենց համար այդքան ատելի «նախկիններից»: Ռուբէն Հայարապետեանի գլխաւորութեամբ հայկական ֆուտբոլն շարժւում էր կայուն զարգացման ուղով. Մեծ ներդրումներ էր կատարւում անհրաժեշտ ենթակառուցւածքների ստեղծման համար, ուշադրութեան կենտրոնում էր մանկապատանեկան ֆուտբոլը, իսկ Հայաստանի հաւաքականը իր հնարաւորութիւնների եւ կարողութիւնների սահմաններում մարտունակ թիմ էր, որը կարողանում էր լուրջ խնդիրներ ստեղծել եւրոպական առաջատար հաւաքականների համար անգամ:
Ի՞նչ պատահեց 2018 թւականից յետոյ: Գրեթէ բոլոր ոլորտների պէս, ֆուտբոլում եւս պրոֆեսիոնալիզմը տեղը զիջեց անգրագէտ դիլետանտիզմին, իրական գործին փոխարինման եկան պոպուլիստական բնոյթի սնամէջ ու մերկապարանոց յայտարարութիւններն այն մասին, որ մինչ 2050 թւականը Հայաստանի ֆուտբոլի հաւաքականը պէտք է դառանայ Աշխարհի կամ Եւորապայի առաջնութիւնների մրցանակակիր (Նիկոլ Փաշինեան, «2050-ի Հայաստանի վերափոխման ռազմավարութիւն»-2022 թ.): Իսկ արդի՞ւնքը՝ խորը ճգնաժամում յայտնւած եւ պառակտւած ֆուտբոլային համայնք, անկարող, նկարագրից զուրկ եւ մարտունակութեան ոգուց պարպւած հաւաքական, երիտասարդական, կանանց եւ մանկապատանեկան ֆուտբոլում աղէտ՝ բառի ամենաբուն իմաստով…
Թեման եզրափակելու համար, ստիպւած եմ խամրած յիշողութիւնների վերականգնման համար վերադառնալ 2020 թւականին, աւելի ստոյգ՝ 44-օրեայ պատերազմին: Եւ այսպէս. ինչպէս 44-օրեայ պատերազմին «յաղթելու ենք» սնամէջ կարգախօսով փաշինեանական իշխանութիւնը բթացրեց հանրային զգօնութիւնն ու Հայաստանին, Արցախին եւ ողջ հայութեանը տարաւ աղէտի, նոյնատիպ ու նոյնաորակ խոստումներով այսօր աղէտի է ենթարկել նաեւ հայկական ֆուտբոլը: Մէկը միւսի ետեւից եկող նւաստացուցիչ խոշոր հաշւով պարտութիւնների ֆոնին, ստիպւած ենք արձանագրելու, որ հիացական արտայայտութիւններով եւ մերկապարանոց խոստումներով միգուցէ հնարաւոր լինի որոշակի ժամանակով բթացնել հանրային կարծիքը, սակայն երբեւէ հնարաւոր չէ ղեկավարել որեւէ ոլորտ եւ, մանաւանդ, հասնել յաջողութեան: Հայկական ֆուտբոլի աղէտալի վիճակը դրա միկրօ արտայատութիւնն է, իսկ հայոց պետականութեան եւ ինքնիշխանութեան կորստի վտանգը՝ մակրօն: Այնպէս որ՝ մտածել է պէտք…
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
