ՀՅԴ-ն մշտապես կարևորել է Հայաստանի և Արցախի միջև իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտությունը
27 Հունվար 2019
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միշտ էլ անհրաժեշտ է համարել Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի ստորագրումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամ Արսեն Համբարձումյանը:
Նա նշեց, որ սա նոր օրակարգ չէ, ՀՅԴ-ն մշտապես կարևորել է Հայաստանի և Արցախի միջև իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտությունը:
«Պարբերաբար հարցը բարձրացվել է տարբեր ձևաչափերում, բայց, դժբախտաբար, հարցը վերջնական լուծում չի ստացել: Ներկա քաղաքական իրավիճակում հարցը պետք է դառնա քննարկման առարկա»,- ասաց Ա. Համբարձումյանը:
Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն տարբեր տարիներին կոալիցիայի մաս է կազմել, իշխանություն է ձևավորել, ինչո՞ւ այդ ժամանակ նման փաստաթուղթ չի մշակվել, նա պատասխանեց. «Տեսակետների տարբերություն է եղել: Նոր չէ, որ դրա մասին ասում ենք: Նախկինում էլ մենք մեր մոտեցումներն արտահայտում էինք: ՀՅԴ հրապարակած 7-կետանոց օրակարգում էլ, եթե հիշում եք, սա եղել է: Ապրիլյան դեպքերից հետո արտաքին գործերի նախարարը ասել էր, որ նախագիծը մշակված է, բայց ինչ-ինչ պատճառներով հարցը չքննարկվեց: Այնպես չէ, որ կոալիցիայում եղած ժամանակահատվածում անխտիր բոլոր հարցերի հետ կապված եղել է միանման մոտեցում»:
Հարցին՝ ՀՅԴ-ն ընդդիմություն է, դժվար չէ՞ իշխանություններին համոզել, Համբարձումյանն ասաց, որ հարցը առաջ մղելու համար եղանակներ հնարավոր է գտնել, պարտադիր չէ ներկայացված լինել խորհրդարանում:
Հեղինակ Տիգրանուհի Մարտիրոսյան