«Դրօշակ»-ի Առաջնորդող. Այդ ընդդիմադիրը և մեր առաջիկա քննությունը
04 Դեկտեմբեր 2025 2025 թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունենալիք ընտրություններն ընկալվում էին որպես վերջին և գլխավոր փորձ հաջորդ տարվա հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ։Նկատի ունենալով այս ընտրությունների հոգեբանական և ոչ միայն հոգեբանական նշանակությունը՝ մեծ էր վերջինիս նկատմամբ հետաքրքրությունը։ Սրանով էին բացատրվում նաև իշխանության ձեռնարկած քայլերը՝ իր գործելաոճով և պետական ռեսուրսի լայն կիրառմամբ։ Լավ պատկերացնելով Վաղարշապատ քաղաքի բնակչության բորբոքված հակաիշխանական տրամադրությունները, որոնք ավելի էին խորացել իշխանության ձեռնարկված հակաեկեղեցական արշավի պատճառով, իշխանությունը կանխավ այս համայնքին էր կցել նաև Խոյ խոշորացված համայնքը։ Իրադարձությունները փաստեցին կանխագուշակումների արդարացվածությունը՝ իշխանական թիմը պարտվեց Վաղարշապատ քաղաքում, փոխարենը առավելության հասնելով, մասնավորապես, Խոյում, որտեղ ուներ ձևավորված և կանխատեսելի առավելություն։ Իհարկե միայն այս քայլով չէր բավարարվել իշխանությունը՝ մինչև ընտրությունների օրը արդեն խոսակցություններ էին տարածվել ընտրատարածքի զանազան պաշտոնյաների, ազդեցիկ խմբերի ու անհատների հետ իրականացված «հատուկ» աշխատանքի, բազմաթիվ անհայտ անուններ տարբեր հասցեների վրա գաղտնաբար գրանցելու փաստերի բացահայտման և այլնի մասին։ Ակնհայտ ապօրինություններն իհարկե դրսևորվեցին բուն ընտրության օրը՝ տարբեր ընտրակեղծարարությունների կիրառմամբ, որոնց թվում հոսանքի անջատումներն ու այդ ընթացքում քվեաթերթիկների լցոնումներն էին։ Մի բան, որից Նիկոլ Փաշինյանի «ուսուցիչները» հրաժարվել էին դեռևս անցած դարում։ Եվ այս խայտառակ երևույթը կրկնվում է արդեն մի քանի տեղական ընտրությունների ժամանակ։
Ի դեպ, կարելի է ենթադրել, որ ՀԵՑ-երը սեփականատիրոջից խլելու իշխանության ակնհայտ ապօրինության նպատակներից մեկն էլ ընտրությունների հետ կապված հաշվարկն է, եթե նկատի ունենանք, որ էլեկտրացանցը երկրով մեկ ամենատարածված ենթակառուցվածքային համակարգերից է, որին առնչվում է յուրաքանչյուր տուն ու բնակիչ։
Խիստ կասկածելի է, որ եթե իշխանությունները չդիմեին ակնառու ընտրակեղծարարությունների, կունենայի՞ն արդյոք այն ոչ մեծ առավելությունը, որով ապահովեցին իրենց հաղթանակը։
Ամենավերից իջեցված հրահանգով իշխանական քարոզչամեքենան անմիջապես տարփողեց երկրի բոլոր առաջատար ազգային ուժերի նկատմամբ տարած փայլուն հաղթանակի մասին, թեև այդ հիմնական ուժերը տվյալ ընտրություններին չէին մասնակցում։ Բացառությամբ իհարկե ընդդիմադիր դաշինք կազմած ՀՅ Դաշնակցության տեղական կառույցի, որը ողջ ընտրարշավի ընթացքում գտնվեց երկրորդ պլանում՝ ասպարեզը տրամադրելով դաշինքից քաղաքապետի թեկնածուին։ Ընտրություններին մասնակից ազգային ուժերի թվում էր նաև անցողիկ շեմը հետագայում հաղթահարած «Մայր Հայաստան» Ազգային Դեմոկրատական կուսակցությունը, որը ներկայումս մարզերում կայանալու և թափ հավաքելու գործընթացի մեջ է։
Հիշենք նաև, որ տվյալ ընտրություններից առաջ հիմնական ենթադրությունն այն էր, որ որևէ ուժ միայնակ չի հաղթահարի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ շեմը, և ընտրությունների հաղթողը կորոշվի համախոհ ուժերի ձեռք բերած արդյունքների գումարումով։ Այնպես որ, ոչ մի ջախջախիչ պարտություն կամ հաղթանակ տեղի չունեցավ՝ ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքը հավաքեց պատկառելի տոկոս, իսկ իրենց հնարավորությունները փորձարկող տեղական ընդդիմադիր ուժերը չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը։
Ուշագրավ է, որ այս ընտրությունների ժամանակ տեղի ՔՊ-ականները նպատակահարմար էին, գտել, որ Նիկոլ Փաշինյանը ընտրատարածքում չերևա, ինչպես և քիչ աչքի զարնի իրենց թեկնածուի պատկանելությունը ՔՊ-ին։
Պատահական չէ, որ գերագնահատված հաղթանակը տոնելու օրն իսկ Նիկոլ Փաշինյանի նյարդերը չդիմացան, և հրահանգեց խուզարկել առաջատար ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների տները և հարուցել քրեական գործեր։
Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ ընտրություններից հետո դիմելով համայնքի բնակիչներին՝ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։
Ինչո՞ւ է Փաշինյանը բարոյական և քաղաքական ծանր գնով ձեռք բերած հաղթանակից անմիջապես հետո հարկ համարում անդրադառնալու նաև այս թեմային։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գործունեության հիմնական ուղղություններից մեկը դարձրել հակաեկեղեցական պառակտչական պայքարը՝ իր համար ճակատագրական նշանակության ընտրություններից առաջ, երբ ակնհայտ է, որ գրեթե ողջ հայ ժողովրդուրդն ավանդական մայր եկեղեցու հետևորդ է և այս քայլով վարչապետը կորցնում է նաև իր ոչ ստվար համակիր զանգվածներին։

Տրամաբանական բացատրությունն այն է, որ Նիկոլի հիմնական հույսը ոչ թե ընտրողներն են, այլ արտաքին պատվիրատուները։ Որքան ավելի ակնառու է դառնում խորհրդարանական գալիք ընտրություններում ՔՊ-ի հաղթելու անհնարինությունը, Փաշինյանն ավելի մեծ եռանդով է փորձում Հայաստանում առաջ մղել արտաքին ուժերի ծրագրերը։ Բնականաբար, ամեն թելադրող արտաքին ուժ ձգտում է իշխանության բերել այնպիսի դրածոների, որոնք տվյալ երկրում կունենան որոշակի հեղինակություն և իշխանության վրա գոյատևելու կայունության որոշակի ռեսուրս։ Այլ պարագաներում նրանք փորձում են բարոյապես սպառված գործիչներին փոխարինել քիչ վարկաբեկված այնպիսի անձանցով, որոնց քաղաքական շարժումները կարճ ժամանակ անց չեն հեռացնի՝ փոխարինելով սեփական անկախ առաջնորդներով։
Նիկոլ Փաշինյանն այժմ կաշվից դուրս է գալիս ապացուցելու, որ գալիք ընտրություններում ինքն անփոխարինելի է։ Նախ և առաջ նա ազգային ընդդիմությանը ներկայացնում է որպես ռուսական ազդեցության գործակալների, իսկ իրեն, Զելենսկու օրինակով, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և վերջինիս Արևմուտքի տարածաշրջանային գործակիցներով փոխարինելու միակ ունակ գործիչը երկրում։ Փաշինյանը երկիրը մտցրել է մշտական հետապնդումներով և բանտարկություններով ուղեկցվող անկայունության դաշտ՝ փորձելով ապացուցել, որ իր իշխանությունը մնում է կենտրոնաձիգ, ամբողջովին իր կողմից վերահսկելի, մասնավորապես՝ խորհրդարանի, կառավարության, ուժային և իրավապահ համակարգերի պարագայում։
Փաշինյանը պատերազմ է հայտարարել 1700 – ամյա մայր եկեղեցուն. յոթնամյա կառավարման շրջանում նա դպրոցական ծրագրերից դուրս բերեց Հայոց եկեղեցու պատմության ուսուցումը, խզեց իշխանություն-եկեղեցի գործակցությունը, թելադրեց փակելու տասնամյակների ազգանպաստ գործունեություն իրականացրած Մայր եկեղեցուն պատկանող «Շողակաթ» հեռուստաընկերությունը, զրպարտեց, հալածեց ու բանտարկեց բարձրաստիճան հոգևորականների և այսօր հետևողականորեն փորձում է ներսից պառակտել եկեղեցին՝ եկեղեցական իշխանության բերելով իր հակազգային ու թուրքահպատակ իշխանության համար խոսափող ծառայող պիղծ խամաճիկների։ Ժողովրդին սեփական ինքնությունից կտրելու և գլոբալիզմի քայքայիչ հորձանքին հանձնելու համար իշխանությունն ոչնչացնում է ակադեմիական գիտությունը, նոր չափորոշիչների ներդրման անվան տակ ոչնչացնում է կրթության ազգային ռազմավարությունը։ Թվարկված, ինչպես և այս քաղաքականության շատ այլ դրսևորումներ ակնառու են ազգային ապագայի մտահոգություն ունեցող զանգվածների համար, որոնց մոտ փաշինյանական ազգակործան քաղաքականությունն ամրապնդում է ազգային ինքնությունը փրկելու, հակազգային քաղաքականությունը մերժելու կամքը։ Փաշինյանը հասկանում է, որ իրադարձությունների բնականոն ընթացքով հասնելու է իր թշվառ կառավարման վախճանին և ճիգ է անում փոխելու այդ ընթացքը։
Մայր եկեղեցու դեմ ձեռնարկված արշավանքը և Ամենայն հայոց հոգևոր առաջնորդին հեռացնելու սադրիչ հայտարարությունները հետապնդում են նաև ներազգային բախում հրահրելու նպատակը։ Այդ պարագայում բախտախնդիր ղեկավարն առիթ կունենա գալիք ընտրություններն առաջաձգելու կամ հետաձգելու, քրեական հետապնդման ենթարկելու հեղինակություն վայելող գործիչների, ընտրապայքարից դուրս մղելու առավել աչքի ընկնող քաղաքական ուժերի և այլն։ Պատահական չէ, որ Նիկոլը մի քանի անգամ կրկնել է այն միտքը, թե՝ եթե ընդդիմությունը կարող է, թող հեղափոխություն անի։

Ազգային ու պետական շահերը, երկրի կայունությունը սեփական իշխանության պահպանմանը զոհաբերող անձը ճգնում է մրցակցության օրինական հունից դեպի անօրինականության ու քաոսի դաշտ հրել պետությունն ու ազգային ուժերին, որտեղ ինքը կկարողանա իշխանության ապօրինություններն ու բռնությունները «օրինականացնել»՝ գործի դնելով ձեռքին խամաճիկի դեր կատարող ուժային ու իրավապահ համակարգերին։
Մեր հաջորդ միտքը ցանկանում ենք հիմնավորել թերևս քաղաքական էական գործոն չհանդիսացող մեկ երևույթի արձանագրմամբ։ Արդեն երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ջղագրգռության նոպայի հասնելով, փորձում է համոզել իրեն նախորդող երեք ղեկավարներին իր հետ մտնելու հրապարակային բանավեճի մեջ։ Սովորաբար գործող թիվ մեկ ղեկավարները խուսափում են հոգեբանական հավասարության մեջ հայտնվելուց իրենց կարգավիճակով զիջող ընդդիմադիր ղեկավարների հետ։ Նրանք հրաժարվում են կամ դժկամությամբ գնում են նման բանավեճերի, եթե դրանք երկրում հաստատված ավանդույթ են, ինչպես օրինակ ԱՄՆ-ի պարագայում։ Ինչո՞ւ է ուրեմն Նիկոլ Փաշինյանը ցանկանում վար իջնել իր իշխանական բարձունքից։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքն այդպես էլ չդարձավ երկրի ղեկավար։ Նախորդ երեք նախագահներին, անկախ նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ժողովրդի բոլոր հատվածներն ընկալում են որպես պետության ղեկավարների, նրանց ելույթները դառնում են քննարկման և բանավեճերի թեմա, իսկ Նիկոլ Փաշինյանի շատախոսությունը եթե ուշադրության էլ արժանանում է, ապա զարմանալու կամ ծիծաղելու համար։ Այլևս բոլորը հասկացել են, որ երկրի չորրորդ ղեկավարի ասածները կամ անլուրջ են, կամ խաբեություն, նախկին ասածներին հակասող հերթական անհեթեթություններ։
Այլ խոսքով, եթե պետք է համեմատենք ներկա ղեկավարին նախկինների հետ, ապա բոլորի համար ակնհայտ է, որ նախկինները երկրի ղեկավար են, իսկ գործողն այդպես էլ մնաց անհանդուրժող, անպատասխանատու և պառակտիչ ընդդիմադիր։ Նիկոլ Փաշինյանը, հասնելով փառքի գագաթնակետին, կարող էր իր թևերի տակ հավաքել ողջ ժողովրդին՝ հայտարարելով, որ բոլորի առաջնորդն է, բայց կեղծ խոնարհումներից, սրտիկներ ցուցադրելուց և զանազան շոուներից այն կողմ նա մնաց հասարակությունը սև ու սպիտակի բաժանող, իր առաքելությունը չգիտակցող, անկարողությամբ ամեն մի գործ տապալած և ամեն օր երկրում ներհասարակական նոր ցնցումներ ու սադրանքներ հրահրող ընդդիմադիրի տեսակ։ Իր առաքելության բարձրության վրա չգտնվելը ոչ միայն երկիրը տարավ ահավոր կորուստների, այլև հեղինակազրկեց պետությունը, նսեմացրեց հայ ժողովրդին։ Արտաքին աշխարհն ուղղակիորեն ցույց է տալիս, որ դժվար է ակնածանք տածել մի ժողովրդի նկատմամբ, որը Նիկոլի նման ձախողակ, անպատասխանատու և հակազգային մեկին կարող է վերընտրել և 7 տարի ապրել նրա ներոնական թատրոնի պայմաններում։
Ծանր է, անշուշտ, նման բան մտածելն անգամ քո երկրի իմաստնության դարավոր ժառանգություն ունեցող ժողովրդի մասին, սակայն փաստն այն է, որ մենք ապրում ենք այս իրականության պայմաններում։ Իշխանության վրա գտնվող անձեռնհաս ուժն ինքնապահպանման համար ունակ չլինելով արմատական բարեփոխումների, որոնք կհեղաշրջեին հասարակական տրամադրությունները, փորձում է վերջինին հասնել կեղծիքի, դժգոհող բոլոր ձայները լռեցնելու և վախի մթնոլորտ սերմանելու ճանապարհով։ Բազմաթիվ ձերբակալությունների, բիրտ ուժի կիրառման գործելակերպով Նիկոլ Փաշինյանն ուզում է վերականգնել 2018-2019 թվականների վախի այն մթնոլորտը, որը հասարակությանը մղում էր անհուսության ու կրավորականության և այդ պայմաններում համակիր փոքր զանգվածի ուժերով, հեշտությամբ ու առանց աղմուկի կրկին հասնի վերարտադրության ցանկալի նպատակին։ Կհասկանա՞ արդյոք երկրի գլխավոր ընդդիմադիրը, որ ժողովուրդն իր վախը հաղթահարել է, սթափվել է խաբեության թմբիրից, և հարվածներն ավելի կարծր են դարձնում պայքարունակ զանգվածներին։
Տպավորությունն այն է, որ վաղուց հատելով բոլոր կարմիր գծերը՝ երկրի թիվ մեկ պաշտոնին գտնվող ընդդիմադիրը հոգեբանական այն վիճակի մեջ է, թե այլևս կորցնելու բան չունի և գնում է վա բանկ, ոտնահարելով օրենքը, օրինականությունը հասարակության ու պետության շահերը։ Նրան կատաղեցնում է աճող ու ոտքի կանգնող ազգային ուժերի՝ պետության ու երկրի բեռը ստանձնելու տիրոջ պահվածքը, բայց դրա դեմ նրա այլընտրանքը ոչ թե շինիչ, նախաձեռնողական ու առաջանցիկ գործունեությունն է, այլ վարկաբեկումները, ազգային ուժերին գզվռտոցի, հայհոյախոսության ու ցեխարձակումների դաշտ ներքաշելու և այստեղ իրեն հավասարեցնելով վերջիններիս կեղտոտելու գործելակերպը։ Իսկ բախտի քմահաճույքին հանձնված երկիրը ճոճվում է անդունդի և փրկության սահմանագծին։ Կկարողանա՞ ժողովուրդը, համախմբվելով ընդհանուր նպատակի շուրջ, միասնական ուժերով պետության նավը դուրս բերել փրկության հորիզոններ։ Հեշտ գործ չէ, եթե նկատի ունենանք, որ այս պայքարում ազգի և պետության դեմ կանգնած են ադրբեջանաթուրքական միջնորդ ուժն ու Անդրկովկասը վերջիններիս ենթարկեցնել փորձող արտաքին խոշոր ու դարավոր խաղացողները։ Սրանց և սրանց հինգերորդ շարասյան դիմաց հայ ժողովրդի հաղթանակը կնմանվի սեփական մազերից բռնած սեփական մարմինն ու սեփական ձիուն ճահճից դուրս բերելու գրքային հերոս Բարոն Մյունհաուզենի սխրանքին։ Ճակատագրական քննության շեմին ենք՝ իմաստնությունը, անընկճելի կամքն ու արժանապատվությունը մեկ անգամ ևս փաստելու քննության շեմին։
