Խմբագրական. Իրանի կարմիր գծերը եւ Թրամփի «Կովկասի ծրագիրը»
17 Դեկտեմբեր 2025 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՔՕՂԻ ՆԵՐՔՈՅ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՎերջին օրերին Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական բնոյթի զարգացումների շուրջ ինտենսիւացած դիւանագիտական խօսոյթը վկայում է տարածաշրջանում առկայ ստատուս քւոյի փխրունութեան եւ հեռանկարի անորոշութեան մասին, որը պայմանաւորւած է Միացեալ Նահանգների եւ նրա արեւմտեան դաշնակիցների կողմից, տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի եւ ուժերի հաւասարակշռութեան վերաձեւման հետեւողական փորձերով։ Այս գործընթացում ենթակառուցւածքային եւ տրանսպորտային նախաձեռնութիւնները ներկայացւում են որպէս տնտեսական համագործակցութեան, ինտեգրման եւ հաղորդակցական ուղիների ապաշրջափակման ծրագրեր, սակայն գործնականում քաղաքական եւ անվտանգային յստակ ներգործութեան գործիքներ են, որոնք իրենց էութեամբ ուղղւած են նաեւ Իրանի տարածաշրջանային դերակատարութեան սահմանափակմանը եւ նրա անմիջական հարեւանութեամբ նոր ռազմաքաղաքական միջավայրի ձեւաւորմանը։
Այդ համատեքստում, Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի յայտարարութիւնները, որոնք հնչեցին Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Գրիգոր Յակոբեանի հետ հանդիպման ընթացքում, պէտք է դիտարկել ոչ թէ որպէս հռետորական արձագանք, այլ որպէս պաշտօնական Թեհրանի յստակ ձեւակերպւած ռազմավարական դիրքորոշում։ Դրանք առաւել ուշագրաւ են դառնում, երբ համադրւում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քւինի՝ նոյն թեմայով արտայայտած տեսակէտների հետ, որոնք տրամագծօրէն հակառակ աշխարհաքաղաքական տրամաբանութեան արտացոլում են։
Վելայաթին բաց տեքստով յայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսպէս կոչւած «Կովկասի ծրագիրը» Իրանի համար անընդունելի է, քանի որ այն «ոչնչով չի տարբերւում «Զանգեզուրի միջանցք»-ից» եւ ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգութեան համար։ Նրա ձեւակերպմամբ՝ խօսքը վերաբերում է մի նախագծի, որի էութիւնը չի փոխւել, փոխւել է միայն անւանումը եւ իրականացման մեխանիզմը, իսկ նպատակը նոյնն է՝ Իրանից հիւսիս ստեղծել ռազմաքաղաքական նոր իրականութիւն, որը ճանապարհ կը բացի ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ներկայութեան եւ ազդեցութեան տարածման համար։ Վելայաթին ընդգծել է, որ նման միջանցքային տրամաբանութիւնը վտանգաւոր է ոչ միայն Իրանի հիւսիսային սահմանների, այլեւ Ռուսաստանի հարաւային շրջանների համար՝ փաստացիօրէն հաստատելով, որ Թեհրանը խնդիրը դիտարկում է աւելի լայն՝ եւրասիական անվտանգութեան համատեքստում։
Միեւնոյն ժամանակ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քւինը նոյն ծրագիրը ներկայացնում է որպէս տնտեսական եւ տրանսպորտային «ազդեցիկ նախագիծ», որը, նրա խօսքով՝ կարող է կապել Արեւելքն ու Արեւմուտքը՝ Նախիջեւանով, Հայաստանի Շիրակի մարզով եւ Թուրքիայի Կարս նահանգով անցնող երկաթուղային ճանապարհի միջոցով։ Դեսպանը բացայայտ յայտարարել է, որ ԱՄՆ-ը տւեալ հարցում աշխատում է Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը եւս ներգրաււած է այդ գործընթացում՝ փորձելով իրականացնել անհրաժեշտ քայլերը։ Քւինի խօսքում նախագիծը ներկայացւում է որպէս TRIPP անունով տեսլական, որը, ըստ նրա՝ Կենտրոնական Ասիան պիտի կապի Արեւմտեան Եւրոպային՝ օգտագործելով երկար տարիներ աշխարհաքաղաքական պատճառներով փակ մնացած ուղիները։
Այս երկու մօտեցումների հակադրութիւնը ինքնին բացայայտում է խնդրի բուն էութիւնը։ Այն, ինչ Վաշինգտոնը ներկայացնում է որպէս տնտեսական ինտեգրման եւ կապուղիների բացման նախաձեռնութիւն, Թեհրանը դիտարկում է որպէս դասական աշխարհաքաղաքական ներթափանցում, որտեղ տնտեսութիւնը ծառայում է անվտանգութեան եւ ռազմական նպատակներին։ Վելայաթին այդ կապակցութեամբ միանշանակ նշել է, որ «փորձը ցոյց է տալիս, որ ամերիկացիները սկզբում թւացեալ տնտեսական նախագծերով թափանցում են զգայուն տարածաշրջաններ, սակայն աստիճանաբար նրանց ներկայութիւնն ընդլայնւում է՝ ներառելով ռազմական եւ անվտանգութեան չափումներ»։ Սա ոչ թէ ենթադրութիւն է, այլ Իրանի բազմամեայ փորձի վրայ հիմնւած գնահատական՝ սկսած Մերձաւոր Արեւելքից մինչեւ Կենտրոնական Ասիա։
Պաշտօնական Թեհրանի համար առանցքային մտահոգութիւնը կայանում է այն փաստի մէջ, որ նման նախագծերը խախտում են տարածաշրջանում ձեւաւորւած ուժային հաւասարակշռութիւնը եւ ստեղծում նոր անվտանգային սպառնալիքներ Իրանի անմիջական սահմանների երկայնքով։ Վելայաթիի այն շեշտադրումը, որ «որեւէ ձեւաչափով ամերիկեան ներկայութիւնը Իրանի սահմաններին ակնյայտ անվտանգութեան հետեւանքներ ունի», արտացոլում է Իրանի կարմիր գծերի տրամաբանութիւնը։ Թեհրանը բազմիցս յայտարարել է, որ չի հանդուրժի որեւէ միջանցք կամ ենթակառուցւածք, որը կը սահմանափակի իր սուվերեն հաղորդակցութիւնները կամ կապահովի արտատարածաշրջանային ուժերի ռազմական ներկայութիւնը։
Քւինի հաւաստիացումները, թէ Հայաստանը կունենայ «մշտական տեղ բանակցութիւնների սեղանի շուրջ» եւ որ կը պահպանւեն նրա տարածքային ամբողջականութիւնն ու ինքնիշխանութիւնը, պաշտօնական Թեհրանի դիտակէտից չեն վերացնում հիմնարար խնդիրը։ Իրանի ընկալմամբ՝ հարցը միայն իրաւական երաշխիքների կամ պայմանագրային ձեւակերպումների մէջ չէ։ Խնդիրը այն է, որ նման նախագծերը Հայաստանի տարածքը վերածում են մեծ տէրութիւնների մրցակցութեան հարթակի՝ անկախ այն հանգամանքից, թէ ինչպիսի դիւանագիտական փաթեթաւորմամբ են դրանք ներկայացւում։ Այդ առումով Վելայաթիի այն միտքը, թէ ծրագիրը «գործնականում նոյն նախագիծն է, որի անունը պարզապէս փոխւել է», ունի խորքային քաղաքական իմաստ։
Թեհրանի համար ոչ պակաս մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ դեսպանը բացայայտօրէն խօսում է Թուրքիայի հետ ուղիղ աշխատանքի մասին՝ ընդգծելով Անկարայի դերը նախագծի իրականացման մէջ։ Իրանի համար դա լրացուցիչ ազդակ է, քանի որ Թուրքիան տարածաշրջանում հանդէս է գալիս ոչ միայն որպէս տնտեսական դերակատար, այլեւ որպէս ՆԱՏՕ-ի անդամ պետութիւն, որի միջոցով արեւմտեան անվտանգային ճարտարապետութիւնը կարող է տեղափոխւել Կովկաս։
Այս խորապատկերում առանձնայատուկ ուշադրութեան արժանի է նաեւ Հայաստանի գործօնը։ Թեհրանի պաշտօնական մօտեցման մէջ Հայաստանը դիտարկւում է որպէս հարեւան եւ գործընկեր պետութիւն, որի ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնը Իրանի համար ռազմավարական նշանակութիւն ունեն։ Թրամփի «Կովկասի ծրագրի» իրագործումը, Իրանի գնահատմամբ, Հայաստանը կարող է ակամայից ներքաշել մեծ տէրութիւնների եւ տարածաշրջանային կարեւոր խաղացողների մրցակցութեան մէջ, քանզի երբ ենթակառուցւածքային նախագիծը դառնում է աշխարհաքաղաքական մրցակցութեան հարթակ, տւեալ երկրի տարածքը վերածւում է ճնշման եւ հակազդեցութեան օբիեկտի, այլ ոչ թէ ինքնուրոյն զարգացման սուբիեկտի։
Այս տրամաբանութեան սահմանում, պաշտօնական Թեհրանը նաեւ չի անտեսում այն հանգամանքը, որ նման ծրագրերը կարող են բացասաբար ազդել Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնների վրայ։ Եթէ Հայաստանը, թէկուզ տնտեսական շահերի տրամաբանութեամբ, ներգրաււում է մի նախաձեռնութեան մէջ, որը Թեհրանի կողմից ընկալւում է որպէս անվտանգութեան սպառնալիք, ապա դա անխուսափելիօրէն ստեղծում է անվստահութեան մթնոլորտ։ Իրանի կարմիր գծերի անտեսումը կարող է սահմանափակել երկկողմ համագործակցութեան հնարաւորութիւնները՝ յատկապէս տրանսպորտային, էներգետիկ եւ տարածաշրջանային նախագծերի ոլորտներում, որոնք մինչ այժմ կառուցւել են փոխադարձ շահերի եւ անվտանգութեան հաշւեկշռի վրայ։
Վելայաթիի յայտարարութիւններում յստակ երեւում է այն, որ Թեհրանը խնդիրը չի դիտարկում միայն երկկողմ կամ եռակողմ հարթութեան վրայ, այլ այն դիտարկում է որպէս աշխարհաքաղաքական վտանգաւոր ծրագրի մաս, որն ուղղւած է Իրանի տարածաշրջանային դերի սահմանափակմանը եւ նրա շուրջ անվտանգութեան օղակի սեղմմանը։ Այդ համատեքստում Հայաստանը, անկախ իր կամքից, կարող է յայտնւել մի գործընթացի մէջ, որի հետեւանքները երկարաժամկէտ են եւ միանշանակօրէն դժւար վերահսկելի։
Ամփոփելով՝ պէտք է արձանագրել, որ պաշտօնական Թեհրանի դիրքորոշումը Թրամփի «Կովկասի ծրագրի» վերաբերեալ կառուցւած է յստակ անվտանգութեան եւ աշխարհաքաղաքական հաշւարկների վրայ։ Այն հիմնւած է այն համոզման վրայ, որ տնտեսական նախաձեռնութիւնների քօղի տակ առաջ է մղւում արտատարածաշրջանային ռազմաքաղաքական օրակարգ, որը սպառնում է ինչպէս Իրանի, այնպէս էլ Հայաստանի ինքնիշխանութեանը եւ անվտանգային կայունութեանը։ Այս իրողութեան անտեսումը կարող է ոչ միայն խորացնել տարածաշրջանային լարւածութիւնը, այլեւ Հայաստանը դարձնել այնպիսի խաղի ակամայ մասնակից, որը անհամատեղելի է իր առկայ հնարաւորութիւնների եւ տարածաշրջանային կալիբրի հետ, եւ որը նրա համար անխուսափելիօրէն կարող է յղի լինել անդառնալի հետեւանքներով:
Ալիք
