Հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն էլ ավելի կաղքատանան
29 Հունվար 2019
«Նոր իշխանությունների կողմից առաջարկվող փաթեթի համաձայն՝ հարկային քաղաքականությունը եկամտի հարկումից տեղափոխվեց դեպի սպառում, այսինքն՝ անկախ նրանից, թե մարդու եկամուտը որքան է, պետք է վճարեն ավելի շատ հարկեր: Այսինքն, այս տրամաբանությամբ՝ հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն էլ ավելի կաղքատանան, քանի որ եկամտահարկի դրույքաչափերը նվազել են՝ 28%-ից հասնելով 23%-ի, իսկ աղքատներինը նույնն է մնացել»,- այս մասին լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով հարկային դաշտում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններին: Տնտեսագետը հավելում է՝ սա անարդար ռեպրեսիվ հարկային քաղաքականություն է և եկել է նախորդ կառավարությունից, ինչն էլ շարունակում է ներկայիս կառավարությունը:
Մեր զրուցակցի խոսքով՝ 2018թ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 21.3%, իսկ 2019թ համար նախատեսվել է 20.7%. «Հարաբերականորեն, 2019թ. ավելի քիչ հարկեր են գանձվելու, հետևաբար, ստվերն ավելի բարձր է լինելու 2019-ին, քան եղել է 2018-ին: Մենք պետք է հստակ հասկանանք մեր տնտեսության ստվերային հատվածը և փորձենք շահութաբեր ստվերային հատվածներից բերել հարկերը, ոչ թե կենտրոնանանք փոքր կամ գերփոքր բիզնեսի վրա»:
Այն դիտարկմանը, թե որքանով է խելամիտ ղեկավարվում ՀՀ-ի տնտեսական ճյուղը, տնտեսագետ Սուրեն Պարսյանը մանրամասնեց, որ ներկայիս կառավարությունը, չունենալով տնտեսական ծրագիր, իրականացնում է առանձին ուղղություններով բարեփոխումներ կամ ծրագրեր. «Սա սխալ մոտեցում է և սրա հետևանքով մենք ունենալու ենք շեղումներ տնտեսության առանձին ուղղություններով: Մենք նախ պետք է հստակեցնենք մեր տնտեսական մոդելը և դրան ուղղված մեխանիզմներ մշակենք: Մենք չունենք նպատակ»:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ