Մենք կվերադառնանք մեր ակունքներին, հաղթանակը չի ուշանա
01 Մարտ 2026
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Տորոնտոյում փետրվարի 27-ին տեղի ունեցած ՀՅԴ 135-ամյակի միջոցառմանը
Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ,
Մենք միշտ ՀՅ Դաշնակցության օրը նշելը առիթ ենք դարձնում մեր ժողովրդի աառջեւ հաշվետվություն ներկայացնելու, անցած ճանապարհը վերլուծելու եւ ապագա անելիքների մասին խոսելու համար:
Այս տոնակատարությունը առանձնահատուկ է, ես կասեի՝ նաև պատմական, որովհետեւ սա ոչ միայն հերթական տոնակատարություն է, արարողություն, որ համընկնում է մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածի հետ: Եվ այսօր մեր բոլոր կառույցներում այս տրամաբանությամբ ենք 135-ամյակը նշում: Սա մեզ համար նորից մեր ուխտի թարմացումն է, մեր երդման թարմացումը և առաջին հերթին դաշնակցականի կերպարի վերահաստատումը:
Պատահական չէ, որ մենք երդմամբ ու խոստումներով ենք միշտ ստանձնել պարտավորություն՝ ծառայել մեր ժողովրդին , ծառայել մեր հայրենիքին: Եվ այսօր ամենակարևոր ու ամենավճռական պահն է հասել՝ առանց չափազանցության: Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել այն ճանապարհը, որ Հայաստանն անցավ այս իշխանությունների գալով, ամփոփել այս ութ տարիները, անել ճիշտ եզրակացություններ, հասկանալ թե դեպի ուր պետք է շարունակվի մեր ընթացքը:
Այս 8 տարիներն իսկապես ցույց տվեցին, որ մենք գահավիժման մեջ ենք: Ինչ ունեինք 2018թվականին եւ ինչ ունենք հիմա: Սա մեր ընդհանուր գնահատմանն է կարոտ, եւ մենք պարտավոր ենք բաց հայացքով, անկողմնակալ եւ անաչառ կերպով այս գնահատումն անել: Մենք 2018 թվականին ունեինք հաղթանակած ժողովուրդ, ունեինք ամբողջական, լիարժեք վերահսկողություն Հայաստանի եւ Արցախի տարածքների վրա, իսկ այսօր ունենք պարտության դառնության տակ կքած հասարակություն, կորսված Աևցախ եւ լուրջ մարտահրավերներ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հետ կապված: Ունեինք 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքների վրա հայկական վերահսկողություն, իսկ հիմա՝ Հայաստանի Հանրապետության խորհրդային ժամանակներից ժառանգած 29 հազար 743 քառակուսի կիլոմետր, որի մասին այդքան խոսում են այս իշխանությունները, բայց դա էլ պահպանված չէ: Այսօր թշնամին մեր տարածքում է: Մեր տարածքներից մոտավորապես 250 քառակուսի կիլոմետր թշնամու վերահսկողության տակ է: Վտանգված է մեր ինքնիշխանությունը:
Ինչո՞ւ այդպես եղավ: Եղավ մեկ պարզ պատճառով, որ մենք կորցրեցինք այն ուժի աղբյուրը, որի հիման վրա ձեռք էին բերվել մեր հաղթանակները: Մեր ազատամարտի հաղթանակը՝ դարեր սպասված, մեր ժողովրդի կողմից կերտված հաղթանակը, ուներ մեկ աղբյուր, դա եռամիասնությունն էր՝ Հայաստան- Արցախ- Սփյուռք: Այդ եռամիասնությունից այսօր բան չի մնացել: Մեր հաասրակությունը պառակտված է, թե Հայաստանի ներսում, թե հայրենիք-սփյուռք կապերն են օր-օրի նեղանում, նվազում, կտրվում: Ամենամեծ հարվածները մենք միշտ ստացել ենք այն ժամանակ, երբ պառակտված ենք եղել: Եվ պարտություններն այդ առումով չուշացան: Կորցնելով այս եռամիասնությունը՝ մենք ինքներս մեր մեջ սկսեցինք կասկածել մեր անցած ճանապարհի ճշմարտությանը:
Օրվա իշխանությունները գաղափարական, քարոզչական մի թեզ են տանում, որ իբր մինչեւ իրենց գալը, մենք սխալ ենք ապրել, որ ընդհանրապես Հայաստանը եւ հայ ժողովուրդը կոնֆլիկտներ է ստեղծել իր հարեւանների հետ եւ այդ կոնֆլիկտների պատճառով անընդհատ հայտվել ենք այս հալածվող վիճակում: Իսկ այդ կոնֆլիկտների հիմքում, մոռանում են նկատել, որ եղել է մեր ազգային ինքնությունը:
Այո, մենք որեւէ մեկին որեւէ ձեւով չենք վիրավորել, նրանց արժանապատվությունը մեր գործողությունների արդյունքում չի տուժել, բայց կոնֆլիկտը միշտ եղել է մեր ինքնության հետ կապված: Թե ադրբեջանցիները, թե թուրքերը մեր ամբողջ պատմության ընթացքում խնդիր են ունեցել հենց մեր հայ տեսակի հետ: Եւ այսօր էլ, դրա ապացույցներն ակնհայտ են՝ Արցախը հայաթափվել է, բայց Ադրբեջանը շարունակում է ջնջել հայկական հետքը Արցախում: Սա միայն մեկ բանի մասին կարող է խոսել՝ նրանք հաշտ չեն մեր տեսակի հետ, մեր ինքնության հետ: Եվ հենց այս առումով այսօր Դաշնակցության առաքելությունը նաեւ այն է, որ լինի մեր հիմնական ուղղորդողը:
Դաշնակցությունը հենց դրա համար էլ ստեղծվել է. պահպանել հայկական ինքնությունը, պաշտպանել մեր անժամանցելի իրավունքները եւ տեր կանգնել մեր հայ տեսակին:
Դաշնակցության ամբողջ ճանապարհը դրա մասին է խոսում: Մենք միշտ մեր ժողովրդի հետ ենք, ժողովրդի կողքին, երբ անհրաժեշտ է նրա իրավունքներն ու ինքնությունը պաշտպանել:
Այսօր վտանգված է մեր ինքնությունը, իսկ իրավունքներն ընդհանրապես պաշտպանող չկա: Կա Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մի վարչախումբ, բայց ժողովրդի իրավունքները ներկայացնողն ու պաշտպանողը չկա:
Բոլոր այն հանդիպումներին, որոնց մենք ականատես ենք լինում միջազգային հարթակներում, այո, կա երկիրը ներկայացնողը որպես իշխանություն, բայց ժողովրդի իրավունքի հարցերն այդ բանակցային սեղանների վրա չկան: Չկան, որովհետև ժողովրդի իրավունքները չեն պաշտպանվում:
8 տարի շարունակ այս իշխանություններն անընդհատ զիջել ու զիջել են այն ամենը, ինչ պահանջել են մեր հակառակորդներն ու մեր թշնամիները: Եվ այս զիջումների կործանարար ընթացքը կանգնեցնել է պետք: Ուրիշ ճանապարհ չկա:
Մենք պարտավոր ենք այս գահավիժումը կանգնեցնել: Այս 8 տարիներին մենք այնպիսի բաներ տեսանք, որ մտքով իսկ չէինք կարող անցկացնել:
Ով կարող էր մտածել, թե կարող է Հայաստանում լինել այնպիսի ղեկավարություն, որն իր ձեռքով ստորագրի փաստաթուղթ, որով Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում: Բավական չէ, որ դա անում են, նաև հայտարարում են՝ Արցախը թոկ էր մեր վզին, Արցախից պետք է ազատվեինք, որպեսզի, իբր, Հայաստանի անկախությունը ամրապնդեինք:
Մտախանգարում պետք է ունենա մարդ, որ մտածի, թե թշնամուն հանձնվելը, պարտվելը, կարող է հաջողություն ապահովել: Եվ պատահական չէ, որ այսօրվա իշխանությունները հպարտանում են իրենց պարտությամբ:
Նրանք հայտարարում են, որ այո, 44-օրյա պատերազմում գնացել ենք գիտակցված պարտության, որ պաշտպանենք մեր անկախությունը… Տվել ենք Արցախը, որ պաշտպանենք Հայաստանը, իբր մասը զիջել ենք, որ ամբողջը պահպանենք՝ սա է իրենց տրամաբանությունը: Բայց չեն անդրադառնում, որ այդ մասը օրգանիզմի կենսական օրգանն է, և չես կարող այդ կենսական օրգանը զիջելով՝ մարմինդ պահպանել:
Մեր կորուստների հետևանքներն իրենց սպասեցնել չտվեցին: Արցախը հանձնվեց, բայց վտանգներն այսօր բախում են սահմանին ապրող հայ մարդկանց դռները, և այսօր Հայաստանն է կանգնած այն նույն վտանգների առաջ, որոնց առջև հայտնվեցին Արցախն ու Արցախի ժողովուրդը, Սյունիքն է վտանգված: Եվ այն ինչ այսօր մեզնից պահանջում են մեր հարևան կոչվածները, կապված է մեր ինքնության հետ:
Նրանք անընդհատ նորանոր զիջումներ են պահանջում, իսկ այդ զիջումներին տուրք տալը ՀՀ իշխանությունները ներկայացնում են որպես մեծագույն ձեռքբերում, իրական Հայաստանի կերտում, ավելի պայծառ ու ավելի հեռանկարային ապագայի գրավական:
Իրավիճակը, որ առաջացել է այս իշխանությունների ապաշնորհության պատճառով, մենք պարտավոր ենք փոխել: Առաջին հերթին դա պետք է անի Դաշնակցությունը: Մեզ այսօր կանգնեցրել են կամ կապիտուլացվել, կամ պատերազմել երկընտրանքի առջև: Այս իշխանությունները չեն էլ թաքցնում, որ եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, հաջորդ օրը պատերազմ է սկսվելու: Պատերազմի կորուստներից դեռ ուշքի չեկած ժողովրդին անընդհատ վախեցնում են նոր պատերազմով: Եվ դա անում են մի պարզ տրամաբանությամբ՝ ասելու համար, որ մենք անզոր ենք, պետք է ենթարկվենք թշնամու պահանջներին, հակառակ դեպքում ամեն ինչ կկորցնենք:
Բայց մենք հավատում ենք մեր հավաքական ուժին: Այն, ինչի մասին Դաշնակցությունն անընդհատ խոսում է, անգամ մեր մեծերն են ասել՝ ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է: Մեր փրկությունն, այո, մեր հավաքական ուժի մեջ է, և այդ ուժը մենք պետք է ձևավորենք:
Բոլոր նրանք, որ ասում են՝ հայն անկարող է, անզոր է, ընդամենը թշնամու ցանկությունն են կատարում: Մենք մեր ուժը նախ պետք է մեր մեջ գտնենք, ապա դաշնակցենք բոլոր այն արտաքին ուժերի և երկրների հետ, որոնց համար նույնպես կարևոր է մեր ինքնության պահպանումը: Եվ կան այդպիսի երկրներ, որոնք իսկապես չեն ցանկանում մեր ինքնության վերացումն ու ոչնչացումը, ինչպես դա պահանջում է թուրք-ադրբեջանական տանդեմը:
Այդ ուժերի հետ մեր հարաբերություններն այսօր խզված են: Գիտակցված իրականացվել է մի քաղաքականություն, որ մեզ մղեն անզորության, անկարողության և մենք ստիպված լինենք ընտրություն կատարել կապիտուլյացիայի և պատերազմի միջև: Մեր ժողովրդին պետք է հենց սրանից ազատել, վերադարձնել նրան իր ուժի հանդեպ հավատը և վստահությունը:
Մենք այսպես ենք հաղթանակներ կերտել, մեր ինքնությունը պահպանել և այսօր էլ կա դրա անհրաժեշտությունը: Մենք նորից պետք է վերադառնանք մեր արմատներին, որոնցից ծնվել ու առաջացել են մեր հաջողություններն ու հաղթանակները:
Այսօր Դաշնակցությունը պետք է վերադառնա 135 տարի առաջվա այն վիճակին, երբ հայ հեղափոխականները միավորվեցին՝ հայ ժողովրդի փրկության ուխտով:
Այսօր հայ հեղափոխականների միավորման անհրաժեշտություն կա, անհրաժեշտություն կա: Բոլորն, ովքեր հավատում են մեր հավաքական ուժի զորությանը, հավատում են, որ մենք կարող ենք և պարտավոր ենք մեր երկիրն ու մեր ապագան ինքներս տնօրինել, պետք է համախմբվեն:
Այսպիսի խոսք կա՝ որտեղ չարը շատացավ, բարին ամրացավ: Մենք պետք է բարին ամրացնենք մեր մեջ: Մենք պետք է կարողանանք հասնել միասնության իրական ընդդիմադիր դաշտում, որտեղ մի կողմ են դրվում բոլոր տարաձայնությունները, և ուժերը մեկ հստակ նպատակի շուրջ են համախմբվում, այն է՝ պահպանել մեր ինքնությունն ապահովող բոլոր արժեքներն ու աղբյուրները: Եվ ով դեմ չէ այս նպատակին, մենք պետք է համարենք, որ մեզ հետ է:
Ես վստահ եմ, որ այդ միավորումը, ինչպես մի ժամանակ տեղի ունեցավ հայ հեղափոխականների դաշնակցելու արդյունքում, մեր ժողովրդին այս դաժան փորձություններից հետո կբերի լուսավոր ապագա:
Նույն բանն է տեղի ունեցել Ավարայրում՝ 451 թվականին, երբ «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ անմահություն» կարգախոսով, վասն հավատի մեր նախնիները ելան պայքարի ու պահպանեցին մեր ինքնությունը:
Այսօր նույն խնդիրն է դրված մեր առջև՝ պարտավոր ենք վասն հայրենյաց և վասն հավատի միավորվել և դուրս բերել ժողովրդին այս վիճակից, այս պարտության մղձավանջից ազատել մեր ժողովրդին:
Պարտավոր ենք ժողովրդին վերադարձնել հաղթանակի բերկրանքը: Մեր ժողովուրդը հաղթող ու հաղթած ժողովուրդ է, Ավարայրով ու Սարդարապատով անցած, կոփված, հաղթանակներ կերտած, Արցախի ազատամարտով հաջողած ժողովուրդ է:
Մենք այդ սերունդն ենք և մենք պետք է վերադարձնենք մեր ժողովրդի հավատը՝ սա է Դաշնակցության առաքելությունը այսօր:
Մենք պետք է վերականգնենք մեր ուխտը և լծվենք գործի, որ կարողանանք թոթափել այս անհույս վիճակը և մեր ժողովրդի միջից հանել հուսահատությունը և վերականգնենք հավատը մեր ուժերի նկատմամբ:
Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն այսօր գիտակցում է, թե ինչ ավեր է տեղի ունեցել այս ընթացքում, որ պետք է կանգնեցնել այս 8 տարիների գահավիժումը: Մենք պետք է կարողանանք վերագտնել մեր կորցրածը, միավորվել, և, ինչպես արդեն ասացի, վասն հայրենյաց և վասն հավատի գնալ ու այս բոլոր խնդիրներին լուծում տալ:
Մենք այսօր հենց այդ օրակարգի վրա ենք: Այսօր մենք Հայաստանում, մի կողմ դրած բոլոր տարաձայնությունները, աշխատում ենք այս գաղափարի շուրջ: Այս տագնապը, որ գոյություն ունի հասարակության մեջ՝ մեր ինքնության և անվտանգության հետ կապված, մեզ դրդում է միավորելու բոլոր առողջ ուժերին: Եվ արդեն իսկ բավական հաջող ընթացքի մեջ է այդ աշխատանքը, ու նաև մեր սփյուռքի հայությունը պետք է դիտորդի դերում չլինի: Այսօր անտարբեր հայ չպետք է լինի, այսօր մի կողմ քաշված հայ չպետք է լինի, մենք պետք է հասկանանք, որ իսկապես կյանքի ու մահու կռիվ է, մեր լինել-չլինելու հարցն է: Սա պետք է մեզ միավորի այնպես, ինչպես միավորել է մեր հաղթանակների ճակատամարտերի օրերին և մեր Ազատամարտի ժամանակ:
Այս ամենի գիտակցումն է, որ Դաշնակցության 135- ամյակի արարողությունը ոչ միայն պարզ տոնակատարություն է, այև մեր ուխտի վերահաստատումն է, մեր երդման վերահաստատումն է: Առաջինը մենք պետք է այդ օրինակը ցույց տանք, մենք պետք է մեր շարքերին համախմբենք այդ գաղափարի շուրջ՝ մեր ինքնության ու անվտանգության հետ կապված վտանգը հաղթահարելու նպատակի շուրջ:
Խաղաղության այս սուտ ու կեղծ պատրանքից մեր ժողովրդին պետք է ազատենք: Սա խաղաղություն կոչելը միամտություն է: Աստվածաշունչը լավ հաստատում ունի այս կապակցությամբ, ասում է՝ չարի հետ զինադադարը խաղաղության տեղ մի դրեք: Սա ընդամենը զինադադար է, զինադադար է մի հակառակորդի հետ, որ ձգտում է մեր ինքնության ոչնչացմանը: Եվ այդ զինադադարը կխախտվի հենց այն պահին, երբ թշնամու հերթական պահանջը չբավարարենք: Իսկ հերթական պահանջներ սպասվում են… Եթե ընտրություններից հետո այս իշխանությունները պահպանվեն, հերթական պահանջները լինելու են ուղղակի կործանարար: Եթե դրանցից անգամ մեկը իրականացվի, 300 հազար ադրբեջանցիների վերադարձ, Հայաստանն իսկապես կդառնա «արևմտյան Ադրբեջան»: Եվ ուրեմն սա ոչ թե իսկական խաղաղություն է, այլ խաղաղություն է թուրքացման դիմաց, խաղաղություն է՝ «արևմտյան Ադրբեջան» դառնալու դիմաց: Մենք պետք խոսենք իրական խաղաղության մասին: Իրական խաղաղությունն արժանապատիվ խաղաղությունն է, երաշխավորված խաղաղությունը:
Իսկ խաղաղությունն արժանապատիվ և երաշխավորված կարող է լինել, եթե բավարարում է առնվազն երկու պայման:
Առաջին՝ այն պետք է լուծի երկու կողմերի օրինական գլխավոր պահանջներն ու հարցերը և երկրորդ՝ պետք է հաստատվի ուժերի հավասարակշռության պայմաններում: Այսօր ոչ մեկը կա, ոչ մյուսը: Հայկական կողմի ոչ մի խնդիր չի լուծվում: Բոլոր այս ծրագրերը, որոնք իրականացվում են այս խաղաղության համատեքստում, այդ թվում և TRIPP-ը, սպասարկում են միայն թուրք-ադրբեջանական շահերը: Չկա փոխադարձություն: Եթե ուզում են Հայաստանը դառնա խաչմերուկ, ուրեմն այդ TRIPP-ը չպետք է սահմանափակվի 42 կիլոմետրով, այլ պետք է գա, անցնի Նախիջևանով և հասնի Երասխ: Ինչո՞ւ չի գալիս, ինչո՞ւ են թուրքերը զուգահեռ ճանապարհ կառուցում Արաքսի մյուս ափին 224 կմ երկարությամբ՝ շատ ավելի ծանր ռելիեֆներ հաղթահարելով, եթե կա ավելի կարճ ճանապարհ, որով Հայաստանը Նախիջևանով կարող է միանալ Կարսին: Ամեն ինչ պարզ է՝ իրենց նպատակը Հայաստանը շրջանցելն է, իրենց նպատակը հայկական գործոնն այս տարածաշրջանում վերացնելն է: Մենք իրական խաղաղությանը մոտիկ անգամ չենք: Իրական խաղաղություն, ինչպես ասացի, կարող է լինել կողմերի օրինական շահերը, օրինական պահանջներն ու իրավունքները հարգելով և ուժերի հավասարակշոըթյան պայմաններում: Մինչդեռ մինչ օրս խոսակցությունը գնում է հաղթողի և պարտվողի միջև: Այսօր հաղթողն ինչ պահանջում է, պարտվողը կատարում է: Պետք է այս վիճակից ազատվել:
Չի կարող այլևս դարերի փորձություններով անցած, հաղթանակներ տեսած ժողովրդին ղեկավարել պարտության սիմվոլը: Բավական է, ուղղակի չի կարող: Մենք պետք է ազատվենք դրանից: Մենք պետք է վերագտնենք ինքներս մեզ, և հաղթանակները երկար սպասեցնել չեն տա: Այո, մենք պարտավոր ենք մեր բոլոր խնդիրները լուծել:
Մեզ համար Արցախի հարցը փակված չէ, մեզ համար Արցախ վերադարձի հարցը օրակարգի վրա է: Մենք պետք է ապահովենք արցախահայության արժանապատիվ վերադարձի իրավունքը: Եվ դա հնարավոր է: Մենք Բաքվի բանտերից պետք է հետ բերենք մեր գերիներին: Սրանք նվազագույն պահանջներ են, որոնք, եթե չեն կատարվում, անիմաստ է դառնում խաղաղության մասին խոսելն անգամ: Այս խնդիրներն այսօր անտեսված են, որովհետև մենք շարժվում ենք այս իշխանությունների թեթև ձեռքով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելու ուղղությամբ:
Իսկ այդ պահանջները վերջ չունեն, իսկ ավելի ճիշտ վերջ կունենան այն ժամանակ, երբ իրենք համարեն, որ մեր ինքնությունից բան չի մնացել, և մենք սկսենք բնակվել մի տարածքում, որը գուցե ունենա անուն, բայց կլինի թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդը:
Մենք ուզում ենք ունենալ մեր անկախ և ինքնուրույն պետությունը և կարողանանք մեր սերունդներին ժառանգել մի հայրենիք, որտեղ կպահպանվի հայկական ինքնությունը, երաշխավորված կլինեն մեր իրավունքները և կունենանք այն ապագան, որ իրենց պայքարով մեր նախկիններն են մեզ փոխանցել և պատվիրել, որ մենք այդ պայքարը շարունակենք հանուն այդ նպատակի:
Եվ ուրեմն այսօր, Տորոնտոյի մեր համայնքի առջև մեր ուխտի վերադարձի կոչն է, որ ուզում եմ հղել: Մենք պարտավոր ենք իրականացնել համահայկական զորաշարժ: Եվ դա պետք է սկսեն հենց դաշնակցականները՝ համադաշնակցական զորաշարժով պետք է հասնենք համահայկական զորաշարժի սփյուռքում: Իսկ Հայաստանում մեր օրակարգի վրա է համախմբել ընդդիմությանը, ստեղծել միասնական կուռ ճակատ, որ կարողանանք մեր ժողովրդին ազատել «կապիտուլյացիա՞, թե՞ պատերազմ» կործանարար երկընտրանքից: Եվ ես վստահ եմ, որ մենք դա հաջողելու ենք, նորից մեր ժողովրդին վերադարձնելու ենք հաղթանակի բերկրանքը և մեր ժողովուրդը պայծառ ապագա է ունենալու:
Մենք իրավունք չունենք այս ընտրություններով մեզ տրված շանսը կորցնել: Դա կլինի անշրջելիության այն սահմանագիծը, որից հետո կորուստները շատ ավելի արագ ընթացք կստանան: Մենք չենք կարող թույլ տալ, որ անշրջելիության այդ սահմանագիծը հատվի: Մենք պետք է կանգնեցնենք գահավիժումը և նոր ընթացք հաղորդենք հայության ու Հայաստանի հեռանկարին:
Եվ ուրեմն, թող մեր ուխտով և մեր երդման հավատարմությամբ այս գործընթացն իրականացնենք Հայաստանում և հայության բոլոր օջախներում: Մենք ունենք 3 ամիս: Այդ ամիսներին ի գործ: Թևերը քշտած՝ մտնենք այդ գործի մեջ, աշխատենք ամեն տեղ, որ այդ գաղափարներն ընկալվեն ու հասկանալի դառնան, որ մենք այսօր սովորական ընտրության չենք գնում: Առաջիկա ընտրություններով այս կամ այն ուժի խորհրդարան մտնելու հարց չէ, որ լուծվում է: Այս ընտրությամբ որոշվում է, որ կամ մենք ունենալու ենք ինքնուրույն, մեր ազգային արժանապատվությունը պաշտպանող պետություն, կամ գնալու ենք թուրքացման ճանապարհով, և մեր կորուստները գնալով ավելի են շատանալու:
Ես վստահ եմ, որ այս սերունդն այդ հաղթանակը կերտող սերունդն է, Արցախյան ազատամարտն իր աչքերով տեսած սերունդն է, իսկ դա նշանակում է, որ մենք կվերադառնանք մեր ակունքներին, և հաղթանակը չի ուշանա:
Առաջ, վասն հայրենյաց և վասն հավատի:
Կեցցե՛ Հայությունը և Հայաստանը
Կեցցե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը
