Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովը
11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովը, որը միտված է վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին և մարտահրավերներին դիմակայելուն։
Խորհրդաժողովը համախմբել է ավելի քան 25 երկրից շուրջ 150 ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպությունների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագետների, գործարարների և երիտասարդների։
Խորհրդաժողովի նպատակն է հավաքաբար քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը՝ ձևավորելով միասնական ու նպատակաուղղված դիրքորոշում՝ ի պաշտպանություն և հզորացում Հայաստանի պետության, հայկական սփյուռքի և, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի։
Համաժողովը բացեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գևորգյանը: Նա իր ելույթում արձանագրեց իրավիճակը, որը ստիպել է նման աննախադեպ միջոցառում կազմակերպել: Դա այն օրհասական վիճակն է, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, այն մարտահրավերները, որոնք վտանգում են հայի ինքնությունը և վտանգում Հայաստան պետությունը: Նա խոսեց իշխանությունների կողմից ցեղասպանության ժխտման, ստորացուցիչ խաղաղության, եկեղեցու դեմ պայքարի մասին: Արցախն անվանեց չմարող վերք և շեշտեց,որ այս կործանարար ընթացքը վտանգում է նաև հայկական սփյուռքը, հիասթափեցնում սփյուռքահայությանը, մղում ինքնամփոփման, օտարում իր հայրենիքից: Բյուրոյի անդամն ամփոփեց` մենք պետք է գործենք ոչ միայն ընդդեմ վտանգների, այլև հանուն համազգային նպատակների:
Ապա հնչեցին երկու կաթողիկոսների` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ողջույնի ուղերձները:
Ողջույնի խոսք ասացին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Կարեւորելով նախաձեռնությունը՝ խորհրդաժողովի մասնակից, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է. «Մեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի։ Այս օրերին քննարկումների կենտրոնում են լինելու՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր հորիզոններն ու առկա ճգնաժամի հաղթահարումը, Հայկական ինքնությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում ազգային կառույների և Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը. Համահայկական միասնական օրակարգի ձևավորումը»։
Խորհրդաժողովի աշխատանքները կշարունակվեն ապրիլի 12-ին:















