ՀՀ-ն չպետք է միայն ԱՄՆ-ի հետ բանակցի
15 Փետրվար 2019
Փետրվարի 15-ին «Փաստարկ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի մամուլի ասուլիսը:
Ըստ Կիրո Մանոյանի՝ Ադրբեջանի մոտեցումները ցույց չեն տալիս՝ արդյո՞ք Ալիևը համաձայն է Արցախյան հակամարտության բանակցություններում ձևաչափի փոփոխման: Մանոյանի պնդմամբ՝ Ադրբեջանի համար անհասկանալի են վարչապետ Փաշինյանի գործողությունները: Արցախի և Հայաստանի միացման հարցի բարձրացումը, ըստ ՀՅԴ անդամի, կարող է բավականին բարդություններ առաջ բերել:
«Ոմանք գտնում են, որ նոր հայտարարության կարիք չկա միացման մասին: Որովհետև կա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի միացման որոշումը, որը ամրագրված էր նաև անկախության մասին հռչակագրում»,- նշում է Մանոյանը: Շարունակելով՝ նշում է, որ եղել է նաև Արցախի անկախության հռչակում:
Քաղաքական գործիչը կարևորում է Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը ինչ որ չափով, եթե ոչ ամբողջովին՝ երկու պետությունների միջև համագործակցության պայմանագրի ստորագրությամբ:
«Այդ բոլորը պետք է օրենքով ամրագրված լինեն: Այսինքն, որ ՀՀ վարչապետը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, ՀՀ-ն չի կարող բանակցություններում փոխարինել ԼՂՀ-ին և այլն. այս բոլորը պարզ քաղաքական հայտարարություններ չպետք է լինեն»,- շեշտում է նա:
Մանոյանը նշում է, որ ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս կառավարության ծրագրում բացակայում է «Արցախ» բառը:
«Արտաքին ճակատում մենք ասել ենք այն, որ իրականում նույն մոտեցումներն են նախորդ կառավարությունների նման»,- ընդգծում է Կիրո Մանոյանը՝ խոսելով ՀՅԴ նախկին հայտարությունից մի դրվագ: Առանձնացնում է, որ Փաշինյանի կառավարության ծրագրում, ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի՝ խոսք չկա Թուրքիայի հետ հարաբերությունների մասին:
Քաղաքական գործչի համար տարօրինակ է կառավարության ծրագրում տեղ գտած այն մասը, ըստ որի՝ Հայաստանը շարունակելու է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը տարածաշրջանում կայունության պահպանման գծով և հարցադրում է անում. «Անհասկանալի է, թե ինչո՞ւ միայն պետք է Միացյալ Նահանգների հետ ՀՀ-ն բանակցի, քննարկումներ կատարի տարածաշրջանում կայունության պահպանման գծով: Մանավանդ, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում չէ, տարածաշրջանի երկրների հետ է պետք, որ դա արվի»:
a1plus.am
Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, պետք է օրենքով ամրագրել
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հայկական կողմը չի համարում բանակցություն, բայց, մյուս կողմից, խոսակցություններ են գնում, որից տպավորություն ես ստանում, որ մադրիդյան սկզբունքներն այլևս գոյություն չունեն: Մասնավորապես` վերջերս «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այս առնչությամբ ասել է՝ ո’չ հայկական կողմն է դրանց մասին խոսում, ո’չ ադրբեջանական կողմը, ո’չ էլ միջնորդները: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ կարելի է, ուղղակիորեն Հայաստանի հետ խոսելով և շփման գծում զինադադարի խախտումները նվազեցնելով, առնվազն շփվել, եթե ոչ՝ բանակցել: Բայց սա շարունակություն չի կարող ունենալ, որովհետև Ադրբեջանն այնպիսի մոտեցումներ է ցուցաբերում, որ պարզ չէ` համաձայն լինելո՞ւ է, որ ձևաչափը փոխվի, և Արցախի իշխանությունները ևս մասնակցեն բանակցություններին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստան-Արցախ վերամիավորմանը, Կիրո Մանոյանն ասաց, որ դրան միանգամից հասնել հնարավոր չէ, և որ դա կարող է բարդությունների պատճառ դառնալ, ուստի առաջարկում են կնքել Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք: «Նման պայմանագրի անհրաժեշտության մասին մենք արդեն 10-12 տարի բարձրաձայնում ենք: Հիմա առավել քան կարևոր է այն, որովհետև վարչապետի արած հայտարարությունները պետք է օրենքով ամրագրել, այն է՝ Հայաստանի վարչապետը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, Հայաստանը չի կարող կարգավորման բանակցություններում փոխարինել Արցախին: Այս ամենը չպետք է զուտ հայտարարություններ լինեն, այլ պետք է օրենքով ամրագրվեն»,- ընդգծեց դաշնակցական գործիչը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող քննարկվել, և դրան ադրբեջանական կողմի արձագանքին` Կիրո Մանոյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է ստեղծված նոր իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն, ինչը որոշ չափով կհաջողվի: «Կարծում եմ` Ալիևը շփոթմունքի մեջ է, քանի որ ՀՀ իշխանություններից միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսել «Խաղաղության դիմաց` տարածքներ» բանաձևից, ինչի պատճառով ստիպված եղավ իր շրջապատի ճնշումների արդյունքում հրաժարական տալ: Դրանից հետո որևէ իշխանություն, այդ թվում՝ Փաշինյանը, նման բան չի հայտարարել: Հիմք չկա ասելու, որ ինչ-որ բան կհաջողվի կորզել, բայց մենք Ադրբեջանին ակամայից աջակցում ենք, որ նա իր վարկը շտկի, թե կարելի է, Հայաստանի հետ խոսելով, Ադրբեջանը մի քիչ խելոք նստի, կարելի է նույնիսկ, առանց միջնորդների մասնակցության, երկուսով խոսեն: Եվ սա դրական իմիջ է ստեղծում Ադրբեջանի և դրա նախագահի նկատմամբ, ես կասեի՝ սա նրանց նվիրում ենք»,-նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:
Yerkir.am-ի դիտարկմանը՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ «առանց ԵԱՀԿ-ի` Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ, պետք չէ նվաստացուցիչ կերպով հանդիպումներ փնտրել «կուլիսներում», կարելի՞ է ենթադրել, որ այս ձևաչափով հանդիպումները վտանգում են ՄԽ ձևաչափի գոյությունը կամ կենսունակությունը, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Նայած թե որքան երկար կտևի ընթացքը, որքան երկար նրանք երկուսով կխոսեն` առանց միջնորդների: Միջնորդների դերակատարությունը կարևոր է 2-3 կողմի կարծիքների հիման վրա ինչ-որ բանաձև առաջարկելու առումով: Ես չեմ պատկերացնում, որ երկու հոգով մենակ նստած լինելու պարագայում ինչ-որ բանաձև մեջտեղ կգա: Այսինքն՝ միջնորդների դերը կարևոր է, և եթե երկար տևեն այս հանդիպումները, դա կարող է հանգեցնել ձևախեղման. կարծես ձևավորվում է միտք, որ նրանք երկուսով կարող են խոսել, ուրեմն պետք չէ խանգարել, մինչդեռ` առանց միջնորդների հնարավոր չէ նոր առաջարկի հասնել: Մյուս կողմից` չպետք է անտեսենք փաստը, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները տեղի են ունենում ԵԱՀԿ ՄԽ-ի մասնակցությամբ»:
Կառավարության ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» եզրույթը, ինչպես և չի եղել նախափաշինյանական կառավարության ծրագրում, մինչդեռ այս ձևակերպման առկայությունն անհրաժեշտ է, այլ կերպ՝ անհրաժեշտ է, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականության մի մասը միտված լինի Արցախի անկախության միջազգային ճանաչմանը ,- ասաց Կիրո Մանոյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր, որ Արցախի ճանաչումը ՀՀ-ի կողմից կհանգեցնի պատերազմի վերսկսման:
ՀՅԴ Բյուրոյի անդամն ուշադրություն հրավիրեց նաև այն փաստի վրա, որ ինչպես Սերժ Սարգսյանի կառավարության, այնպես էլ Փաշինյանի կառավարության ծրագրում չի խոսվում Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման մասին, թեպետ նախկինների օրոք բառամթերքի մեջ մտել էր՝ «Ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հետևանքների վերացում» ձևակերպումը:
«Ոչ Փաշինյանի նախորդ կառավարության, ոչ էլ դրանից առաջ կառավարության ծրագրերում այդ եզրույթը չի մտել, բայց անհրաժեշտ է, որ մտնի: Այլ բան էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, այլ բան է կառավարության ծրագրում լինելը»,-ընդգծեց նա՝ նկատելով, որ եթե Սերժ Սարգսյանի կառավարության ծրագրում ամրագրված էր առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, ապա Փաշինյանի կառավարության ծրագրում Թուրքիայի մասին ոչ մի խոսք չկա, չնայած որ «Իմ քայլի» նախընտրական ծրագրում այդ մասին խոսվում է, որը հանդիսանում է կառավարության ծրագրի գաղափարական հենքը:
«Այնպես չէ, որ այս կառավարության կեցվածքը տարբեր է մյուսներից, բայց թե ինչու չկա ծրագրում, պարզ չի: Մենք գտնում ենք, որ պետք է դա ամրագրվի, այսինքն՝ ասվի, որ պատրաստ են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: Սա կարևոր է՝ ցույց տալու, որ Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր են, որովհետև Թուրքիայի համար կարևոր չեն դրանք, ուստի օրակարգում չունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարց, և եթե մենք էլ չունենանք, ապա կնշանակի՝ այդպես էլ կմնա: Կառավարության ծրագրում այս հարցի չներառելը ցույց է տալիս, որ մեզ համար էլ կարևոր չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Կարծում եմ Թուրքիայի վրա կարելի է դանդաղորեն և շարունակական ճնշում բանեցնել այլ պետությունների միջոցով, որ պետք է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և վերացնել շրջափակումը»,-շեշտեց Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց՝ այն, որ Փաշինյանը մինչ այս չի այցելել Իրան, արտաքին ճնշումների հետևանք է, ոչ թե չկամության:
«Որոշ հապաղումից հետո այս ամսվա վերջ Փաշինյանը կայցելի Իրան»,-նշեց նա՝ հավելելով, որ կարևոր են Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ հարաբերությունների սերտացումը:
«Կարևոր է նաև Լատինական Ամերիկայի հետ հարաբերություններին զարկ տալը, քանի որ դրանք այսօր շատ թույլ են, շատ քիչ թվով դեսպանատներ ունենք, մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան ազատ դաշտ գտնելով, շատ ակտիվ աշխատանք են տանում մի տեղում, որտեղ բարեկամական վերաբերմունք ենք ունեցել մեր հանդեպ»,-ամփոփեց Դաշնակցական գործիչը:
yerkir.am
https://youtu.be/GRLcoMybfhQ