Գործող իշխանություները անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում աշխատանքի ոլորտին
01 Մայիս 2019 Այսօր, մայիսի 1-ին «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի մամուլի ասուլիսը:Թադևոս Ավետիսյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց գրասենյակը վերջերս իրականացրել է հսկայածավալ ուսումնասիրություն աշխատանքի իրավունքի ոլորտում, և այդ ուսումնասիրության արդյունքներն ամփոփ ներկայացվել ու տրամադրվել են լրատվամիջոցներին:

Զեկույցում ՀՅԴ մասնագետները ոլորտի խնդիրներին լուծումներ են առաջարկում` հուսալով, որ քաղաքականության պատասխանատուներն այս անգամ ավելի աչալուրջ կլինեն, ականջալուր կլինեն իրենց բարձրացրած հարցերին, մանրամասն կուսումնասիրեն դրանք: Իրենք էլ, ըստ բանախոսի, անհրաժեշտության դեպքում պատրաստ են մասնագիտական հմտություններով օժանդակել նոր կառավարիչներին:
«Վերջին մեկ տարում քաղաքական փոփոխություններից հետո համոզվում ենք, որ աշխատանքային իրավահավասարությունների ոլորտը, անհրաժեշտ բարեփոխումները, կարելի է ասել, երկրորդ պլան են մղվել: Դա նաև տեսնում ենք կառավարության ծրագրում, դրա ձևակերպումներում բավականաչափ շեշտադրումներ չկան,- նշեց Ավետիսյանը:
Ըստ նրա` աշխատանքային հարաբերությունները հանրության լայն զանգվածներին են վերաբերում ու բավական բարդ են, որովհետև այդտեղ տարբեր շահեր են հատվում` գործատուների, աշխատողների, պետության և այլն: «Սոցիալական պետությունը, որը ՀՀ Սահմանադրությամբ է ապահովված, պետք է կարևոր դերակատարում ունենա այս դաշտում իրավունքների ու պարտականությունների կշռման իմաստով»,- ասաց տնտեսագետը:
Նա հավելեց նաև, որ Հայաստանն անկախացումից ի վեր միջազգային մի շարք պարտավորություններ է ստորագրել, բայց դրանց մեծ մասը, ցավոք, չի իրականացվել, ինչը փաստվում է հեղինակավոր կազմակերպությունների երաշխավորություններում ու զեկույցներում: Դիտողությունները վերաբերում են աշխատավորի հանգստին, աշխատավարձին, աշխատանքային երաշխիքներին և այլն:
«Այս համատեքստում դրական օրինակ է ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ 2017 թվականի դեկտեմբերից գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը: Գրասենյակի անվճար ծառայություններից արդեն իսկ օգտվել է 300-ից ավելի քաղաքացի: Գրասենյակի կողմից տրամադրված խորհրդատվության և մատուցված փաստաբանական ծառայությունների օգնությամբ վերականգնվել են ավելի քան 100 քաղաքացիների աշխատանքային իրավունքները»,- հայտնեց Թադևոս Ավետիսյանը:
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ խնդիրներն են արձանագրվել նաև աշխատանքային նորմերի կատարման նկատմամբ պետական և ոչ պետական վերահսկողության բնագավառում. «Ցավոք պետք է արձանագրենք, որ նախորդ տարիներին տեսչական բարեփոխումներ կոչված գործընթացների ներքո աշխատանքային հարաբերությունների նկատմամբ պետական վերահսկողությունը էապես նվազել է: Եվ այստեղ պետությունը կարծես իր ձեռքերը հնարավորինս լվացել և դուրս է եկել: Այս նոր իրողություններով պայմանավորված այդ նույն մոտեցումը դեռ շարունակվում է»:
https://youtu.be/PEYaUPPDtO0
https://youtu.be/FUm31jqk8Co
Պետք է հրաժարվել 24-ժամյա աշխատանքային ռեժիմից` չգերադասելով գործատուի շահը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց`իրենց գրասենյակի կողմից կատարած ուսումնասիրության մեջ մի քանի կարևոր խնդիրների են անդրադարձել, որ վերաբերում է գործատու-աշխատող հարաբերություններին, աշխատողների իրավունքներին և այլն:
«Նախկին զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինծառայողների ընտանիքի անդամների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար Աշխատանքային օրենսգրքով նախատեսված չեն կարգավորման անհրաժեշտ առանձնահատկություններ (արտոնություններ), որոնք գործում են օրինակ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Տաջիկստանում: Անվիճելի է նմանատիպ կարգավորման առարկայական անհրաժեշտությունը նաև մեր երկրում: Այս նպատակով Օրենսգրքում անհրաժեշտ է՝ սահմանել նախկին զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինծառայողների ընտանիքի անդամների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամների առանձնահատուկ կարգավիճակն աշխատանքային հարաբերություններում, ամրագրել սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ, օրինակ՝ հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատման դեպքում նախապատվության իրավունք, ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության առաջնահերթության իրավունք, չվճարվող լրացուցիչ արձակուրդ, պետական կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու առաջնահերթության իրավունք և այլն»,- ներկայացրեց նա:
Մյուս կարևոր դրույթը, ավելացրեց տնտեսագետը, վերաբերում է Հայաստանում օտարերկրացիների աշխատանքին: Նշեց, որ վերջերս հասարարակական և մասնագիտական տարբեր շրջանակներում ակտիվացել են քննարկումները Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի վերաբերյալ:
«Հայաստանում օտարերկրացիների աշխատանքը կարգավորող օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողությունը գրեթե բացակայում է, դրանք իրականացնող մարմիններն իրենց վերապահված գործառույթներն ու պատասխանատվությունը ոչ լիարժեք են իրականացնում վերջին շրջանում: 4 ամիս է, ինչ Հայաստանում նորից գործում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության պահանջը: Իրականում ի՞նչ է սա ներկայացնում: Մեր գնահատմամբ օրենքի այս պահանջը ձևական բնույթ ունի: Գործող կարգավորման համաձայն՝ գործատուն իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին տեղեկացնում է զբաղվածության բնագավառում լիազորված պետական մարմնին (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն): Եվ եթե մեկ ամսվա ընթացքում գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածու չի առաջադրվում իրեն կամ ինքը մերժում է առաջադրված թեկնածուներին, ապա ստանում է թույլտվություն՝ իր ուզած կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար: Ստացվում է, եթե գործատուն հստակ որոշել է կոնկրետ օտարերկրացու վերցնել աշխատանքի, ապա նա կարող է առանց որևէ հիմնավորման մերժել Հայաստանի քաղաքացիներից իրեն առաջադրված թեկնածուներին և ընդամենը մեկ ամիս սպասելուց հետո, որոշակի փաստաթղթեր ներկայացնելով՝ ստանա թույլտվություն: Փաստորեն, կարգավորման այս գործիքը ծառայում է ոչ թե իր բուն նպատակին՝ պաշտպանել ներքին աշխատաշուկան, այլ գործատուի համար առաջացնում է որոշակի լրացուցիչ վարչական բեռ՝ մեկ ամիս սպասել, որոշ փաստաթղթեր ներկայացնել, շփվել վարչական մարմինների հետ և այլն»,- ասում է բանախոսը:
ՀՅԴ-ականը կարևորում է նաև այն հանգամանքը, որ աշխատանքի թույլտվության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը ևս չի կարող լիարժեք լինել, քանի որ այն դրված է հարկային պետական ծառայության վրա` ընդամենը իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Բացատրեց` վերջին տարիներին ընթացող տեսչական բարեփոխումների շրջանակներում աշխատանքի պետական տեսչությունը միացվեց առողջապահական պետական տեսչությանը և պետական վերահսկողության տիրույթից դուրս մնացին աշխատանքային իրավունքի մի շարք կարևորագույն բնագավառներ, այդ թվում՝ օտարերկրացիների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը:
«Հատկապես՝ մոտ ապագայի համար, մտահոգիչ է նաև արձանագրվող այն փաստը, որ վերջին շրջանում մեծ տեմպով ավելանում է բանվորական մասնագիտություններով և առանձին կոնկրետ երկրներից օտարերկրացի աշխատողների ներհոսքը մեր երկիր: Այս իմաստով հարկ է նկատել, որ միայն օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն տալը բավարար չէ արդեն իսկ առկա խնդիրները լիարժեք լուծելու համար: Ներքին աշխատաշուկայի արդյունավետ պաշտպանության համար պետք է ամբողջականացվի կարգավորման գործիքակազմը: Այն պետք է համալրվի ըստ երկրների ու առանձին մասնագիտությունների՝ օտարերկրացի աշխատողների համար տարեկան թույլատրելի առավելագույն քվոտաների գործադրմամբ: Այս խնդիրների համակարգային լուծումները՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է լինեն աշխատանքի ոլորտում իրականացվող հետագա բարեփոխումների հիմնական օրակարգ: Հակառակ պարագայում ստացվում է, որ նորից կիրառում ենք կարգավորման գործիք, որն իրականում չի ծառայում պետական համապատասխան քաղաքականության բուն նպատակին, սակայն գործատուների համար առաջացնում է վարչական անտեղի ու լրացուցիչ բեռ՝ իր հնարավոր բոլոր ռիսկերով»,- մեկնաբանեց Ավետիսյանը:
Դառնալով աշխատանքային ժամերին ու ռեժիմին` նշեց, որ 2014 թվականին օրական 24 ժամյա աշխատանքն արգելող օրենքի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, սակայն հետագայում այն չընդունվեց, ու գերադասվեց գործատուների շահը: Բայց Միջազգային իրավունքի նորմերով՝ ցանկացած դեպքում օրական աշխատաժամանակը չպետք է գերազանցի 16 ժամը:
yerkir.am