Պահանջում ենք դեմ քվեարկել համահարթեցմանը
31 Մայիս 2019
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի բակում: Նրանք պահանջում են չեղարկել եկամտային հարկի համահարթեցման ծրագիրը և դեմ քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին:
«Նախագծին կողմ արտահայտվող յուրաքանչյուր պատգամավոր պետք է հստակ գիտակցի, որ ինքն անձամբ պատասխանատու է լինելու բնակչության մեծամասնության կյանքի որակի վատթարացման համար»,- նշում են բողոքի ակցիայի մասնակիցները:
Նախաձեռնության անդամ Քրիստինե Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ եկամտային հարկի համահարթեցումը դեմ է իրենց սկզբունքներին. «Դեմ է տնտեսական հեղափոխության մասին մեր պատկերացումներին, դեմ է սոցիալական արդարության մասին մեր պատկերացումներին։ Կարծում ենք, որ օրենքը պաշտպանողները սխալ ճանապարհով են գնում և ուզում ենք այդ սխալից հետ պահենք»։
Նախաձեռնության անդամները պահանջում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպում, ավելի կոնկրետ՝ Մակունցն իջնի իրենց մոտ. «Մակունց, իջի, Մակունց, իջի՛»։ Նախաձեռնության անդամները փորձում են նամակ փոխանցել Մակունցին։ «Մենք հասկանում ենք, որ բոլորս չենք կարող ներս մտնել, դրա համար կսպասենք Լիլիթ Մակունցն իջնի»,-հայտարարեցին ցույցի մասնակիցները։
Մինչ Մակունցը կգար ահազանգող երիտասարների հետ հանդիպման՝ դաշնակցական երիտասարդների հետ հանդիպեցին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու նույն հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը։ Նրանք ՀՅԴ ՀԵՄ-ականների հետ զրույց ծավալեցին, փորձեցին քննակում ունենալ, բայց «Ահազանգ»-ականներն ընդդիմացան՝ փողոցում չեն քննարկի։
Պատգամավորներից հետո երիտասարդների հետ հանդիպման եկավ Լիլիթ Մակունցը։ Լսեց երիտասարդներին, ասաց՝ կծանոթանա նամակի բովանդակությանը։ «Հուսով եմ կառուցողական քննարկում կունենաք, ու բոլորը հարցերը կքննարկվեն։ Իսկ ձեր՝ այստեղ իրականացվող ակցիայի մասով ոչինչ ասել չեմ կարող, դա ձեր իրավունքն է»,- ասաց Մակունցն ու հեռացավ։
Դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիան եզրափակեցին՝ ԱԺ դարպասների դիմաց հագուստ թողնելով, որ խորհրդանշում է սովորական քաղաքացիների առօրյան։ «Այնպես չլինի, որ մեր պատգամավորները կտրվեն իրականությունից՝ չտեսնելով, թե ինչպիսին է մարդկանց սոցիալակն վիճակը»,- նշեցին նրանք:
Նշենք, որ ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնությունը նախապես հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր.
«Մեզ հետ հանդիպումներում «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները վստահեցրել են, որ քաջատեղյակ են նախագծի բոլոր բացասական հետեւանքներին եւ առաջարկվող լուծումների հարցում չեն սատարում իշխանությանը: Ուստի այսօր՝ ժամը 12:00-ին հավաքվում ենք Ազգային Ժողովի դիմաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից պահանջելու դեմ արտահայտվել նախագծին: Նախագծին կողմ արտահայտվող յուրաքանչյուր պատգամավոր պետք է հստակ գիտակցի, որ ինքն անձամբ պատասխանատու է լինելու բնակչության մեծամասնության կյանքի որակի վատթարացման համար: Կոչ ենք անում բոլորին միանալ բողոքի ակցիային եւ միասին թույլ չտալ, որ այս նախագիծն օրենքի ուժ ստանա»: