ԱԺ շենքի առջև մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը
19 Հունիս 2019 Այսօր, հունիսի 19-ին ԱԺ շենքի առջև մեկնարկել է ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը:Երիտասարդները կոչ են անում եկամտահարկի համահարթեցմամբ մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին` միանալ իրենց:

Նախաձեռնող խմբի անդամներից Քրիստինե Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ պահանջը միակն է՝ քվեարկության ժամանակ դեմ քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին` հասկանալով դրա հետևանքները, նաև այն, որ դա հարվածում է մեծամասնությանը։
«Նստացույցը շարունակելու ենք մինչև քվեարկությունը: Բոլոր փաստարկները, տեսակետները ներկայացվել են բոլոր հնարավոր եղանակներով, մնում է, որ պատգամավորները, որ կողմ են քվեարկելու այս նախագծին, հասկանան այս ամենի հետևանքները։ Նրանք ներկայացնում են ամբողջ ժողովրդին, այլ ոչ թե միայն մեկ շերտի։ Ինչ-որ մեկին չենք սպասում, հասկացանք, որ այդ փորձը ձախողվեց։ Եթե պատգամավորներից որևէ մեկը կմիանա, նույնը նրանց կասենք։ Մեր բոլոր գործողությունները կախված են մյուս կողմի գործողություններից»,- ասաց նա՝ նշելով, որ, հույս ունեն՝ պատգամավորները խելամիտ կգտնվեն։
Վարդանյանը նաև կոչ ուղղեց այս խնդրով մտահոգովողներին, կազմակերպություններին, որ հիմա իսկական տեղն ու ժամանակն է պայքարելու ու թույլ չտալու, որ ՀՀ-ն գնա սխալ ճանապարհով։ «Կոչ ենք անում գալ այստեղ ու այնպես անել, որ օրենքի նախագիծը օրենքի ուժ չստանա»,- նշեց նա։
https://youtu.be/yqwflJq5EmY
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության երիտասարդների նստացույցը կշարունակվի մինչև եկամտահարկի համահարթեցմանը վերաբերող օրենքի քվեարկությունը
«Այս պահին դեռ ընթանում է մեր նստացույցը: Այսօր մեր երիտասարդները գիշերելու են ԱԺ-ի շենքի դիմաց: Նստացույցը շարունակվելու է Ազգային ժողովում հարցի շուրջ քննարկման ողջ ընթացքում: Նախաձեռնության անդամները պատրաստ են նստել ԱԺ դարպասների մոտ մինչեւ կողմ արտահայտվող պատգամավորներն անդրադառնան, որ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունների փաթեթի հետեւանքով աղքատի եւ հարուստի միջեւ գտնվող անդունդն էլ ավելի է խորանալու` աղքատին դարձնելով ավելի աղքատ իսկ հարուստին` ավելի հարուստ։ Այդ իսկ պատճառով նախաձեռնությունը պահանջում է դեմ քվեարկել այս փաթեթին։»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ահազանգ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արշակ Մեսրոպյանը: