Շարունակում ենք նույն ոգով՝ առանց նահանջի
20 Հունիս 2019
Այսօր, հունիսի 20-ին ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամների նստացույցը շարունակվում է։
Yerkir.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամներն ասացին, որ գիշերը հանգիստ է եղել, մինչև ուշ երեկո երգել են, հաճելի ժամանակ անցկացրել։ Առավոտյան շարունակում են նույն ոգով` առանց նահանջի։ Ուշի ուշով հետևելու են Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի` երկրորդ ընթերցմամբ քննարկումներին, այնուհետև՝ քվեարկությանը։
Ազգային ժողովի դարպասների դիմաց նրանք իրենց տեսակետները ներկայացրեցին ՀՀ ԱԺ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ԱԺ-ում այսօր նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցումը։
ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները դեմ են Հարկային օրենսգրքով նախատեսվող եկամտային հարկի համահարթ սկզբունքին։ Երիտասարդները կոչ են անում եկամտահարկի համահարթեցմամբ մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին` միանալ իրենց: Սա երիտասարդների կողմից իրականացվող բողոքի հերթական ակցիան է։
Նախաձեռնության անդամներից Քրիստինե Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանն իր հետ զրույցում համաձայնել է՝ սկզբունքային տարբեր մոտեցումներ կարող են լինել։ «Նա համազոված էր կամ համոզել էին, որ օրենսդրական այդ փաթեթով կարող են ստվերից դուրս բերել եկամուտները, բայց մենք պնդեցինք, որ միջազգային նման փորձ չկա, ու բերեցինք, օրինակ, Վրաստանի փորձը»,- ասաց Վարդանյանը։
Ինչ վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որի մի մասը սուբսիդավորում է պետությունը, վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը շարունակելու է սուբսիդավորել։ «Օրինագիծով նախատեսված է, սակայն, որ պարտադիրի վճարը ընկնում է աշխատողի կամ հարակուտի վրա։ Այսինքն՝ երբ օրենքն ընդունվի կառավարությունն այլևս չի փոխհատուցելու այն 2.5 տոկոսը, որ մինչ այժմ փոխհատուցում է»,- բացատրեց մեր զրուցակիցը։
Մեր հարցին, թե հուսադրո՞ղ էր հանդիպումը, «Ահազանգի» անդամը պատասխանեց․ «Հուսադրող չեմ համարարի։ Մի մեջբերում կանեմ վարչապետ Փաշինյանի հետ զրույցից․ նա ասաց, որ նախագիծը պետք է փորձենք, տեսնենք՝ ինչ ազդեցություն ունի, նոր միայն դրանից հետո օրինագծի վերաբերյալ վերջնական տեսակետ կունենանք»։
Քրիստինե Վարդանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ նստացույցը դադարեցնելու հորդոր վարչապետի կողմից չի եղել: