Տնտեսական ռիսկը բարձրացել է` նաև քաղաքական գործոնով պայմանավորված
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետի հայտարարությանը, որ ՀԴՄ կտրոնների հարցում տնտեսվարողներն ընդառաջ չեն գնում իշխանություններին։
«ՀԴՄ կտրոնների մասին խոսակցություններն ավելի շատ հանրության վրա տպավորություն գործելու մանիպուլյատիվ ազդեցություն ունեն, քան իրական ընթացքը հասկանալու»,- ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Ըստ տնտեսագետի՝ կարևորը մակրոտնտեսական ցուցանիշներն են`տնտեսական ակտիվության ցուցանիշ, ներդրումային ցուցանիշ։ Մեր երկրում նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ներդրումները նվազել են 30 մլրդ դրամով։
«Պետք է հասկանալ, թե ինչու չեն գալիս օտարերկրյա ներդրումները։ Ակնհայտ է, որ բարձրացել է տնտեսական ռիսկը` նաև քաղաքական գործոնով պայմանավորված։ Նման շոկային իրավիճակում տնտեսությունը չի կարող կայուն զարգանալ․ դա հակացուցված է»,-նշեց Թադևոսյանը։
Ցանկացած անկայունություն, անորոշություն տնտեսական ռիսկի է վերածվում և ներդրում անողները հաշվի են առնում այդ ամենը։ Անընդհատ ասել, որ հարկային մուտքերն ավելանում են, կտրոններն ավելանում են` դրանով ներդրումային մուտքեր հնարավոր չէ ապահովել։
Տնտեսագետը նաև նշեց, որ ՀԴՄ կտրոնների բարձր արդյունքը հիմնականում փոքր և միջին բիզնեսն է ապահովում։ Այսինքն` ստացվում է, որ ստվերային պայքարը փոքր և միջին բիզնեսի շուրջ է ընթանում։ Ստվերի դեմ պայքարողները հնարավոր բոլոր ձևերով սլաքներն ուղղում են դեպի փոքր և միջին բիզնես, որտեղ առանց այն էլ բարձր են տնտեսական ռիսկերը, նաև տնտեսական գործունեությունը դադարեցնելու վտանգը։
Հիշեցնենք` վարչապետը Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության ջանքերին ընդառաջ` բիզնեսն առայժմ նույնիսկ կես քայլ չի անում։ Ըստ վարչապետի` անկախության տոնին Գյումրիում 10 մլն դրամի առևտուր է եղել, բայց ՀԴՄ կտրոնների թիվը չի փոխվել։
Չնայած դրան, վարչապետը նշում է, որ 2019 թ-ի 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում 85 մլն ավելի ՀԴՄ կտրոն է տպվել։