Շնորհավորանքի խոսք
05 Փետրվար 2020 Լույս է տեսել Հայ Յեղափոխական Դաշնակցության «Դրօշակ» պաշտոնաթերթի անդրանիկ համարը՝ 1635-երորդը Դաշնակցության 130-ամյա ճանապարհին: «Դրօշակի» անունը ծանոթ է հավանաբար յուրաքանչյուր դաշնակցականի եւ շատ շատերին՝ կուսակցության համակիրներից: Այնպես, որ եթե անգամ այս վերածնունդը անակնկալ կարելի է համարել, ապա՝ ցանկալի եւ սպասված անակնկալ:
«Դրօշակը» արտացոլել է Դաշնակցության եւ հայ ժողովրդի պայքարն ու մաքառումը, «Դրօշակը» գաղափարական, քաղաքական հեղափոխական դրօշ է եղել մի քանի սերնդի նվիրյալների համար: Հետեւաբար եւ «Դրօշակը» եթե վերադառնում է, ապա անկասկած բարոյական ու պատմական պատասխանատվության բեռի գիտակցումով եւ հայ ժողովրդին անկեղծ ու գործնական նվիրումը շարունակելու պատասխանատվությամբ: Ինչպես կարելի է դատել պաշտոնաթերթի առաջին համարից «Դրօշակի» հետաքրքրությունների շրջանակում են լինելու ազգային -գաղափարական հարցերը, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հիմնախնդիրները եւ, իհարկե, առաջին հերթին Հայաստանն ու Արցախը, հայոց պատմական բնօրրանը, ինչպես եւ Սփյուռքը: Լույս տեսած «Դրօշակի» էջերում, որպես ընթերցող, հանդիպում ենք Հայաստանի ներքաղաքական հարցերին սոցիալական խնդիրներին, երիտասարդության թեմային՝ պատմական դեմքերի եւ իրադարձությունների:
arfd.am կայքէջը շնորհավորելով «Դրօշակի» նոր երթը ցանկանում է, որ այն լինի սահուն ու անխափան, ի շահ հայության եւ հայոց պետականությունների: Թող, որ «Դրօշակը» հաջողությամբ ծառայի այն առաքելությանը, որի համար լույս աշխարհ է եկել: