Արցախի առաջնորդի կյանքն ընդհատվեց 33 տարեկանում, ապրիլի 14-ին
14 Ապրիլ 2020 «Արցախն աղքատ բարերար չէ, որին պետք է օգնել, Արցախը պետք է նվաճել, Արցախը պետք է գրավել, Արցախը պետք է մերը դարձնել»,- ասում էր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը։Ասում են՝ պատմությունը մարդիկ կենսագրությամբ են կերտում: Իրենց կենսագրությամբ պատմություն կերտած հերոսների շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն իրողություն է. այդ հերոսներից է ազատամարտի նվիրյալ Արթուր Մկրտչյանը: 1991 թվականի դեկտեմբերի 28-ին` ժողովրդի 99 ամբողջ 89 տոկոս կողմ ձայներով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեից 18 օր անց, Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին առաջին գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:

Հունվարի 9-ին Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։ Երբ ուրվագծվում էր անկախ Արցախի տեսիլքը միայն, Արթուրի գործը ժողովրդին ազգային-ազատագրական պայքարին պատրաստելն էր:
Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական իմ ունեցածի համար, իսկ հիմա եկել է փոխհատուցման պահը. սա էր նրա հավատամքը:
«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով էդ հողի վրա ապրում է եւ պաշտպանում է այդ հողը»,- ասում էր Արթուր Մկրտչյանը։
Մինչեւ մահվան օրն Արթուրը հերոսամարտի առաջին շարքերում էր: Առջեւում կրակ էր ու ավեր, բայց ազատամարտիկը զինյալ պայքարից բացի այլ ելք չէր տեսնում: Արդյունքը ակնհայտ է այսօր. 1991թ. ամռանը հայաթափված Հադրութի գյուղերն ազատագրված են: Գուցե պատմաբանի մասագիտությունն էր օգնում ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչ Արթուրին արագ եւ ճիշտ կողմնորոշվել:
«Պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար»,- ասում էր նա:
Կարեւորում էր եւ ճիշտ դիվանագիտությունը, որպեսզի շեշտադրվի ոչ միայն հանրապետության ճանաչումը միջազգային հանրության կողմից, այլ հակամարտության ճիշտ ընկալումը. ոչ թե ազգամիջյան պատերազմ, այլ՝ ազգային ազատագրական:
«Առաջին հարցը կանոնավոր բանակ ստեղծելն է, չնայած դա շատ դժվար կլինի, որովհետեւ համապատասխան միջոցները բացակայում են: Ամրացնել Ղարաբաղի սահմանները եւ մտածել Ղարաբաղի ներսում ժողովրդի կենսապահովման հետ կապված հարցերը լուծելու ուղղությամբ: Արցախի Հանրապետության հարաբերությունները Ադրբեջանի հետ պայմանավորված կլինի նրանով, թե Ադրբեջանը ինչքանո՞վ կճանաչի հայ ժողովրդի իրավունքն Արցախում ապրելու»,- ասում էր Արթուր Մկրտչյանը։
Արթուրը քաղաքական հայացքներով անզիջում էր: Ապացուցում էր, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ, երբ չեն հարմարեցնում անձնական շահերին: Արթուր Մկրտչյանի դաշնակցական լինելը պատճառ էր դարձել նրա` Հայասատանի իշխանությունների թշնամական վերաբերմունքին արժանանալու համար, ինչը դրսեւորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ դառնալու առաջին իսկ օրից: Ազատագրության համար մարտնչող եւ Արցախին ազատություն բերած ղեկավարը մերժվում է մայր հայրենիքի կողմից։ Անկախ Հայաստանի նախկին իշխանությունների կոկորդում նա ոսկորի նման էր. ոմանք չէին հանդուրժում դաշնակցական, մյուսներն էլ` սկզբունքային լինելու համար:
Արցախի առաջնորդի կյանքն ընդհատվեց 33 տարեկանում: Ընդամենը մի քանի ամիս նա ղեկավարեց հանրապետության գերագույն մարմինը, սակայն այդքանն էլ բավական էր, որ Ղարաբաղի նորանկախ հանրապետության առաջին ղեկավարը հետք թողնի Արցախի նորագույն պատմության մեջ: Յուրաքանչյուր տարի Արթուր Մկրտչյանի ծննդյան մահվան, ինչպես նաեւ Արցախի համար հիշարժան օրերին նրա շիրիմին են այցելում նվիրյալ արցախցիները` հիշելու մեծ հային: Նրա շիրիմին կատարվում են երդման արարողություններ, գրվում են հատորներ հերոսի մասին և նրա օրինակով դաստիարակվում սերունդներ: Անդավաճան երդմանն՝ Արթուր Մկրտչյանը դարձավ Արցախի պետականության խորհրդանիշը:
https://youtu.be/bY5SRbFxycU
aparaj.am