Ի՞նչ բացահայտվեց վարչապետի և փոխվարչապետների պարգևավճարների չափի հրապարակումից
07 Հուլիս 2020 Լրատվամիջոցներով հրապարակվեց ՀՀ վարչապետի և փոխվարչապետների պարգևավճարների չափի մասին տեղեկությունը, ինչի առիթով ստորև ներկայացնում ենք մի քանի կարևոր դիտարկումներ:2019 թվականը բացասական իմաստով նաև աննախադեպ էր բարձրաստիճանների վարձատրության չափերի թռիչքաձև աճի առումով: 2019 թվականին մեր երկրում միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6 տոկոսով, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից ավելի քիչ չափով: Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2019 թվականին չի բարձրացվել: Պետական համակարգի հիմնական աշխատավարձերի չափերը որոշող բազային աշխատավարձը ևս չի բարձրացվել, 2020 թվականին նույնպես մնալու է անփոփոխ: Այսինքն՝ կրտսեր և միջին պաշտոններ զբաղեցնող աշխատողների իրական եկամուտները կրճատվում են՝ գնաճով պայմանավորված: 2019 թվականին, ինչպես նաև 2020 թվականին չի նվազել և չի նվազելու մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Այս աշխատողների շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են:

Փոխարենը՝ գոնե այս պահին հանրությանը հայտնի տեղեկատվությամբ 2019 թվականին բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրությունը առնվազն կրկնապատկվել է խնդրահարույց պարգևատրումներով և ինքնապարգևատրումներով:
2020 թվականին արդեն էապես նվազել է բարձրաստիճանների եկամտային հարկի բեռը՝ եկամտային հարկի հակասոցիալական փոփոխություններով:
Ակնհայտ են նաև բարձրաստիճան այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի պահպանվող ցածր որակն ու անպատժելիությունը, որի մասին պարբերաբար ներկայացնում ենք բազմաթիվ կոնկրետ փաստեր և մասնագիտական գնահատումներ: Եվ սա էլ այն դեպքում, երբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է՝ պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար:
Ինչ վերաբերում է վերոհիշյալ հրապարակմամբ նոր հայտնի դարձած՝ ՀՀ վարչապետի և փոխվարչապետների պարգևատրման չափերին, ապա պետք է արձանագրենք, որ, համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ ՀՀ վարչապետը 2019 թվականին չի ստացել պարգևատրում, իսկ փոխվարչապետները, նախարարները, մարզպետները, նախարարի և մարզպետի տեղակալները, աշխատակազմերի քարտուղարները և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն այդ ժամանակահատվածում ստացել են ամսական պարգևատրումներ՝ առնվազն իրենց պաշտոնային դրույքաչափերին համարժեք:
Ավելին՝ փոխվարչապետների, նախարարների, նախարարների առաջին տեղակալների, մարզպետների ամսական վարձատրության չափերը գերազանցել են վարչապետի ամսական վարձատրության չափը՝ համապատասխանաբար շուրջ 63, 26, 5 և 5 տոկոսներով:
Եթե պարգևատրումների մասին հանրությանը պարբերաբար հայտնի դարձած պաշտոնական տեղեկատվությունն իրական է, ապա ստացվում է, որ խախտվել են նաև վերը նշված օրենքի 4-րդ հոդվածով սահմանված, պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետևյալ հիմնական սկզբունքները`
-միասնական, արդարացի, պարտականություններին ու պատասխանատվությանը համապատասխանող վարձատրության ապահովումը,
վարձատրության չափերի հիմնավորված տարբերակումը,
-համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը:
Ամփոփենք. պարգևատրումների արատավոր այս պրակտիկան՝ ի հայտ եկող իր նոր դրսևորումներով, հակասում է պետական հատվածի վարձատրության գործող համակարգի ողջ տրամաբանությանն ու կարգավորումներին: Նման իրավիճակն՝ իր խորքի մեջ, անընդունելի է բոլոր առումներով, հատկապես՝ պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող