Երևան քաղաքի հիմնախնդիրներն ու քաղաքապետարանում կառավարման ճգնաժամը
06 Օգոստոս 2020 Այսօր, օգոստոսի 6-ին տեղի ունեցավ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամներ՝ Ժիրայր Պեոճեքյանի, Դրո Բազիկյանի և Սարգիս Կարապետյանի մամուլի ասուլիսը։ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամները խոսել են Երևան քաղաքի հիմնախնդիրների և Երևանի քաղաքապետարանում առկա կառավարման ճգնաժամի մասին։
Անդրադարձ է կատարվել նաև Երևանի քաղաքային տրանսպորտի վիճակին, կանաչապատման և քաղաքաշինական խնդիրներին, գույքահարկի մասին նոր օրենքի խնդրահարույց կետերին և այլ արդիական հարցերի:
Մենք խիստ մտահոգված ենք Երևանով: Նախորդ տարվանից սկսած տարբեր ձևերով մեր մտահոգություններն արտահայտել ենք, բայց գործակցության համար մեկնած մեր ձեռքը մնացել է օդի մեջ. ոչ մեր քննադատությունների արձագանքող կար, ոչ մեր առաջարկությունները. հայտարարեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը՝ անդրադառնալով քաղաքային իշխանությունների աշխատելաոճին:

Նա նշեց մի քանի հիմնական խնդիրներ, որոնք իրենց մտահոգում են, սակայն քաղաքապետարանը լուծումներ չի տալիս: «ՀՀ բնակչության առնվազն 1/3-ը կենտրոնացած է Երևանում, Կառավարությունը հայտարարում է, որ Երևանն է դարձել համաճարակի բույնը: Հակառակ այս հաստատումների՝ Երևանի քաղաքապետը, քաղաքային իշխանությունը հեռու են բոլոր կայացվող որոշումներից, որոնք իրենց ազդեցությունն են թողնելու Երևանի ու Երևանի բնակչության վրա»,-ասաց նա ՝ նշելով, որ եթե համաճարակի բույնը Երևանն է, ապա այդ առողջապահական խնդիրները Երևանի քաղաքապետարանի խնդիրներն են, մինչդեռ, ըստ Պեոճեքյանի, կայացվող որոշումների վերաբերյալ քաղաքապետարանից որևէ արձագանք չկա:
Հաջորդ խնդիրը քաղաքի ախտահանումն է, որը, ըստ բանախոսի, պատշաճ կերպով չի կազմակերպվել: «Նույնիսկ շենքեր կային, որոնցում կորոնավիրուսով վարակված մարդիկ կային, կամ շենքեր, որոնցում կորոնավիրուսի պատճառով մահեր արձանագրվեցին, չեն ախտահանվել: Եղել են քաղաքացիներ, որոնք 3 օր շարունակ զանգել են քաղաքապետարան, համատիրություններ, բայց որևէ մեկը չի գալիս այդ տարածքները ախտահանելու: Երեք օր անց, որ ախտահանում են, քաղաքացին արդեն կարող է վարակված լինել»,-նշեց նա՝ ընդգծելով, որ թեև Առողջապահության նախարարությունը քարտեզ հրապարակեց, թե որտեղ վարակակիրներ կան, սակայն համայնքներն այդ քարտեզները չեն ստացել:
«Համայնքապետարաններին հավելյալ հասցեներ չեն տվել, պահանջ չեն ներկայացրել, թե որտեղ վարակակիրներ կան, և որ տարածքները պետք է ախտահանվեն»,-ասաց նա:
Անդրադառնալով մյուս խնդրին՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամը նշեց, որ Երևանում կան սոցիալապես խոցելի վիճակում գտնվող քաղաքացիներ, որոնց համար համայանքապետարաններն ունեն սոցիալական վարչություններ:
«Այդ մարդկանց հետ ոչ մի աշխատանք չի տարվել՝ բացի մի անգամ սննդամթերք տրամադրելուց: Տարբեր երկրներում քաղաքապետները իրենց վրա վերցրին իրենց քաղաքում կորոնավիրուսի խնդիրների լուծման պատասխանատվությունը, մեր պարագայում մեր քաղաքապետը, կարծես, մեծագույն բացական էր քաղաքի առօրյայից և մի տեղ ինքնամեկուսացած՝ թողել էր, որ Երևանն ու երևանցին իրենք իրենց միջոցներով այս «յուղով տապակվեն»,- ասաց նա:
Ժիրայր Պեոճեքյանը նշեց, թե այս ընթացքում քաղաքապետարանի կողմից կայացվում են որոշումներ, որոնք հանրային քննարկման կարիք ունեն, սակայն այդ քննարկումները չեն իրականացվում:
Մյուս խնդիրը ըստ Պեոճեքյանի, Երևանի զարգացման ռազմավարական ծրագրի, տեսլականի բացակայությունն է, քանի որ հայտնի չէ, թե քաղաքապետարանն ինչ պատկերացում ունի քաղաքի կառուցապատման, տարածքների կանաչապատման և մի շարք այլ ոլորտներում կատարվելիք ծրագրերի մասին: Նրա դիտարկմամբ՝ այս ամենը վարչությունների չաշխատելու կամ վատ աշխատելու հետևանք է:
Հաջորդ խնդրահարույց հարցը վերաբերում է գույքահարկի բարձրացմանը, որի գործարկման դեպքում, ըստ բանախոսի, ծանրանալու է քաղաքացու բեռը, և Երևանը նոր սոցիալական բաժանման, շերտավորման խնդրի առջև է կանգնելու: «Երևանցիներին ասում ենք՝ դուրս եկեք ձեր նորմալ տներից ու գնացեք ապրեք ծայրամասերում»,-նշեց նա:
Բազմաթիվ երկրներ ապաստանեցին եւ օգնեցին հայ ժողովրդին Ցեղասպանության ժամանակ, բայց Լիբանանն այս առումով հատուկ երկիր է: Լիբանանը միշտ եղել է այն երկիրը, որտեղ զարգացել է հայկական ազգային մշակույթն ու մտածելակերպը ասաց Ժիրայր Պեոչեքյանը, անդրադառնալով՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի փաստին :
Նա ցավակցություն հայտնեց Լիբանանի ժողովրդին՝ ընդգծելով, որ այս երկրում զարգացել են հայ ժողովրդի կրոնական եւ շատ այլ ազգային հատկանիշներ: «Այնտեղ ակտիվորեն զարգանում էին բազմաթիվ քաղաքական, ազգային, մշակութային եւ բարեգործական միություններ: Այնտեղ հիմնադրվել են բազմաթիվ կենտրոններ, եւ տեղի ունեցածը ծանր հարված էր բոլորիս համար: Դա լուրջ հարված է ողջ հայ ժողովրդին եւ չի սահմանափակվում միայն Լիբանանի համայնքով»,- ընդգծեց Պեոչեքյանը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են ցավակցություն հայտնել ոչ միայն երկրի հայ համայնքին, այլեւ Լիբանանի ողջ ժողովրդին:
https://youtu.be/i57R7QQYXfY