Մենք պարտավոր ենք բանակցել, բայց դա չի խանգարում, որ լայնամասշտաբ պատերազմի պատրաստվենք
03 Սեպտեմբեր 2020 Ռուսաստանի արտգործնախարարի մտահոգությունն բխում է նրանից, որ Տավուշի սահմանում տեղի ունեցած լոկալ ընդհարումից հետո անհրաժեշտություն կա նստել բանակցային սեղանի շուրջ, հարցեր քննարկել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը՝ խոսելով ՌԴ Արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունների մասին առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա և այդ ուղղությամբ Ռուսաստանը ջանքեր է գործադրում:
Դիտարկմանը, թե տավուշյան մարտերից հետո հարցը փակուղում է գտնվում և հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է կատարվեն, Բալայանը պատասխանեց. «Իհարկե, միջնորդ երկրները ձգտում են, որ բանակցային գործընթացը պահպանվի, դա անհրաժեշտություն է ոչ միայն Արցախ-Ադրբեջան հակամարտության հետ կապված խնդիրները լուծելու համար․ սա տարածաշրջանային նշանակություն ունեցող հարց է և աշխարհի ուժային կենտրոնները, բնականաբար, ցանկանում են, որպեսզի այդ հակամարտության հնարավորինս արագ լուծում ապահովվի՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն պահպանելու տեսանկյունից»:
Ըստ նրա՝ Լավրովի հայտարարության գաղափարն այն է, որ եթե չկա բանակցություն, չկա խոսք, հետևաբար՝ այդ ամենն արդեն տողափոխվում է պատերազմի դաշտ: «Պետք է փորձել շփման եզրեր փնտրել, որովհետև այս երկու ժողովուրդներն իրար մոտ են ապրում և կարծում եմ՝ նման պարագայում պետք է խոսվի: Հայկական երկու կողմերը պետք է իրենց տեսակետերը հայտնեն բանակցային գործընթացում և կործում եմ՝ համաշխարհային հանրության համար ընկալելի կլինի մեր տեսակետը, որովհետև մեր նպատակը տարածքի խնդիր չէ. սա պետք է տանք, սա պետք է գրավենք, մեր խնդրի կարևորությունն իր հայրենիքում մարդու ազատ ապրելու իրավունքի պաշտպանությունն է»,- նշեց Բալայանը:
Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարություններին, մասնավորապես այն խոսքին, որ Արցախի ճանաչումը չէ կարևոր, և անվտանգության ապահովումը և բանակցությունները պետք է ըստ դրա ընթանան, և լրագրողի դիտարկմանը, թե նախագախը ընդգծել էր՝ բանակցություններն ըստ էության չեն լինի և պետք է պատրաստ լինել պատերազմի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմը պատերազմի է պատրաստվում և աշխարհազոր է ստեղծվում, Բալայանը արձագանքեց՝ միջազգայնորեն Արցախը ճանաչելն իսկապես ավելի անվտանգ կդարձնի երկիրը՝ անկախ նրանից, թե այդ բանակցություններն այս պահին արդյունավետ են, թե՝ ոչ:
«Բանակցություններն արդյունք կտան, թե չեն տա՝ մենք պարտավոր ենք բանակցել, մենք պարտավոր ենք խոսել, սա չի խանգարում, որ մենք նաև լայնամասշտաբ պատերազմի պատրաստվենք: Պատերազմն ավարտված չէ, այն դեպքից դեպք ակտիվանում է, իր արտացոլումն է ստանում ռազմի դաշտում, հետո տեղեկատվական դաշտում պատերազմը սկսվում»,- նշեց Բալայանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
https://youtu.be/7bFWFpQ3MPk