Հաղթանակն այլընտրանք չունի
20 Հոկտեմբեր 2020
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ուղերձը.
«Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ: Դաշնակցության համար անընդունելի է, ինչպես նախկինում ևս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ:
Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք: Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ: Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել: Մենք պետք է հաղթենք. սա մեր պետության գոյության հարցն է: Մենք այս ժամանակահատվածում, այս օրերին ծանր կացության մեջ ենք, բայց սա պետք է հաղթահարենք:
Մենք մեր պատմության ընթացքում, հենց նաև արցախյան ազատամարտում շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել, և միասնաբար, թև-թիկունք տված հաղթահարել ենք, որովհետև սա է ճանապարհը: Մենք պետք է վերակազմակերպվենք, բեկում մտցնենք ռազմաճակատում և գնանք դեպի հաղթանակի: Այլ տարբերակ պարզապես չկա»: