«Միջազգային Ֆալկոն շարժում – Միջազգային Ընկերվարական կրթություն» կազմակերպության հայտարարությունը
04 Նոյեմբեր 2020 ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով «Միջազգային Ֆալկոն շարժում - Միջազգային Ընկերվարական կրթություն» կազմակերպությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.«Միջազգային Ֆալկոն շարժում - Միջազգային Ընկերվարական կրթություն» կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա, ինչպես նաև Թուրքիայի անմիջական մասնակցությունը այս գործողություններին: Արդեն ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանը սկսել է լայնածավալ, սադրիչ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ։ Ադրբեջանը պատերազմում է համաշխարհային համաճարակի ժամանակ, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համընդհանուր զինադադարի կոչ է հղել ամբողջ աշխարհին։ Զինադադարի այս խախտումը կոպտագույնն է 1994 թվականից այս կողմ, երբ եռակողմ պայմանագիր կնքվեց Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև։

Իսկ այս պատերազմի ժամանակ, երկու շաբաթվա ընթացքում, արդեն երրորդ անգամ Ադրբեջանը կոպտորեն խախտում է հրադադարի յուրաքանչյուր պայմանավորվածություն։ Թուրքիայի անվերպահ աջակցության շնորհիվ պատերազմը թափ է հավաքում շարունակելով նաև խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումները՝ խոցելով դպրոցներ, հիվանդանոցներ և եկեղեցիներ։ Թուրքիան հրապարակայնորեն հայտարարում է իր անվերապահ աջակցության մասին Ադրբեջանին և շարունակում է ռազմական բազմապիսի օգնությունները։ Այսպիսով Թուրքիան դառնում է տարածաշրջանի կայունությունը խաթարող երկիր և Արցախի ժողովրդի դեմ պատերազմ է մղում հազարավոր վարձկաններ և իր զինվորական հատուկ ջոկատայիններին այնտեղ ուղարկելով։
Հայ ժողովրդի զոհերի թիվը արդեն գերազանցում է հազարը, որոնց մեջ կան նաև մեծ թվով քաղաքացիական անձինք: Ամենամտահոգիչ հարձակումները եղել են բնակավայրերի և քաղաքների ենթակառուցվածքների վրա։
Արցախի բնակչության գրեթե կեսը՝ 70.000 մարդ տեղահանվել է դեպի Հայաստան։ Ցավոք այս պատերազմի զոհ են նաեւ երեխաները։ Ադրբեջանի բռնարարքները ուղղված են հատկապես դպրոցների, մանկապարտեզների, մանկամսուրների և կրթական այլ հաստատությունների դեմ, որոնք անխնա ոչնչացվում են։ Արցախցի 24000 երեխա զրկվել է իր տարրական իրավունքից, այն է` կրթության իրավունքը, որն ապահովում է ՄԱԿ-ի երեխաների մասին հռչակագրերի միջոցով աշխարհի բոլոր երեխաների համար։
Հոկտեմբերի 28-ին` Ադրբեջանի հրթիռակոծության հերթական նշանակետն էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ծննդատունը։
Այս պահին արդեն մեծ թվով երեխաներ պատերազմի հետևանքների զոհ են դարձել։ Նրանց մեկ մասը տեղահանված է, իսկ մյուս մասը` դեռ թաքնվում է հրթիռներից և հրետանու արկերից:
Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները և հարձակումները Արցախի վրա, ինչպես նաև Թուրքիայի անմիջական մասնակցությունը այս գործողություններին և կոչ է անում անմիջապես և ամբողջությամբ դադարեցնել թշնամական բռնարարքները Արցախի երեխաների հանդեպ:
Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականությունը ծննդատների, դպրոցների, մանկապարտեզների և այլ կրթօջախների դեմ։
Կազմակերպությունը կոչ է ուղղում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին` ստիպել Ադրբեջանին ձեռնպահ մնալ մանկական կրթական-ստեղծագործական ենթակառուցվածքները թիրախավորելուց։
Կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է ուղղում` համապատասխան գործողություններ իրականացնել Ադրբեջանի հարձակողապաշտությունը կանխելու համար՝ երեխաների իրավունքները հետագա ոտնձգություններից պաշտպանելու ուղղությամբ։
Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպությունը հարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս պատերազմը վնասում է Արցախի ժողովրդին, բայց առաջին հերթին և ամենաշատը Արցախի երեխաներին, որոնք ազատ և անկախ ապրելու իրավունքն ունեն իրենց պապենական հողերում։
Կազմակերպությունը կոչ է ուղղում միջազգային հանրությանը` ներդնել բոլոր ջանքերը իրավիճակի լարվածությունը թուլացնելու և կողմերին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու տակ գործող բանակցությունների սեղան վերադարձնելու համար։
Վերջապես, Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպության անդամ`ՀՅԴ Երիտասարդական կազմակերպությունը կոչ է ուղղում բոլոր անդամ կազմակերպություններին` ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ դա միակ ճանապարհն է հայերին ազգային զտումներից փրկելու համար։