Ինչու 1993-ին, երբ Թուրքիան սպառնաց միջամտել, Մոսկվայից եկավ շատ կտրուկ և արագ ազդարարություն. այսօր նման հակազդեցություն չկա
04 Նոյեմբեր 2020 Բուենոս Այրեսում, առհասարակ, հարավամերիկյան շատ քաղաքներում, մասնավորապես, Արգենտինայում՝ Լա Պլատա, Նեուկեն, Ուրուգվայում՝ Մոնտեվիդեո, Չիլիում՝ Սանտյագո, Բրազիլիայում՝ Սան Պաուլո, տեղի համայնքները զորաշարժի մեջ են պատերազմի հենց սկզբից, ինչը ենթադրում է բողոքի զանգվածային ցույցեր (հակառակ համավարակի վատ պայմանների), աշխատանք` զանգվածային լրատվական միջոցների ուղղությամբ և քաղաքական-հարաբերական նախաձեռնություններ` թե հասարակական, թե պետական տարբեր ոլորտներում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:Խոսելով ՀՀ դիվանագիտական աշխատանքի մասին, նա գնահատելի համարեց ՀՀ արտգործնախարարության համապատասխան ճիգերը հակամարտության համատեքստում, այլ հարց է, որ այն դիվանագիտական հարթությունում դեռևս բեկում չի մտցրել:

«Թուրք-ադրբեջանական ճակատն այս պատերազմի ծրագրումից զատ, թերևս, նախատեսել է նաև դիվանագիտական գործընթացի «անդամալուծում» այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունները չեն հանգեցրել հայկական կողմի պաշտպանական կամքի կոտրմանը, որպեսզի հետո բանակցային սեղանի շուրջ պատերազմի արդյունքը քաղաքականորեն և աշխարհաքաղաքականորեն գտնի իր վերջնական բանաձևումը: Մենք չենք պարտվել, բայց թշնամին դեռ հույս ունի հաղթել: Պատերազմի շարունակման պայմաններում դիվանագիտությունը չի կարող հրապարակային քննարկումների կարգով լուծումներ առաջարկել: Երկրորդ խնդիրը, ըստ իս, մինչ օրս դիվանագիտական բեկման բացակայության, ավելի հստակ՝ Թուրքիային զսպելու լծակի գործադրման ուշացման, պիտի տեսնել հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում հետևյալ առումով. ինչու 1993-ին, երբ Թուրքիան սպառնաց միջամտել, Մոսկվայից եկավ շատ կտրուկ և արագ ազդարարություն՝ զգուշացնելով երրորդ աշխարհամարտի մասին, եթե Թուրքիան նման քայլի դիմի: Նման հակազդեցություն ՀՀ դաշնակից Ռուսաստանից մենք չենք տեսնում այսօր:
Սակայն հայ-ռուս հարաբերությունների հարցը չպետք է դիտել միայն ներազգային, այսինքն` հայաստանյան ներքին քաղաքական գործընթացի, ոլորտի մեջ: Ես անձնապես բացատրություն չունեմ Ռուսաստանի՝ 1993-ի և ներկա հակազդեցությունների մասով կեցվածքի ակնհայտ տարբերության: Գիտեմ, որ բարդ քննարկման նյութ է… Ինչ էլ լինի այս պատերազմի արդյունքը, այն անխուսափելիորեն անկյունադարձ է լինելու: Պատերազմից հետո ազգային գոյավիճակի հարց պիտի քննարկվի: Հուսամ, որ կանդրադառնանք նաև Սփյուռքի և համաշխարհային հայկական ներկայության ռազմավարական կարևորությանը ՀՀ-ի համար՝ հայրենասիրական ճառերից և բովանդազուրկ լոզունգներից այն կողմ հայկական դիվանագիտության մեջ առկա «կոմպլեմենտարության» չափ համակարգված հայեցակետի տարբերակով»,- շեշտեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը: