Մեկ-մեկ ուզում ես տեսնել այն պաշտոնյայի դեմքը, որը գերության մեջ գտնվող զինվորի հորն ասում է՝ հաջորդ «պարտիայով» կկանչեմ հանդիպման
30 Նոյեմբեր 2020 Եթե շատերը հրապարակային չեն խոսում, թեև մեծ մասը պատրաստ է՝ բոլորը հասկանում են, որ անհնար է, հակապատմական է, երբ երկիրն այս սահմանագծին հասցրած մարդը շարունակում է չկառավարել երկիրը, ուղղակի անհնար է, որ շարունակի պաշտոնավարել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, ով արդեն 8 օր է՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:Գեղամ Մանուկյանը նշեց, որ չի կարող հաշվել, թե այս ընթացքում քանիսներն են եկել նրան այցելելու: «Եթե մատյանում նրանց գրանցեինք, փոխանցեինք Նիկոլ Փաշինյանի գրասենյակ և եթե նա ժամանակ ունենար ընթերցելու, որովհետև առավոտից գիշեր զբաղված է ֆեյսբուքում ստատուս գրելով, ոչ թե երկիր կառավարելով, կհասկանար, թե հասարակությունն ինչ էր մտածում իր մասին»:

Նա նշեց, որ շատ հորդորներ է լսել հացադուլը դադարեցնելու մասին, հուզիչ տեսարաններ են եղել, երբ տատիկը ձեռնոցներ է գործել բոլոր հացադուլավորների համար: «Երբեմն քննադատություններ են լսում, «Եթե Նիկոլը չէ, ապա ո՞վ». արդեն բավականին շրջանառության մեջ դրված հարց, մյուս հարցադրումը՝ բա առաջնագիծ ինչու չէիք գնացել»:
Մանուկյանի համոզմամբ՝ այս հարցերը հնչում այն մարդկանցից, որոնք թիկունքում հիմնականում կազմակերպիչներ ունեն: «Այն պարագայական գործողությունները, որոնք Նիկոլ Փաշինյանն է իրականացնում, ասում եմ՝ նրանից հետո ցանկացած մարդ կարող է լավ կառավարել երկիրը: Մեկ ընտանիք կառավարող մարդը շատ ավելի լավ կկառավարի երկիրը, քան Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա և մեկնաբանեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռատեսական չի գործում, իսկ կուտակված խնդիրները շատ են:
Դատավորներին խորհրդակցության հրավիրելու մասին Մանուկյանը մեկնաբանեց՝ եթե դատավորները կարող են նահատակված զինվորների աճյունների տեղափոխման հարցով օգտակար լինել կամ գեթ մեկ քայլով կարող են սահմանների անվտանգության, ճշգրտման հարոցով օգտակար լինել, ապա կարող էր ասել, որ քննարկումն արդարեցված էր, սակայն դատավորները դատավճիռ արձակելու համար են:
«ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ մեղադրանքներ առաջադրելու համար է, մի մեղադրանք էլ ինձ է առաջադրել: Անցնող 2,5 տարին ցույց տվեց, որ Սասուն Խաչատրյանը կարող է օրինակ՝ այս սալահատակին մեղադրանք առաջադրի, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանա և կարծի, որ այս սալահատակը հակահեղափոխական է»,-ասաց նա:
Ռազմագերիների փոխանակման խնդրի չլուծման մասով էլ վերջինս նշեց, որ երեկ ռազմագերիներից մեկի հայրն է եկել, բորբոքված, առողջական վիճակը վատացել է, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են, այսօր կրկին եկել է՝ ասել, որ Կառավարությունից կանչել են, սակայն ավելի ուշ ասել են, որ հաջորդ խմբով կգնա Կառավարության հետ հանդիպման:
«Մեկ-մեկ ուզում ես տեսնել այն պաշտոնյայի դեմքը, որը գերության մեջ գտնվող զինվորի հորն ասում է՝ հաջորդ «պարտիայով» կկանչեմ հանդիպման, այդ պարտիաներով նրանք են պագևավճարներով սնվել, պարտիա են ասում ռազմագերու հորը»,-պատմեց նա և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն այնքան չի տիրապետում ստորագրված փաստաթղթին, որ ուշադրություն չի դարձրել գերիների, աճյունների վերադարձը լինի նախապայման:
Ըստ նրա՝ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մեղքը բարդում է Ռուսաստանի վրա, Ադրբեջանի վրա, ասում՝ գնացեք ՌԴ դեսպանատան դիմաց, ցույց արեք, փափուկ բարձ է դնում ժողովրդի գլխի տակ, բայց Մանուկյանը համոզված է, որ այս խնդիրը կարող էր լուծել այն երկրի ղեկավարը, որը պատասխանատու է երկրի համար և կարող էր առաջնահերթությամբ այս խնդիրը լուծել:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/dmBlMThdyHU