Անլրջություն
07 Դեկտեմբեր 2020 Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն այլ բառով, քան «անլրջություն», չես կարող բնութագրել: Միայն անլուրջ մարդը կարող էր ծանր պատերազմից և խայտառակ կապիտուլյացիայից հետո իր ժողովրդին սպառնալ նոր՝ քաղաքացիական պատերազմով: Գիտակցաբար, սառը մտածողությամբ է նա անում դա, թե էյֆորիկ հոգեվիճակում, արդեն կարևոր չէ: Նա հստակ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ հեռանալու և գնալու է մինչև վերջ, իսկ եթե Վազգեն Մանուկյանն էլ աննահանջ վճռականություն հանդես բերի, քաղաքացիական պատերազմ կբռնկվի: Կա՞ արդյոք լրջություն Տեր-Պետրոսյանի այս եզրահանգման մեջ, եթե այդ մարդը հաջորդ նախադասության մեջ արդեն պետք է արձանագրի. «Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա»: Կուզենայի հասկանալ՝ ո՞րն է այդ դեպքում Վազգեն Մանուկյանի և նրան անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրած քաղաքական ուժերի մեղքը, եթե Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտության (ես կասեի Հայաստանի Հանրապետության պարտության) ողջ պատասխանատվությունն ընկած է Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած թեթևսոլիկ կառավարության վրա: Գուցե պետք էր կարմիր գո՞րգ փռել Փաշինյանին վերջին անգամ գնաս բարով ասելու համար:
Տերպետրոսյանական մանիպուլյացիաները որքան հմուտ, նույնքան էլ ցցուն են: Նրա վերջին հոդվածի տողատակը կարդալու համար բավական է իմանալ՝ ով է ինքը, ով է Նիկոլ Փաշինյանը, և ինչ առնչություններ ունեն իր և Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժերը, որոնք ըստ էության նույնն են՝ տարբեր փաթեթավորումներով: Այդ երկուսին միավորում է «լավագույն պաշտպանությունն անպաշտպան լինելն է» կեղծ թեզը, որ, ցավոք, արցախյան հաղթական ազատամարտից հետո անգամ արմատախիլ չարվեց մեր միջից: Պետականաքանդության հիմքում ընկած այդ քայքայիչ կարգախոսը, որ մոռացվել էր գրեթե 2 տասնամյակ, տերպետրոսյանական գզրոցներից պեղեց Նիկոլ Փաշինյանն ու դարձրեց իրականություն: Եվ այսօր անպաշտպան են թե՛ Արցախը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ հայ ժողովուրդը: Կարծում եմ՝ պետք չէ ռազմագիտական հատուկ գիտելիքներ ունենալ հասկանալու համար, թե Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից ինչ էր Արցախի hանրապետության պաշտպանության բանակը մինչև 2020թ. Սեպտեմբերի 27-ը և ինչ ունենք հիմա, հանուն անվտանգության՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո: Ու եթե այս ամենին հավելենք այն պնդումները, որ Փաշինյանը Պաշտպանության բանակը միտումնավոր է տարել խայտառակ պարտության ու կազմալուծման, պարզ կդառնա, թե ինչու է Տեր-Պետրոսյանն այսօր «բարեխոսում» Փաշինյանի համար և նրա հեռացումը պահանջող հանրությանը սպառնում քաղաքացիական պատերազմով:
Բ ա չե՞ք ասի՝ ՀՀ առաջին նախագահին կոշտ են թվում Վազգեն Մանուկյանի հետևյալ հայտարարությունները.
– «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»:
– «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»:
Ես կասեի՝ Վազգեն Մանուկյանը մի բան էլ մեղմ է արտահայտվել այն մարդու հասցեին, որ մի ամբողջ ժողովրդի 30 տարվա ստեղծածը 2,5 տարում վաճառեց շան մսի գնով ու աչքն էլ չթարթեց: Մենք այսօր նույնիսկ ԼՂԻՄ չունենք, մենք ամեն օր զրկվում ենք Հայաստանի Հանրապետության նորանոր տարածքներից, ամեն օր Հայաստանի նորանոր բնակավայրեր ու տարածքներ են դառնում սահմանամերձ, մեզ կարող են զրկել Իրանի հետ սահմանից, կարող են Հայաստանից կտրել Սյունիքն ամբողջությամբ: Ու դեռ պետք է Նիկոլ Փաշինյանին, ինչպես Տեր-Պետրոսյանն է հորդորում, «խաթրով հեռացնե՞լ»:
Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ նրա հետ նաև Նիկոլ Փաշինյանը պետք է մի բան էլ գնահատված զգային իրենց, որ «Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ, որոնցից առաջին տեղում է կամավոր հեռացումը: Բայց Տեր-Պետրոսյանը Տեր-Պետրոսյան չէր լինի, եթե գլխիվայր չշրջեր իրականությունը և չգրեր. «Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն»: Ի՞նչ ասել Վազգեն Մանուկյանի գլխավորած բազմահազարանոց խաղաղ երթից այսպիսի տպավորություն ստացած Լևոն Տեր-Պետրոսյանին:
Անձամբ եմ մասնակցել երթին և կարող եմ ցրել ՀՀ առաջին նախագահի այդ մտահոգությունը: Նա պարզապես ստում է՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ահաբեկման ինչ-որ «զազրելի արարքի մասին»: Ավելին, ես կարող եմ ասել, որ Տեր-Պետրոսյանի այդ մտահոգությունը հակառակ համեմատական է իրականության ճիշտ ընկալման հետ, որովհետև ոստիկանական կարդոնները, որոնք հսկում էին Նիկոլ Փաշինյանի անդորրը Պռոշյան փողոցի ողջ երկարությամբ, առանձնապես աչքի չէին ընկնում իրենց զինավառությամբ ու զինտեխնիկայով: Մի՞թե սա ապացույց չէ այն բանի, որ ՀՀ անվտանգության ծառայությունները վստահ էին, որ Փաշինյանի ընտանիքի դեմ ոչ մի «զազրելի ահաբեկչություն» էլ չէր կարող տեղի ունենալ:
Եվ կրկին անդրադառնամ Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե «Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի (անզիջում, Էդ.Ա.) դիրքորոշում է որդեգրել նաև Փաշինյանի կողմը»: Ո՞րը պետք է լիներ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն այս դեպքում՝ քաղաքացիական պատերազմով սպառնալ Վազգեն Մանուկյանին ու երկրի ճգնաժամային կառավարման ղեկը նրան վստահած քաղաքական ուժերի՞ն, թե՞ Փաշինյանին հորդորել՝ գիտակցելու իր արարքի ողջ ծանրությունն ու կորչել քաղաքական դաշտից ընդհանրապես: Իմ կարծիքով՝ վերջին տարբերակը քաղաքացիական պատերազմից խուսափելու և նոր արյունահեղություն չսադրելու ամենակարճ և ամենահեշտ ճանապարհն է:
Տեր-Պետրոսյանը, սակայն, խոսում է Փաշինյանի հեռացման «բացառապես սահմանադրական ճանապարհի» մասին, ինչն այսօր ընդունելի չէ մի քանի առումներով: Նախ՝ Հայաստանի Հանրապետությունը կրկես չէ, որտեղ ծաղրածուներին ամեն անգամ պետք է հետնաբեմ ճանապարհել ծափողջյուններով: Չանեինք դա առաջին անգամ, այսօր ՀՀ առաջին նախագահը, որի քաղաքական թիմն այնքան պերճախոս ձևով ներկայացված է Փաշինյանի իշխանության մեջ, այսքան ցինիկ չէր լինի և կստանձներ իր քաղաքական ձիանոցում կրթված Նիկոլ Փաշինյանի մեղքերի գոնե մի մասի պատասխանատվությունը: Եվ ուրեմն՝ կարիք չկա Նիկոլ Փաշինյանի հեռանալու արարողության համար երաժշտություն պատվիրելու: Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր հավելյալ ժամն այսօր բախտորոշ կարող է լինել Հայաստանի Հանրապետության մնացորդացի համար:
Եվ ապա՝ ոչ մի հակասահմանադրական բան չկա Վազգեն Մանուկյանի հայտարարությունների և Նիկոլ Փաշինյանի կողմից երկրի ղեկը ճգնաժամային կառավարությանը փոխանցելու մեջ: Ամեն ինչ ավելի քան հստակ է՝ պարտված, խայտառակված, երկիրն անդունդի եզրին հասցրած Փաշինյանը պետք է հեռանա, որից հետո ամեն ինչ հերթով ու կարգով կգնա առաջ, ընդհուպ մինչև ազատ ու թափանցիկ համապետական ընտրությունների կազմակերպում և, այսպես ասած, մնայուն իշխանության ձևավորում: Մնացած ամեն ինչ, որ դուրս է այս ճանապարհային քարտեզից, պարզունակ մանիպուլյացիա է և այլ կերպ, քան անլրջություն չի կարող որակվել:
Էդիկ Անդրեասյան