ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեի հայտարարությունը
07 Դեկտեմբեր 2020
Հարգելի՛ սյունեցիներ,
Նոյեմբերի 9-ի պարտվողական, Արցախի և ՀՀ-ի ապագան վտանգող համաձայնագրից հետո ամենատարբեր լսարաններում, մակարդակներում և երկրներում քննարկվում են Սյունիքի ներկայի և ապագայի հետ կապված նախագծեր, գաղափարներ, սահմանային հարցեր:
Քննարկումներն ունեն տարբեր պատվիրատուներ, շահառուներ, նպատակներ, ինչը բնական է՝ հաշվի առնելով, որ Սյունիքը տարածաշրջանում կարևոր աշխարհաքաղաքական գործոն է: Որքան էլ տարօրինակ է, այդ քննարկումներում բացակայում են վարչապետ Ն. Փաշինյանը, իշխանության մյուս ներկայացուցիչները, որոնց դիրքորոշումների բացակայությունը առողջ կասկածանք և մտահոգություն է առաջացնում սյունեցիների մոտ:
Նոյեմբերի 9-ից մինչ այսօր որևէ պաշտոնատար անձ չի արտահայտել իշխանության տեսակետը՝ կապված Սյունիքի սահմանների, ճանապարհների անվտանգության, բնակչության պաշտպանվածության հետ, որը կարող է նշանակել կամ անտարբերություն Սյունիքի ապագայի նկատմամբ, կամ հերթական դավադիր ծրագիր: Տեսնելով իշխանությունների անգործությունը՝ Սյունիքի ընտրյալ համայնքապետերը և ավագանիների անդամները, ցուցաբերելով անհրաժեշտ պատասխանատվություն, իրենք են կազմակերպել Սյունիքի սահմանների պաշտպանությունը, ճանապարհների անվտանգությունը, բնակչության ապահովությունը, և օրեցօր համոզվելով Փաշինյանի կառավարության անկարողության մեջ, պահանջել են Փաշինյանի և Կառավարության հրաժարականը, որպես ՀՀ-ի և Սյունիքի փրկության անհրաժեշտ պայման:
ՀՅԴ «Լեռնահայաստան» մարզային կոմիտեն միանում է Ն.Փաշինյանի հրաժարականի պահանջին և սատարում ցանկացած նախաձեռնության, որի նպատակը Սյունիքի ապահովությունն է և զարգացումը:
Հարգելի՛ սյունեցիներ, այսօր մենք ապրում ենք մեր պատմության ամենավճռորոշ պահերից մեկը, ուստի կոչ ենք անում բոլոր սյունեցիներին, հատկապես ԱԺ-ի սյունեցի պատգամավորներին, պետական պաշտոնյաներին համախմբվել անվտանգ և ապահով Սյունիքի գաղափարի շուրջը, կանգնել Սյունիքի և սյունեցու կողքին, վճռական ոչ ասել Ն. Փաշինյանին և նրա կառավարությանը:
Բոլորս, անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական կողմնորոշումներից, պետք է հստակ գիտակցենք՝ բոլոր կառավարությունները ժամանակավոր և անցողիկ են, հավերժ և մնայուն են հողն ու պետականությունը: Միավորվենք հանուն հողի և պետականության: Մեր միակամությամբ և վճռականությամբ ապացուցենք, որ արժանի հետնորդն ենք Անդոկ Սյունեցու, Դավիթ Բեկի, Գարեգին Նժդեհի և այլ մեծանուն սյունեցիների:
Կեցցե այն Հայաստանը, որը Նիկոլ Փաշինյանից հետո է գալու, կեցցե Սյունիքը, կեցցե արժանապատիվ սյունեցին: