Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում մեկնարկել է Արժանապատվության երթը
14 Դեկտեմբեր 2020
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան զբոսայգուց այսօր, դեկտեմբերի 14-ին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների Արժանապատվության երթը: Երթի մասնակիցները պարերաբար կոչ էին անում միանալ երթին, միանալ և ոչ ասել Նիկոլին: Նրանք վանկարկում էին «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»:
ՀՅ Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց համախմբել ողջ ուժերը և հեռացնել ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանին: «Այս օրերին Նիկոլ Փաշինյանը և իր շրջապատի որոշ անմեղսունակներ փորձում են մանիպուլյացիների միջոցով համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը հանրային պահանջ չէ, և Նիկոլ Փաշինյանը ունի մեր ժողովրդի աջակցությունը: Մենք պետք է ապացուցենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի աջակցություն»,-ասաց Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը նշեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը չգիտակցեց, որ պետք է հեռանա այդ պաշտոնից, միասին պետք է այդ պաշտոնը հեռացնենք Նիկոլից: «Մեր գործողությունների արդյունքում պետք է ամբողջությամբ խաթարվի պետական ապարատի գործողությունները»,-հարցրեց նա երթի մասնակիցներին և ստացավ դրական պատասխան:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ այն, ինչ կատարվում է Հայասանում, կարելի է 2 բառով բնութագրել` մարդիկ պատրաստ են և պայքարելու են ոչ միայն իրենց ֆիզիկական անվտանգության համար, այլ պայքարելու են նաև իրենց պատվի և արժանապատվության համար: «Հայաստանում ստամոքսի և ոգու պայքար է, և հայի ոգին հաղթելու է»,-ասաց նա:
Փաշինյանը մարդկանց լռությունը մեկնաբանում է հօգուտ իրեն, նա համարում է, որ բոլոր նրանք, ովքեր այսօր այս պահին այստեղ չեն, իր կողմնակիցներն են: Դրա համար կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին միանալ մեզ, սա պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի․ երթի ժամանակ նշեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Մասնակիցները երթով անցան Հր. Քոչար, Բաղրամյան, Սայաթ Նովա փողոցներով: Այնուհետև եղան Հանրապետության հրապարակում:
Սուրբ Աննա եկեղեցու բակում հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմեց Արժանապատվության երթի մասնակիցներին.
«Այս պայքարն իսկապես մեր հայրենիքի համար է, որ ոտքի կանգնենք, գնանք առաջ: Մի խոչընդոտ կա, Նիկոլ Փաշինյանը խոչընդոտ է, այդ խոչընդոտը պետք է մի կողմ գցել և շարունակել գնալ առաջ»,- ասաց Մանուկյանը:
Նա ցանկություն հայտնեց լսել եկեղեցու բակում հավաքվածների կարծիքները, թե ի՞նչ պետք է անել այսուհետև:
«Մի բան հաստատ է, Նիկոլը գնալու է, բացի իրենից, բոլորը դա գիտեն: Երբեմն մարդիկ դժգոհում են, ասում են՝ փողոցներով քայլում ենք այս կողմ, այն կողմ, հանրահավաք ենք անում, վճռական գործողություն անենք: Հաշվի առեք, որ վճռական գործողությունն այն է, որ այսպիսի երթերի, հանրահավաքների միջոցով ողջ ժողովուրդը լինի մի կողմում, Նիկոլը՝ մյուս կողմում: Դա է հաղթանակը»,- ասաց Մանուկյանը և վստահեցրեց, որ հասնելու են հաղթանակի:
Ընդդիմության վարչապետի թեկնածուն պնդեց, որ շատ բան ստիպված են լինելու սկսել 0-ական կետից:
«Մեր առջև նորից խնդիր կկանգնի երբեմն 0-ից որոշ հարցեր բարձրացնել, նորից դառնալ երկիր, հզորանալ, տարածաշրջանում ունենալ ազդեցություն, և հայ ժողովրդի պատիվը բարձր պահել, որովհետև հիմա խաթարված է այդ պատիվը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Հայտարարվեց, որ երթը կշարունակվի վաղը, դեկտեմբեր 15-ին ժամը 17:00-ին Սասունցի Դավթի արձանի մոտից։
https://youtu.be/PywgluUeG3I