Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը եւ երթը
19 Դեկտեմբեր 2020
Այսօր, դեկտեմբերի 19-ին Ազատության հրապարակում մեկնարկեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Բացելով հանրահավաքը ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը նշեց․ «Ըստ էության, մեր ողբերգությունն սկսվեց 2.5 տարի առաջ, ճիշտ այն ժամանակ, երբ հնարավորություն ստեղծվեց, որ իշխանություն ստանձնի մեկը, որ իր ողջ արժեհամակարգով, իր էությամբ եկել էր քայքայելու մեր պետականությունը»։
Նրա խոսքով, հայ ժողովրդի սուգը սկսվել է պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը, երբ բոլորը հասկացան, որ ծխի ու մառախուղի ներքո ուղղակի դավադրություն և դավաճանություն է կատարվում, երբ հասկացան, որ սեփական աթոռը պահելու համար երկրի թիվ մեկ պետական «դավաճանը» զոհաբերության է տանում հայ զավակներին։
Ըստ ՀՅԴ ԳՄ անդամի, «ստահակ» և «դավաճան» Նիկոլ Փաշինյանը տեղ չունի Հայաստանում։ Նա նկատեց, որ հանրահավաքի մասնակիցները հավաքվել են կոտրված մեջքով, ծանրացած խղճով, քանի որ հազարավոր զոհված տղաները թռիչքներ ունեին, երազանքներ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իր խոսքը սկսեց տերունական աղոքթով, ապա դիմեց ժողովրդին․ «Իմ ցանկությունն այն է, որ մեր հայրենիքի ամբողջականության խաթարման պատասխանատուն հեռանա և մեզ թողնի, հնարավորություն ստեղծի մեր մեջքը շտկելու: Մենք միայն այսօր չէ, որ սուգի մեջ պետք է լինենք, մենք 84 օր սգի մեջ ենք՝ մղկտալով ամեն մի զոհված զինվորի համար, ամեն մի թիզ հողի կորստով: Այսօր թշնամին հասել է Սյունյաց սահմաններ, ոտքով մտնում է, թիզ առ թիզ հաշվում է: Մեզ ասում են, թե ոչ մի միլիմետր չենք զիջելու: Զիջելու տե՞ղ է մնացել»։
Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, բայց հայրենիքի կորստի հետ հաշտվելու հնարավորություն չունի։
Ելույթով հանդես եկավ վարչապետի միասնական թեկնածուՎազգեն Մանուկյանը։ Նրա խոսքով, այսօր տխուր օր է, քանի որ չկան երիտասարդների վառվռուն աչքերը։
«Առաջին պատերազմի մասնակիցների և զոհվածներից շատերի հետ ես ծանոթ էի, ընկեր, և մենք կիսվում էինք մտքերով։ Եվ իրենք պատգամ են թողել, իրենք երազանք ունեին, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր և ազդեցիկ երկիր, որտեղ կայնքը կլինի արդար, բարեկեցիկ։ Նույն մտքերով էին տոգորված նաև այն տղաները, որոնք մասնակցեցին այս պատերազմին։ Նրանք զոհվեցին այս տարօրինակ պատերազմում, որը, շատերը արդարացիոեն նշում են ծախված պատերազմ»,- այսօր անցկացվող հանրահավաքի ընթացքում նշեց վարչապետի միասնական թեկնածուն։
Ըստ Վազգեն Մանուկյանի, այս պատերազմը կարող էր և չլինել։ Նա նկատեց՝ կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր, որ բոլոր բանակցությունները տապալվեցին, բոլոր դաշնակիցները կորսվեցին։
Իր խոսքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Մեր սուգը կտևի երկար և հավերժ, եթե չպայքարենք։ Մենք հանձնվելու իրավունք չունենք, ծնկի գալու իրավունք չունենք, հանձնելու հայրենիք չունենք։ Պետք է ոտքի կանգնել ու վերականգնել արժանապատվությունը, պետք է հավատալ երկրին ու ապագային»։
Իշխան Սաղաթելյանը եւս մեկ անգամ հիշեցրեց շարժման հետագա քայլերի հաջորդականությունը։
Իր ելույթում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ասաց, որ այսօր ողջ հայությունը ողբում ու ցավում է կատարվածի համար։
Ըստ Գագիկ Ծառուկյանի, իշխանություններն այսօր խաբում են անհետ կորածների, գերիների ընտանիքներին, փորձում են ժամանակ ձգել, որ կարողանան սառեցնել իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, չի մոռացվում, ջուր չի դառնում։
«Այսօր աշխարհով մեկ ոչ մեկ չի ցանկանում աշխատել այս վարչապետի հետ, ոչ մի քայլ չի կատարվում։ Վայրկյան շուտ իր հրաժարականը օգուտ է երկրին, ժողովրդին, պետությանը, տնտեսությանը։ Մեծ խնդիրներ ու պրոբլեմներ կան, ու որքան շուտ գնան, այդքան շուտ կլուծենք դրանք»,- եզրափակեց խոսքը Գագիկ Ծառուկյանը։
Ելույթ ունեցան նաեւ արցախյան վերջին պատերազմի մասնակիցներ եւ նահատակված հայորդիների հարազատներ։
Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ պատարագ մատուցվեց՝ ի հիշատակ Արցախի պատերազմում զոհված նահատակների։
Տերունական աղոթքից հետո, Պարգև Սրբազանը դիմելով ներկաներին՝ ասաց․ «Այսօր մենք ձեզ հետ միասին սգո արարողություն ենք կատարում ի հիշատակ մեր սուրբ նահատակների։ Ավետարանական ճշմարտություն կա՝ երանի նրան, ով կյանքը կտա ընկերոջ համար, ավելի երանի նրան, ով կյանքը կտա ազգին, հայրենիքին։ Այսօր մեր երկնային սրբերի բանակն ավելացավ 5 հազարով, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքին։ Նահատակներն ամենաթանկագինն ու ամենապայծառն են երկնքում, որովհետև նրանք գիտակացաբար գնացին դեպի մահ՝ մահով ապահովելով հարվերժությունը։ Այսօր մենք ոգեկոչելով մեր երեխաների հիշատակը՝ պետք է նրանց երազանքը կյանքի կոչենք։ Այո, ծանր, վտանգավոր վիճակում ենք գտնվում, հաղթում է նա, ով չի ընկճվում»։
Նա ընդգծեց, որ ցանկացած ազգ պետք է կարողանա փորձությունները հաղթահարելու կամք ցուցաբերել։
«Պետք է կարողանանք իմաստուն որոշումներ կայացնել, չլինենք սև ու սպիտակ, կարմիր ու դեղին, միայն միաբան ու համազգային ուժերով կկարողանանք հարթել մեր ապագան։ Մեր ճակատագիրը չպետք է թողնենք ուրիշներին, մենք պետք է այն կառավարենք, մենք ունենք այդ հնարավորությունը։ Ժամանակն է համախմբվելու, սթափվելու և առաջ գնալու։ Թող Աստված մեր նահատակների հոգին լուսավորի, նրանց հարազատներին Սուրբ հոգով մխիթարություն պարգևի։ Մեզ էլ համբերություն, ուժ, կարողություն, հավատք, զգոնություն»,- եզրափակեց արքեպիսկոպոսը։