Ժամանակավոր կառավարությունը վերականգնելու է մեր արժանապատվությունը. Արծվիկ Մինասյան
22 Դեկտեմբեր 2020
Հանրապետության Հրապարակում 18։00-ին վերսկսվեց հանրահավաքը։ «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը իր ելույթում դիմեց պետական կառավարման համակարգի աշխատողներին՝ նշելով, որ նրանք վերջին 2.5 տարում միշտ բողոքել են, որ ունեն անգրագետ նախարարներ, փոխնախարարներ որոնք գործից չեն հակսնաում:
«Մեծ մասդ, սակայն, հանդուրժել է դա: Ձեր հանդուրժելու պատճառով փլվել է Հայաստանի պետական կառավարման համակարգը, այդ փլուզման հետևանքն է պատճառը, որ պարտվել ենք պատերազմում: 2.5 տարի լռել եք արայիկհարությունյաների, ռոմանոսների, այդ անունների տիրապետության տակ, ձև եք տվել, թե պետական համակարգի մաս եք, դուք ստրուկ եք դարձել»,- ասաց նա և հավելեց, որ նրանց ժամանակը սպառվում է և որ նրանք կամ պետք է ըմբոստանան, կամ մասնակիցը դառնան այն դավաճանությանը, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը:
«Հայրենիքը ծախվեց նաև ձեր լռության պատճառով, մի՛ շարունակեք լռել: Դրա համար այսօր կառավարության շենքի շրջափակումը ժամանակավոր դադարեցնում ենք: Նորից ենք դիմում բոլորիդ, ուշքի եկեք, պետական համակարգի աշխատողներ, պարգևավճարները սպառվում են: Այս անուղեղ ապաշնորհ կառվարությունը վաղը փող չի ունենալու, որ թոշակ տա, պարգևավճարը կմոռանաք վերջնականապես»,- ասաց նա:
Այսօր ավելի քան երբևէ հայ ժողովուրդը պետք է բռունցք լինի մեր հայրենիքը փրկելու համար, մենք միասին «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ էինք տվել, որ մինչև ժամը 18:00-ն պատրաստ ենք հանդիպել խմբակցության ղեկավարության հետ՝ միասին քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Ցավոք, այս մարդիկ այս պահին ևս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
Նա նշեց, որ դա իրենց ավելի վճռական ու ամուր է դարձնում և որ իրենք այս պահից սկսած աշխատանք ունեն անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ:
Իշխան Սաղաթելյանը իր ելույթում ընդգծեց․ «Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քյալը» խմբակցության պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում: Եթե հանրային պահանջը իրենք չեն գիտակցում, ուրեմն ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից ու պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, մենք միասին պետք է հասկացնենք»։
Նա շեշտեց, որ իրենք պատրաստ ենք շուրջօրյա հանրահավաքների և ցույցերի. «Եթե մեր պահանջն այսօր չի բավարարվելու, մենք գիշերը մնալու ենք հրապարակում: Հանրահավաքը շարունակվում է, տրամադրվեք, մեզնից մի մասը գիշերելու է այստեղ, վաղվա քայլերի ու գործողությունների մասին կասենք ավելի ուշ»,- ասաց նա և հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց երբեք չընկրկել, շատ վստահ լինել, որ հաղթանակը շատ մոտ է:
Այսօր զինվորի ծնողը սպասում է, թե երբ է գալու վրեժի ժամանակը, մենք ժամանակ չունենք սպասելու, որովհետև մեզ սպասում է շատ ավելի մեծ փորձություն, մեզ սպասում է հայոց պետականության կորստի փորձությունը․ Հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք զգում են այս վտանգը, պետք է գան ու միավորվեն ազգի այս նվիրյալներին, որոնք այս ցուրտ օրը կանգնել են և պահանջում են արժանապատվություն: «Այդ արժանապատվությունը այսօր պահանջում է ընդամենը 2 կարևոր գործողություն՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հեռացում, և արժանապատվությունը վերականգնող ժամանակավոր կառավարության ձևավորում»,- հայտարարեց նա:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Փաշինյանի ապատեղեկատվությունը նրանում է, թե տեսեք, 2018 թվականին դուք մեզ բերեցիք իշխանության, իսկ այս մարդիկ ուզում են խլել ձեզնից իշխանությունը: «Դա սուտ և կեղծ թեզ է: Հայրենիքը դավաճանած, 5000-ից ավելի զոհ տված, 10 հազարից ավելի հաշմանդամ դարձրած, հարյուր հազարավոր տնավեր ընտանիքներն այսօր սպասում են վրեժի՝ հանդեպ թուրքի, բայց սա չի նշանակում, որ ժամանակավոր կառավարությունը եկավ ու պատերազմ է լինելու, մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը արժանապատիվ բանակցությունների միջոցով»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ սահմաններին՝ նա նշեց, որ ՀՀ պետական սահմանը պետք է հիմնված լինի միջազգային պայմանագրի վրա, այսօր ոչ մի միջազգային պայմանագիր չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև, հետևաբար, այն, ինչ ուզում է անել Նիկոլ Փաշինյանը և փորձում է հիմնավորել, ոչ միայն օրինական չէ, այլ քրեական հանցագործություն է, որը ներկայացված է դատախազություն:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ պարզվում է՝ հայ ժողովուրդը շատ բարի ու օրինապաշտ է, քանի որ ցանկացած այլ դեպքում, երբ հայրենիքը նման իրավիճակում գցեին, այդ ղեկավարը երկու-երեք օր չէր մնա։
«Մենք գնում ենք օրինական, բարի ճանապարհով։ Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն այն հասցրեց ամենածանր վիճակի, կարող էր պատերազմը ավելի շուտ կանգնեցներ, բայց կանգնեցրեց այն պահին, երբ մենք ունենանք ամենամեծ կորուստը, դուրս գալուց նույնն է անելու։ Ինքը դուրս կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը, դա բնավորություն է, խասյաթ է։ Մեզանից է կախված, որ այդ գործընթացն արագացնենք, մենք հիմա գնում ենք հանդարտ օրինական ճանապարհով, բայց ինքը չպետք է մնա»,- նշեց Վազգեն Մանուկյանը։
Հանրահավաքն ընդմիջվեց երթով։ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ երթից հետո կվերադառնան հրապարակ։ Կլինի խարույկ և երաժշտություն։