Եթե Արամը կարողացավ՝ այսօր ևս հնարավոր է հավատալ մեր ժողովրդի արարող ուժին
29 Հունվար 2021
Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրը, դաշնակցական և պետական մեծ գործչի արձանի մոտ այսօր, հունվարի 29-ին հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել ՀՅԴ անդամները։
ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանն ասաց, որ հավաքվել են իրենց խոնարհումը բերելու նորագույն ժամանակաշրջանի հայոց պատմության ամենակարկառուն, ամենաերևելի, միաժամանակ նաև դեռևս քիչ գնահատված մեծագույն հայի՝ Արամ Մանուկյանի, հիշատակին։
«20-րդ դարի սկզբին, երբ թվում էր, թե հայությունը ուժեղ հարված է ստացել և վերականգնվելու որևէ շանս և հնարավորություն չկա իբրև ազգ, իբրև ժողովուրդ, Արամն էր և Արամի նման մտածող գործիչներն էին, որ անձև քաոսից կերտեցին պետականություն, վերականգնեցին հավատը, հույսը և կարողացան իրենց օրինակով, անձնվեր աշխատանքով ապացուցել, որ կարելի է կերտել պետականություն, այս տարածաշրջանում կրկին անգամ վեր հառնել։ Այն ավանդը, որ ունեցել է Արամ Մանուկյանը մեր պետականության մեջ, դեռ խորապես արժևորված չէ»,-ասաց Արսեն Համբարձումյանը։
Նա նշեց, որ, այսօր մեր կողմից դիմագրավվող մարտահրավերները նկատի ունենալով, կարծում է՝ Արամ Մանուկյանի ապրած կյանքը և գործունեությունը նորովի վերարժևորելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք այս ծանր իրավիճակից լուծումներ գտնել և դուրս գալ։
«20-րդ դարի սկզբին, երբ հայությունը ցեղասպանվել էր և մենք ամեն ինչ կորցնելու վտանգի առջև էինք կանգնած, եթե կարողացանք մեր մեջ ուժ գտնել, հավատալ մեր սեփական ուժերին, այսօր առավել ևս հնարավոր է մի կողմ թողնել այս հիասթափությունները, անկումային տրամադրությունները և հավատալ մեր ուժերին, հավատալ մեր ժողովրդի արարող ուժին, մեր պետականությանը և կերտել այնպիսի հայրենիք, որի համար հպարտ կլինենք բոլորս»,-նշեց Արսեն Համբարձումյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
https://youtu.be/vQUXxdxrWfI
https://youtu.be/LWUlTXGlh8Q