Դիպլօմատ հրէշներ
02 Փետրվար 2021
Հասարակական կեանքի մէջ պատահում են այնպիսի անակնկալ դժբախտութիւններ, այնպիսի ահռելի չարիքներ, որ շշմեցնում են ամենամեծ յոռետեսին անգամ …. Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ մեր ներկայ կեանքի մէջ յոռետեսի երեւակայած սահմանն էլ ոչնչանում է, եւ չարիքը տարածում է իր թեւերը աւելի հեռու ու հեռու…
Ամէն անգամ, երբ առիթ ենք ունեցել խօսելու եւրոպական դիպլօմատիայի մասին, որը պաշտօնապէս իր «հովանաւորութեան» տակ է առել Արեւելքի քրիստոնեաներին, մենք, հեռու որեւէ յոռետեսութիւնից, յենւած միմիայն պարզ իրականութեան վրայ, պնդել ենք միշտ, որ ոչ մի դիպլօմատի համար գոյութիւն չունին ո՛չ քրիստոնէական, ո՛չ մարդասիրական, ո՛չ քաղաքակրթական եւ ո՛չ այլ նոյնանման նպատակներ: Մենք ընդունում էինք, որ դիպլօմատիան կարող է ոչ թէ միայն չօգնել մեզ, անտարբեր մնալ, այլ մինչեւ իսկ վնասել մեզ, աշխատել կանգնեցնել ծնունդ առած շարժումը, եթէ այդ իր շահերին վնասակար նկատւի: Բայց մենք եւ մեզ հետ նոյնիսկ ամենամեծ յոռետեսները դժւար թէ կարող էինք երեւակայել, որ քաղաքակիրթ աշխարհի «քաղաքակիրթ» ներկայացուցիչները հասնէին անխղճութեան, տմարդութեան ու լրբութեան այն ծայրայեղ աստիճանին, որի վրայ նրանք կանգնած են այժմ, եւ ոչ թէ միայն մեր, այլեւ ամբողջ Արեւելեան հարցի վերաբերմամբ:
Եւրոպական դիպլօմատները «գթութեան քոյրերի» նման շրջապատել են «հիւանդ մարդուն» եւ, ամենաաններելի միջոցներ գործի դնելով, աշխատում են պահպանել նրա նեխւած կեանքը.«I homme malade»-ը (հիւանդ մարդը) դարձել է «enfant gâté»(երես առած երեխայ), որին պահում, պահպանում, շոյում, փայփայում են ամէն կողմից: Հոգատար դիպլօմատները ամենայն յաջողութեամբ մրցում են իրար հետ այդ ասպարեզում: Մէկն իր արջի թաթի զօրութեամբ միջոց է տալիս նրան կոտորելու, ջարդելու տասնեակ հազարաւոր հայեր՝ երկրի «խաղաղութիւնը» վերականգնելու համար: Միւսը իր հաստ գրպանն է բաց անում եւ առաջարկում իր ոսկիները` տնտեսական բացարձակ քայքայումից ազատելու համար, երրորդի նախաձեռնութեամբ ընդհանուր ճնշում են գործ դնում ու սպառնալիքներ կարդում ապստամբ կրէտացիներին: Ճնշում են Յունաստանին, որ անուղղակի կերպով օգնում է իր արիւնակից եղբայրներին, ճնշում են Բօլգարիային, որ չի խանգարում մակեդոնական շարժմանը…. Բայց ոչ մի տեղ, ոչ մի պարագայում եւրոպական դիպլօմատը չարտայայտեց իր էութիւնը այնքան ստոր, զզւելի եւ կոպիտ կերպով, ոչ մի տեղ նա ցոյց չտւեց իր բարոյական այլանդակութիւնը այնքան շօշափելի փաստերով, որքան Վանի եւ ընդհանրապէս Վասպուրականի վերջին աղետալից դէպքերի ժամանակ:
Մուտք գործելով Տաճկահայաստան, շփւելով յաճախակի վայրագ կառավարութեան հետ`դրանք կարծես թէ մոռանում են իրենց ծագումը, մոռանում են այն միջավայրը, ուր ծնւել ու սնւել են, մոռանում են այն դարը, որի մէջ ապրում են: Առանց խղճահարութեան, առանց ամօթի, բացարձակ կերպով պաշտպան հանդիսանալով սուլթանի կառավարութեան`դրանք ամենանենգ ճանապարհներով ստիպում են յեղափոխական գնդերին հեռանալ քաղաքից: Դրանք մատնում են այդպիսով անզէն ժողովրդին վրէժխնդիր զինւորների ու վայրագ խուժանի կատաղութեան, իսկ յեղափոխական գնդերին՝ Պարսկաստանի ճանապարհի վրայ պատրաստւած զինւորների եւ համիդէականների անհամար բազմութեան:
Կոտորածի այդ սարսափներից յետոյ նրանք դեռ համարձակւում են ամբողջ յանցանքը բարդել հայերի վրայ, մեղմացնել կառավարութեան եւ բաշիբօզուկների վոհմակների գործած գազանութիւնները, ուրանալ քաղաքի ռմբակոծութիւնը, քաղաքի եւ շրջակաների աւերւիլը, թալանիլը, հազարաւոր զոհերի թիւը… Եւ այդ դեռ բաւական չէ, նրանք յանդգնում են հանրագրութիւններ պատրաստել հայերի կողմից, ստիպում են ստորագրել անճարացած, ահաբեկւած ժողովրդին, իբր թէ նա ինքն է մեղաւոր, որ իրեն կոտորել են, թէ նա շնորհակալ է կառավարութիւնից, որ կոտորածը չի շարունակւում… Սա արդէն չափից դուրս է, այս դէպքում մարդ դժւարանում է հաւատալ, թէ դրանք մարդկային արարածներ են եւ ոչ թէ հրէշներ` մարդկային կերպարանքով…
Վասպուրականի կոտորածի ահռելիութիւնը անյայտ մնաց շատ շատերից. դիպլօմատները կարող են դրանով պարծենալ: Բայց ռմբակոծւած տները, արիւնաներկ փողոցները, անթաղ դիակները, մոխիր դարձած գիւղերը դեռ մնայուն վկաներ են սուլթանի գազանութիւնների եւ դիպլօմատիայի լկտիութեան: Անօթի, մերկ, բոբիկ մնացած բազմաթիւ կենդանի էակների խուլ հեծեծանքը, առեւանգւածների, բռնաբարւածների ապարդիւն ճիչերը, հազարաւոր անմեղ զոհերի բարձրաձայն անէծքը… այս բոլորը դառը բողոք են Եւրոպայի հասարակական դատաստանի առաջ՝ իր ներկայացուցիչների տմարդութիւնների դէմ:
Վասպուրականն աւերւեց. սուլթանը, Շաքիրը, Սաադէտին եւ այլ փաշաներ հրճւում են: Հրճւում են եւ դիպլօմատները. նրանցից իւրաքանչիւրը հասաւ իր նպատակին: Իսկ մե՞նք…
Ճիշդ է, մենք կրեցինք սոսկալի հարւած, անհամեմատ աւելի զոհեր տւինք, քան մեր թշնամին, կորցրինք մեր լաւագոյն ընկերներից շատերին, բայց մեր ժամանակաւոր պարտութիւնը, մեր թշնամիների հրճւանքը մեզ չեն վհատեցնիլ: Տասնեակ հազարաւոր դժբախտների յուսահատական ճիչերը պահանջում են մեզանից արդար վրէժխնդրութիւն, մեր հարիւրաւոր նահատակւած ընկերների ստւերները կոչում են մեզ դէպի անձնազոհ գործունէութիւն:
Ռոստոմ, «ԴՐՕՇԱԿ»,15 օգոստոս 1896 Թիւ 19