Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Ազատության հրապարակում
20 Փետրվար 2021
Այսօր, փետրվարի 20-ին Ազատության հրապարակում մեկնարկեց Հայրենիքի փրկության շարժման բազմահազարանոց հանրահավաքը։ Օրը պատահական չէր ընտրված՝ 1988 թվականի հենց այս օրը մեկնարկեց արցախյան շարժումը։
Հանրահավաքին եկած քաղաքացիները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի մեկնարկին ընդգծեց, որ հուզիչ օր է, քանի որ 33 տարի առաջ նույնպիսի եղանակի պայմաններում տեղի է ունեցել առաջին հանրահավաքը, որով սկսվել է արցախյան շարժումը:
Արցախյան շարժումից 33 տարի անց այս պատմական հրապարակում, այս պատմական օրը մենք պետք է հայ ժողովրդի պատմության մեջ բացենք նոր լուսավոր էջ․ հանրահավաքին իր ելույթում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Դուք նաև այսօր ուժեղ ապտակ տվեցիք այս իշխանական խմբակին և նրանց, ովքեր ասում էին՝ այս շարժումը մարել է, որ ժողովուրդը համակերպվել է այս վիճակին։ Հայ ժողովուրդն իր պատմության մեջ այսպիսի ապիկար, տկար, սրիկա, անսրբություն, ստախոս իշխանություն երբեք չի ունեցել»,–ասաց նա։
«Առանց Նիկոլ Հայաստան», վանկարկում էին հանրահավաքի մասնակիցները։
Հանրահավաքին ելույթներով հանդես եկան ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։
Ազատության հրապարակում փետրվարի 20-ին անցկացվող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքով հայտարարվում է շարժման նոր սկիզբ․ հանրահավաքի ավարտին նշեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դրանով նոր էջ է բացվում հայ ժողովրդի պատմության մեջ:
«Համաժողովրդական պահանջը պետք է դառնա համաժողովրդական պայքար: Այսօրվանից սկսած «նոն-ստոպ» բողոքի զանգվածային ակցիաներ պետք է անցկակացվեն: Այժմ բաժանվում ենք 4 ուղղություների՝ Մաշտոցի պողոտա- Ամիրյան, Սայաթ Նովա- Աբովյան, Բաղրամյան, Մոսկովյան փողոցներ: Մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները: Իշխանություններին պետք է ի ցույց դնենք հեռացման պահանջը»։
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին հաջորդեց երթը Երևանի Կենտրոնի տարբեր փողոցներով։ Երթի մասնակիցները փակեցին կենտրոնական փողոցները։
Այսօր դուք այս կառավարությունում գտնվող դավաճաններն ցույց տվեցիք, որ այս շարժումը չի մարել, այն կանգ չի առնելու, այլ դառնալու է համաժողովրդական պայքար։ Փետրվարի 22-ից, ակցիաները կկրեն ամենօրյա բնույթ․ երթի ավարտին Հանրապետության Հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա ներկայացրեց մանրամասներ առաջիկա օրերի գործողությունների մասին: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ երկուշաբթի օրը, ժամը 18։00-ին Կոմիտասի Պրահայի այգու դիմաց սկսում են անհնազանդության երթ, որը տարբերվելու է մյուս երթերից, քանի որ անհնազանդության երթ է լինելու։
https://youtu.be/asTicqJQZk8