ՀՅԴ-ն, անկախ ընտրության արդյունքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցությունը լինելուց
16 Նոյեմբեր 2018
Մենք, առնվազն իմ գնահատմամբ, հավակնում ենք բավական լավ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցության» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի շանսերին:
«Պատմության ընթացքում էլ սխալ կլինի, քանի որ 128-ամյա քաղաքական ուժը, երբ շատ երկրներում ազդեցիկ դերակատարություն ունի, ներկայացված չլինի խորհրդարանում: Դա, կարծեք թե, ժողովուրդը ինքն իր ողնաշարը կոտրելու գործողություն կլինի»,-ասաց նա:
Ըստ նրա` ՀՅԴ-ն ներկա պայմաններում շատ ավելի մեծ վստահություն կունենա, քանի որ արտաքին և ներքին մարտահրավերները շատ են: «Այս ամենով հանդերձ, շատ կարևոր է Դաշնակցության պատկառելի ներկայությունը, որ կարողանանք պետության դիմադրողականությունը բարձրացնենք, մյուս կողմից՝ իշխանությանը հնարավորություն տանք, որ այդ դիմադրողականությունը օգտագործեն մարտահրավերների չեզոքացման համար»,-ասաց նա:
Հարցին, թե ՀՅԴ-ն ընդդիմության դաշտո՞ւմ է գործելու, Արծվիկ Մինասյանն ասաց.«Դաշնակցությունը միշտ հանդես է գալիս պետականության ողնաշարի դիրքերից, և նրանք, ովքեր կարողացել են գնահատել Դաշնակցությանը, համագործակցությունը ավելի սերտ է եղել, պետական ուղեգծից դուրս չի եկել»,-ասաց նա և նկատեց, որ փորձել են շփոթել պետականության ողնաշարին մոտ լինելը «կողմ լինելով դեմ լինելու հետ»:
«Մենք մի կարևոր եզրահանգման ենք եկել, Դաշնակցությունը, հետայսու, բացառելու է որևէ քաղաքական կոալիցիա, եթե իր ձայնը, դերակատարությունը վճռական չէ, այսինքն, եթե անհրաժեշտ մեծամասնությունը, ձայները կան, իմաստ չկա, որ մենք նորից, ավելորդ անգամ մտնենք այդ հարաբերության մեջ»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ այսինքն սխա՞լ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը, նախկին նախարարն ասաց. «Սխալ բառը մի քիչ կոպիտ է ասած, գուցե թերացում ասենք: Թերևս, առանձին դեպքերում ճիշտ չէ, որ մենք այն ժամանակ մտնաք կոալիցիաների մեջ, երբ դրա անհրաժեշտությունը չկար»,-ասաց նա:
Չնայած դրան` նա նշեց, որ նույնիսկ այդպիսի դեպքում, երբ ձայների տեսակետից իրենց ազդեցությունը թեև վճռական չէր, բայց իրենց ազդեցությունը եղել է շատ ավելի շատ, քան այդ ձայներ են եղել:
Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ Դաշնակցությունը ստիպված է եղել աշխատել այն իշխանության հետ, որը ձևավորել է ժողովուրդը: «Հիմա մեղադրում են իշխանության հետ համագործակցելու համար, բայց չէ՞ որ ընտրողներն են ձևավորել այդ իշխանությունը, հիմա ի՞նչ աներ Դաշնակցությունը, ճամպրուկները վերցներ մի կողմ կանգնե՞ր,-ասաց նա և նշեց, որ ՀՅԴ-ն, անկախ ընտրության արդյունքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցությունը լինելուց:
Նա ասաց, որ ներկայիս կառավարությանը ընդդիմություն չեն, քանի որ այսօրվա դրությամբ կառավարությունը գործում է այն ծրագրով, որոնք իրենք էլ են հաստատել, բայց որոշակի շեղումները եղել են, ինչի արդյունքում որոշակի քննադատությամբ են հանդես եկել:
Անդրադառնալով արդարադատությանը՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ վտանգավոր է իրավական գնահատականները քաղաքական փաթեթավորմամբ և հակառակը ներկայացնելը: Մասնավորապես, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի առումով, նա ասաց, որ Սահմանադրական կարգի տապալում արտահայտությունը պետականությանը կպած գործողություն է, և պետք է շատ զգույշ լինել, որ քաղաքական հետապնդման տպավորություն չստեղծվի:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ արտաքին ճնշումները չափազանց շատ են: «Անդրբեջանը անթաքույց վարում է մի քաղաքականություն, որ հողը դեպի իրեն քաշելով՝ առաջ է գալիս, թեև չեզոք գոտու տարածքներ են, բայց սա սպառնալիք է, ֆիզիկական սպառնալիք է երկրին»,-ասաց նա:
Լիանա Առաքելյան